Էմման և Էդվինը

Էմման և Էդվինը

with No Comments

Էմմայի հետ ծանոթացել եմ մոտ 5 տարի առաջ, երբ մագիստրատուրայիս ժամանակ Սանկտ-Պետերբուրգի համալսարան էի մեկնել հին եգիպտերեն սովորելու:

Նա ամերիկահայ աղջնակ է, ով այդ ժամանակ Հարվարդի համալսարանում էր սովորում:

Փոխանակման ծրագրով Սանկտ-Պետերբուրգի համալսարան էր եկել ազատ արվեստների և գիտությունների բաժնում սովորելու և իր ռուսերենը կատարելագործելու համար:

 

Երբ նրան Հայաստանի մասին էի պատմում, այնքան ուշադրությամբ ու հիացմունքով էր լսում, որ մի օր աչքերս լցվեցին:

Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան երջանիկ ենք մենք, որ ամեն օր մեր Հայրենիքում ենք արթնանում ու ստեղծագործում, իսկ Էմման երազում էր Հայաստանը տեսնելու մասին:

 

Emma and Edwin

 

Ավելի տխրեցի, երբ իմացա, որ նա բացարձակ հայերեն չգիտի, քանի որ իր ընտանիքում վաղուց արդեն ոչ ոք հայերեն չէր խոսում:

Որոշեցինք միասին ուղղել այդ սխալը, ինչի արդյունքում էլ կարճ ժամանակ անց նա սկսեց հայերեն կարդալ ու գրել:

Նա շատ մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվության զգացումով էր հայերենը սովորում։

Իմ կյանքում ես շատ հազվադեպ եմ նման ձգտում ու համառություն տեսել:

Հետո որոշեցինք մի քանի օրով նաև Հայաստան գալ և շրջել մշակութային վայրերով, որպեսզի նա նաև ծանոթանա մեր մշակույթի և կենցաղի հետ:

Ինձ այնքան երջանիկ էի զգում, որ Էմման վերջապես տեսավ իր Հայրենիքը:

 

     Պետերբուրգում սովորելուց հետո նա վերադարձավ Ամերիկա և միանգամից համալսարանում հայերենի դասըթացների գրանցվեց, որ խորացնի իր գիտելիքները:

Այս տարիների ընթացքում այնքան ջանք ու եռանդ թափեց, որ կարծում եմ, ներկայումս մեզնից շատերից ավելի գրագետ ու գեղեցիկ է հայերեն խոսում:

Ավելին՝  նա փոխել է իր մասնագիտությունը և այժմ հայերենի ուսումնասիրությամբ է զբաղվում, լիարժեք տիրապետում է հայոց պատմությանը և գրականությանը:

Նա արդեն պարբերաբար Հայաստան է գալիս և թանգարաններում ու այլ գիտա-կրթական հաստատություններում տարբեր բնույթի կամավորական աշխատանքներ իրականացնում: Ամեն կերպ փորձում է օգտակար լինել մեր երկրին:

 

Էդվինն Էմմայի ընկերն է, նույնպես Ամերիկայից:

Նրա հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ, երբ Էմմայի հետ Հայաստան էր եկել:

 

 

Էդվինն ազգությամբ ֆիլիպինցի է, սակայն նա արդեն Հայաստանի զավակ է դարձել:

Այս տարիների ընթացքում նա սիրահարվեց Հայաստանին ու մեր մշակույթին, Էմմայի պես սկսեց հայերեն սովորել, իսկ հետո նույնիսկ մեր ազգագրական պարերը սովորեց և սկսեց ուրիշներին սովորեցնել:

Ամերիկայում պարբերաբար Հայաստանին և հայերին առնչվող զանազան միջոցառումների ևգործընթացների է մասնակցել ի շահ մեր երկրի:

Ինձ թվում է, նա Ամերիկայում ՀՀ լիազոր դեսպանի լավագույն թեկնածուն է (?

 

Հայոց լեզվի, պատմության ու մշակույթի ճանաչողությունից զատ Էմման ու Էդվինն այս տարիների ընթացքում ու հատկապես վերջին պատերազմի ժամանակ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել են և հիմա էլ շարունակում են աջակցել Հայաստանին և հայագիտության զարգացմանը:

 

Այսպիսին են Էմման ու Էդվինը՝ բարի, հայրենանվեր և հայրենաշունչ մարդիկ։

 

Մարիամ Շահմուրադյան, հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

 

Թոնդրակ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում հայ ազգի հայրենահաղորդ զավակներ Էմմային ու Էդվինին և նրանց նվիրում Հայաստանում ճանաչողական մեկօրյա արշավների 4 և գիշերակացով արշավների 2 ուղևորաթերթիկ:
Թոնդրակը նրանց նվիրում է նաև Գարեգին Նժդեհի դիմապատկերով 2 շապիկ և Նժդեհի «Հիշի՛ր պատերազմը»  գիրքը։
Կհանդիպենք լեռներում ?