Ելտըզի մահափորձը

Ելտըզի մահափորձը

with No Comments

Ելտըզի մահափորձը մեր պատմության համեմատաբար անհայտ իրադարձություններից է։ Այն տեղի է ունեցել 1905թ․ հուլիսի 21-ին Ելտըզի պալատի մոտ գտնվող Սուլթանիե մզկիթի բակում։ Մահափորձը ուղղված էր սուլթան Աբդուլ Համիդի II-ի դեմ, ում կազմակերպած  է 1894-96 թթ․ համիդյան կոտորածներին զոհ գնացին ավելի քան 300 հազար հայեր։ Հենց այս իրադարձությունից հետո ՀՅԴ-ն իր հերթական նիստերից մեկում արյունոտ սուլթանին դատապարտեց մահապատժի։ Սակայն մահապատիժը բավարար ֆինանսավորում չգտնելու պատճառով մի քանի տարի շարունակ ձգձգվում էր։

 

Ի վերջ 1904թ․, երբ ընթանում էր ՀՅԴ 4-րդ համագումարը, Սասունում ապստամբություն սկսելու որոշմանը զուգահեռ Քրիստափոր Միքայելյանի ջանքերով որոշում ընդունվեց նաև պատուհասել արյունոտ սուլթանին և ի վերջո իրականացնել մահապատժի դատավճիռը։

 

Դատավճիռը ի կատար ածելու նպատակով ստեղծվում է Ցուցական մարմինը, որն ուներ սեփական կանոնադրությունը։ Մարմնի ղեկավարն էր Քրիստափոր Միքայելյանը, դրա կազմի մեջ էին Սաֆոն (Մարտիրոս Մարգարյան), Սև Աշոտը (Կարապետ Եղիկյան), Թորգոմը (Արտաշես Սերեմճյան), Հոնան Դավթյանը և այլն։ Այս կազմը հետագայում ենթարկվեց փոփոխությունների․ անդամագրվեցին նաև Ռուբինա Արեշյանը, Մարի Զայցը, տիկին Անչուկովան, Քրիս Ֆանարջյանը, Համազասպ Աղաջանյանը (Կարո), Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս), Լևոն Գյուլումյանը, Գրիգոր Սայանը (Ջահիլ), Սամաթիացի Զարեհը, Արամ Անդրեսայանը և այլք։ Ցուցական մարմնին տրամադրվեց շուրջ 50 հազար ռուսական ոսկե ռուբլի։

 

Ըստ Ցուցական մարմնի կանոնադրության 13-րդ կետի՝ սուլթանին ահաբեկելու որոշումը Ցուցական մարմնի կողմից պետք է ընտրվեր միաձայն։ Որոշվել էր Կ․Պոլիս մուտք գործել որպես այլազգի, քանի որ հայերի վրա միշտ ուշադրություն էր կենտրոնացված, ինչը կխոչընդոտեր գործողության իրականացմանը։ Այս նպատակով կազմի մեջ ներգրավվեցին նաև կանայք։ Քրիստափորը Կոստանդնուպոլիս է մտնում հրեա Սամուել Ֆայնի անցագրով՝ իր աղջկա՝ Ռոիբինա Ֆայնի (Արեշյան) ուղեկցությամբ։ Սաֆոն մայրաքաղաք մտավ գերմանացի Լիփա Ռիփսի անցագրով՝ իր կնոջ՝ Մարի Ռիփսի (Զայց) ուղեկցությամբ, Թորգոմը և Աշոտը՝ որպես ուկրաինացի կալվածատեր՝ Յուվանովիչ ազգանվամբ։ Իսկ քանի որ Հոնան Դավթյանի կնոջ հիվանդությունը թույլ չտվեց նրան մասնակցել գործողությանը, նրան փոխարինեց Վռամշապուհ Քենդիրյանը․ նա դարձավ մարմնի հինգերորդ անդամը։

