Բնապահպանական ճգնաժամ

Բնապահպանական ճգնաժամ

with No Comments

Մարդահարույց գործոնների ազդեցությամբ էկոհամակարգի կայունության և բնական հավասարակշռության խախտում, որը, որակապես փոխելով բնական միջավայրը, բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության, բուսական և կենդանական պաշարների պահպանության ու վերարտադրության վրա և հանգեցնում բնական միջավայրի, մթնոլորտի, ջրի աղտոտման։

Բնության և հասարակության փոխհարաբերությունների լարվածությունն է, որն առաջանում է արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների անհամապատասխան զարգացման հետևանքով։

 

Բնապահպանական ճգնաժամը բնութագրվում է ոչ միայն բնության վրա մարդու ազդեցության ուժեղացմամբ, այլև հասարակության զարգացման վրա մարդու վերափոխած բնության ազդեցության մեծացմամբ։

Բնապահպանական ճգնաժամը դարձելի երևույթ է, որի ակտիվ գործող կողմը մարդն է։

Բնապահպանական ճգնաժամի խորացումը հանգեցնում է բնապահպանական աղետի, որը ոչ դարձելի երևույթ է. այս դեպքում մարդը պասսիվ է և կրում է աղետի հետևանքները։ Էկոհամակարգի բնական հավասարակշռության խախտումն անդառնալի է. բնական միջավայրը քայքայվում է, կորցնում իր օգտակար հատկանիշները, բնակության և տնտեսություն վարելու համար դառնում ոչ պիտանի և հայտարարվում է բնապահպանական աղետի գոտի։

 

Տարբերում են տեղային, տարածաշրջանային և խոշորամասշտաբ բնապահպանական ճգնաժամեր։ Տեղային բնապահպանական ճգնաժամը տեղի է ունենում փոքր տարածքներում, տարածաշրջանայինը՝ մեծ տարածքներում, որի դեպքում բնական միջավայրի տեղային ու տարածաշրջանային խախտումները կենտրոնից տարածվում են մինչև որոշակի տարածություն և մարում են։ Խոշորամասշտաբ բնապահպանական ճգնաժամը խոշորամասշտաբ էկոհամակարգի՝ կենսոլորտի կայունության խախտումն է, որը տեղի է ունենում շրջակա միջավայրի բնութագրերի (կենսածինների խոշորաչափ կոնցենտրացիաներ) արագ փոփոխություններով։

 

Պատմությանը հայտնի են 7 խոշոր բնապահպանական ճգնաժամեր։

 

Առաջին բնապահպանական ճգնաժամը տեղի է ունեցել 30-50 հզ. տարի առաջ և համարվում է «բնական պաշարների ճգնաժամ»։  Ենթադրվում է, որ բանական մարդու արագ տարածումը երկրագնդի վրա հանգեցրել է նրանց պարզունակ գործունեության (արդյունագործություն, հավաքչություն և այլն) միատեղման, և զանգվածային որսորդության ու հրդեհների հետևանքով լուրջ վնաս է հասցվել անտառներին ու բուսականությանը։

 

Երկրորդ բնապահպանական ճգնաժամ Երկրորդ բնապահպանական ճգնաժամը տեղի է ունեցել 10-30 հզ. տարի առաջ և կապված է խոշոր կենդանիների զանգվածային որսի հետ, որի հետևանքով խիստ նվազել են որսի պաշարները։ Անհետացել է, այսպես կոչված մամոնտային ֆաունան, որը հայտնի է «կոնսումենտների ճգնաժամ» անվամբ։ Դրան հաջորդել է առաջին գյուղատնտեսական հեղաշրջումը, առաջ են եկել ոռոգելի երկրագործությունն ու անասնապահությունը։

 

Երրորդ բնապահպանական ճգնաժամը տեղի է ունեցել 2 հզ. տարի առաջ՝ կապված հողերի աղակալման ու դեգրադացման հետ, որի հետևանքով երկրի տարբեր մասերում տարածվել է սով։

 

Չորրորդ բնապահպանական ճգնաժամը տեղի է ունեցել 350-500 տարի առաջ, կոչվել է «պրոդուցենտների ճգնաժամ», որը պայմանավորված էր արոտավայրեր ստեղծելու նպատակով անտառների զանգվածային հատումներով։ Մինչև 19-րդ դարի կեսը դրա հետևանքները չունեին խոշորամասշտաբ բնույթ, քանի որ շրջակա միջավայրում չի դիտվել կենսահարույց նյութերի կոնցենտրացիայի խոշորաչափ փոփոխություն։ Դա նշանակում է, որ կենսոլորտը դիմակայել է անտառների կենսազանգվածի ոչնչացմանը և գյուղատնտեսական հողերի հյուծմանը նպաստող կենսածին գործոններին։ Բնական միջավայրի տեղային և տարածաշրջանային նույնիսկ բազմաթիվ խախտումների դեպքում կենսամիջավայրը կարգավորում է բնական հավասարակշռությունը և ապահովում կենսոլորտի խոշորամասշտաբ կայունությունը։

 

Հինգերորդ բնապահպանական ճգնաժամը տեղի է ունեցել 40-50 տարի առաջ, որը սպառնում էր արտադրական թափոններով կենսոլորտի խոշորամասշտաբ աղտոտմանը։ Այդ ճգնաժամը կոչվել է «ռեդուցենտների» ճգնաժամ՝ նկատի ունենալով քայքայիչ միկրոօրգանիզմներով քարոլորտի մակերևութային շերտի աղտոտումը։ Դրան համապատասխանում է գիտատեխնիկական հեղաշրջումը։

 

Վեցերորդ բնապահպանական ճգնաժամը պայմանավորված է էներգապաշարների համեմատական անբավարարությամբ և տեղի է ունեցել 30-40 տարի առաջ, և կոչվել է էներգետիկ ճգնաժամ։ Դրա հաղթահարման համար հարկ եղավ փնտրել էներգիայի նոր այլընտրանքային աղբյուրներ և առավելագույնս խնայել էներգիան։

 

Յոթերորդ բնապահպանական ճգնաժամն սկսվել է 20-25 տարի առաջ և հայտնի է «էկոհամակարգի հուսալիություն» անվամբ, կապված է բնության բնապահպանական հավասարակշռության խախտման հետ։ Այս ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է «Բնապահպանական պլանավորման հեղաշրջում», այսինքն՝ զարգացման այնպիսի եղանակի մշակում, որով ժամանակակից մարդը չի վնասի ապագա սերունդներին։

 

 

Սուրեն Հարությունյան, Էկոլոգ-բնապահպան

Հավանեցի՞ք նյութը։