Էկոլոգիական զբոսաշրջություն

Էկոլոգիական զբոսաշրջություն

with No Comments

Էկոլոգիական զբոսաշրջությունը Հայաստանում համեմատաբար նոր հասկացություն է: Ինչպես գիտենք, դրա հիմքում բնության գրկում ճանապարհորդելու գաղափարն է:

 

Էկոտուրիզմի վերաբերյալ կան բազմաթիվ սահմանումներ.

– Դա պատասխանատու ճանապարհորդություն է դեպի բնության տարածքներ՝ պահպանելով շրջակա միջավայրը և ապահովելով տեղի ժողովրդի բարեկեցությունը:

– Դա տուրիզմ է, որ ներառում է բնության տուրիզմի բոլոր ձևերը՝ բնության դիտարկում և հաղորդակից դառնալ (ՀՏԿ-ի սահմանում):

– Դա նպաստում է բնական և մշակութային ժառանգության ճանաչմանն ու հասկանալուն, տեղաբնակներին բերում է այնքան շահույթ, որ գնահատեն շրջակա միջավայրը որպես եկամտի աղբյուր (Հայկական էկոտուրիզմի ասոցիացիա):

 

Համաձայն մեկ այլ սահմանման, որ ձևակերպել է մեքսիկացի
ճարտարագետ Հեկտոր Ցեբալոս Լասկուրեյնը, էկոլոգիական տուրիզմը ենթադրում է ճամփորդության զուգակցում բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի հետ. այսինքն՝ համատեղել ֆլորայի ու ֆաունայի ճանաչումը և ուսումնասիրումը` դրանք պահպանելու նկատառումով:Այս գաղափարը, սակայն, ավելի լայն է և ընդգրկում է կյանքի բոլոր կողմերը` կենդանական և բուսական աշխարհը, բնության ամբողջ բազմազանությունը, բնապահպանությունը, ավանդույթները և սովորույթները, մշակույթը, հասարակությունը և մարդուն:

էկոտուրիզմը ճանապարհորդություն է այն վայրեր, որտեղ շատ թե քիչ պահպանված է անաղարտ բնությունը: Էկոտուրիզմի զարգացմանը նպաստեց զբոսաշրջային գործակալությունների հաճախորդների ցանկությունը՝ ստանալու նոր և անկրկնելի տպավորություններ և նպաստելու բնության պահպանմանը:

 

Հայաստանը տարածաշրջանում կարող է հավակնել էկոտուրիզմի ամենաբարենպաստ գոտիներից մեկը դառնալուն: Բավական է նշել, որ Հայաստանում վանքերը մեծ մասամբ կառուցված են բնակության վայրերից հեռու, այնտեղ, ուր բնությունը հիասքանչ է: Ավելին, պատմական և բնական հուշարձանները փոխկապակցված ու
միասնական են:

Էկոզբոսաշրջությունը նպաստում է շրջակա միջավայրի պաշտպանությանը, ապահովում է տեղի բնակիչների ակտիվ սոցիալտնտեսական մասնակցությունն իրականացվող միջոցառումներին:
Այս տեսակը զբոսաշրջության ոլորտի առավել դինամիկ զարգացող հատվածներից մեկն է, որի տարեկան աճը կազմում է 20-30%, իսկ միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտներում մասնաբաժինը 10-15% է: Էկոլոգիական զբոսաշրջություն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կարևորագույն սկզբունքները.