 

Ըստ նախնական պլանի մահապատիժը պետք է ի կատար ածվեր կրոնական միջոցառման ժամանակ։ Քանի որ Աբդուլ Համիդը շատ զգուշավոր էր, նա չուզենալով ամեն անգամ կրոնական միջոցառումների ժամանակ գնալ Կոստանդնուպոլիս, Ետըզի մոտ կառուցել էր Սուլթանիե մզկիթը (ի դեպ, ճարտարապետը հայ էր)։ Ելտըզի պալատից մինչև Սուլթանիե մզկիթ ընկած ճանապարհը այդ օրերին ամբողջովին վերահսկվում էր թուրքական զորքի կողմից։ Մզկիթից 60-70 քայլի վրա գտնվում էր մի տաղավար, որը նախատեսված էր օտարերկրացիների համար։ Այնտեղ տեղ գտնելու համար անհրաժեշտ էր դիմել սեփական երկրի դեսպանատուն և տեղ ամրագրել։

 

Որպես միջոց որոշվում է օգտագործել և՛ ձեռնառումբեր, և՛ մելինիտ։ Վերջինս ժամանակի ամենահզոր պայթուցիկն էր։ Ձեռնառումբերի պատրաստումը անձամբ գլխավորելու համար Քրիստափորը մեկնում է Բուլղարիա, ապա իր մոտ կանչում նաև Վռամշապուհ Քենդիրյանին՝ իր պատրաստած ձեռնառումբերը ցուցադրելու։ Սակայն հերթական փորձարկումներից մեկի ժամանակ՝ մարտի 4-ին, Քրիստափորը և Վռամշապուհը զոհվում են։

 

Տեղի ունեցածից հետո Քննական մարմինը շարունակում է սկսած գործը։ Որոշվում է օգտագործել միայն մելինիտ-պայթուցիկ։ Տեղի են ունենում մի շարք հաշվարկներ․ ըստ դրանց՝ սուլթանը մզկիթից դուրս էր գալիս շեփորները հնչելուց 1 րոպե 48 վայրկյան անց։ Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ էր լարել ռումբի ժամացույցը։ Կ․Պոլիս է բերվում մի շքեղ կառք, որի մեջ տեղադրվում է 124 կգ մելինիտ, երկաթյա բեկորներ։ Սպասվում էր, որ այդ հզոր պայթյունից հետո կփլվի նույնիսկ մզկիթը։

 

Գործողության իրականացումը իր վրա է վերցնում հայ հերոսուհի Ռուբինա Արեշյանը։ 1905 թվականի հուլիսի 21-ին Ելտըզի Սուլթանիե մզկիթի բակում պայթում է կառք-ռումբը։ Սպանվում է 26 և վիրավորվում 59 մարդ, սակայն սպանվածների թվում չկար սուլթան Աբդուլ Համիդ II-ը։ Նրա կենսագիր Թեհսին հետագայում պատմում է, որ այդ օրը սութանը փոքր-ինչ շեղվել էր սովորական գրաֆիկից և շեփորների հնչելուց հետո մի փոքր զրուցել էր հոգևոր առաջներդի հետ՝ այդպիսով փրկելով սեփական կյանքը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ հետագայում ՀՅԴ-ն նմուշառում է վերցնում օգտագործված մելինիտից և պարզում, որ այն կեղծ է եղել, այլապես շրջապատում ամեն ինչ փլվելու էր։

Ստախոս առևտրականները հայտնաբերվում և մահապատժի են ենթարկվում։ Հետագայում բացահայտվում է, որ մահափորձի կազմակերպիչները հայերն են։ Ձերբակալվում է Էդուարդ Ժորիսը, ով չի մատնում իր գործընկերներին։ Հետագայում եվրոպական երկրների ճնշման տակ նա արտահանձվում է Եվրոպային։

 

Արարատ Եգանյան

Հավանեցի՞ք նյութը։