Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։
«Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։
Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։
Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։
Հասարակության շրջանում անհրաժեշտ է ձևավորել ժամանակակից էկոլոգիական աշխարհայացք, որը մարդկանց շրջանում կզարգացնի բնության հնարավորություններին ու պահանջներին համապատասխան գործելու ունակությունը։ Ուստի, անհրաժեշտ է իրականացնել էկոլոգիական ուսուցում շրջակայի, այդ թվում բնության մասին` նպաստելու էկոլոգիապես գիտակից ու կողմնորոշված հասարակության ձևավորմանը:
Այսօր աշխարհում ակտուալ է հասարակական կյանքի բոլոր ոլորտների էկոլոգիականացման խնդիրը: Առաջնային է մարդու էկոլոգիականացումն իր գործունեության բոլոր ոլորտներում (կենցաղային, արտադրության, դաստիարակման գործընթացի), քանի որ էկոլոգիական խնդիրները ձեռք են բերել մեծ նշանակություն: Ընդ որում, հիմնական ուշադրությունը պետք է ուղղել «նոր» սերնդի էկոլոգիական կրթությանը:
Սուրեն Հարությունյան, Էկոլոգ-բնապահպան