• Բնական և սոցիալ-մշակութային բնույթի բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելը, էկոլոգիական կայունության ապահովումը:

• Բնության պաշտպանությանը և տեղական սոցիալ-մշակութային միջավայրին աջակցելը:

• Բնապահպանական կրթությունը և իրազեկումը:

• Բնակիչների մասնակցությունը և զբոսաշրջային գործունեությունից եկամուտների ստացումը, ինչը նրանց համար ստեղծում է բնության պահպանության տնտեսական խթաններ:

• Տնտեսական արդյունավետություն և ներդրում այցելության տարածաշրջանների կայուն զարգացման գործում:

 

Միջազգային փորձը փաստում է, որ ներկայումս խիստ ուշագրավ է էկոտնակների կամ էկոտների կիրառումը: Պատահական չէ, որ դեռևս հարյուրավոր տարիներ առաջ տների կառուցման ժամանակ մարդիկ ընտրում էին էկոլոգիապես մաքուր նյութ, այն է` փայտը:

Բնական հարստությունները և տեխնոլոգիական հնարավորությունները խթան հանդիսացան կյանքի կոչելու մարդու դարավոր երազանքներից մեկը` բնական հումքից պատրաստված տներ ունենալը: Ի տարբերություն այլ տների` փայտից պատրաստվածները շնչում են իրենց կյանքի ողջ ընթացքում:

Այս տնակներում մաքուր օդը, ներքին խոնավությունը պահպանվում են անկախ արտաքին միջավայրի փոփոխություններից, որը մարդու համար հարմարավետության ապահովման երաշխիքներից մեկն է: Բացի այն, որ նման տներն անվտանգ են, միաժամանակ նաև քիչ ծախսատար հանգրվանելու տարբերակ են: Մասնավորապես, լինելով փայտե, մեծ քանակությամբ տաքություն են հաղորդում, որը նպաստում է ներսում տաք մթնոլորտի ապահովմա համար այլ միջոցներ չկիրառելուն, էներգիայի հետ կապված ծախսերի նվազեցմանը: Նման տներն առավել դիմացկուն են տարբեր աղետների ժամանակ՝ ի տարբերություն քարե տների, որոնք հեշտությամբ կարող են քանդվել:

Կարծում ենք՝ նման էկոտների առկայությունը մեր հանրապետությունում զբոսաշրջիկների համար իսկապես կլինի գրավիչ և հետաքրքիր:

 

Կարելի է նաև ներդնել որոշակի նորարարական մոտեցումներ` զարգացնելով վերոնշյալ՝ հաջողություն վայելող գաղափարը:
Էկոզբոսաշրջության կազմակերպման առումով կարելի է նշել Էստոնիայի ազգային պարկի օրինակը:

 

ՀՀ-ում ևս կան ազգային պարկեր և արգելոցներ: Նշենք, որ ներկայումս այստեղ գործում են 26 արգելավայր, 4 ազգային պարկ և 3 արգելոց:

Զբոսաշրջության տեսանկյունից բավական հետաքրքրրություն են ներկայացնում պետական արգելոցները: Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի՝ պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:

Ինչպես վերը նշեցինք, Հայաստանի Հանրապետությունում կա 3 արգելոց՝ Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի: Սրանցից յուրաքանչյուրը մեծ գրավչություն ունի զբոսաշրջության համար, բայց Խոսրովի անտառը տարբերվում է իր բացառիկությամբ:

Այսպես՝ ամեն տարի Խոսրովի արգելոց են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ, որոնց, վայրի բնությունից բացի, հետաքրքրում է նաև Հավուց թառը, որ վանական համալիր է: Կառուցվել է 8 կմ երկարությամբ ճանապարհ, որն արգելոցը կապում է այս համալիրի հետ` դառնալով տարածաշրջանի էկոզբոսաշրջության միակ երթուղին: Այդ համատեքստում՝ անհրաժեշտ է կանխել արգելոցի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանների՝ բնական գործոններով պայմանավորված աստիճանաբար
քայքայումը և բարելավել դրանց վիճակը:

Այս արժեքների վերականգնումը թույլ կտա ապահովել ներդաշնակություն անցյալի մշակութային հուշարձանների և շրջակա միջավայրի միջև:

 

Արագ զարգացող զբոսաշրջության պայմաններում այս հուշարձանների օգտագործումը նպատակ ունի նաև լուծելու տարածքում որոշակի զբաղվածության, ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներ:

 

Նյութի աղբյուր

Հավանեցի՞ք նյութը։