Երկրաշարժերը

Երկրաշարժերը

with No Comments

Երկրաշարժերը

Երկրաշարժերի ուսումնասիրմամբ ներկայումս զբաղվում է երկրաշարժագիտությունը (սէյսմոլոգիա): Կազմվում են ոչ միայն առանձին տարածքների, այլև առանձին բնակավայրերի սեյսմիկ քարտեզներ: Հիշենք, որ երկրաշարժի առաջացման տեղը Երկրի ընդերքում կոչվում է օջախ, իսկ կենտրոնը՝ հիպոկենտրոն:

Վերջինիս ուղղահայաց պրոյեկցիան Երկրի մակերևույթին՝ էպիկենտրոն (վերնակենտրոն), որտեղ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Ըստ առաջացման պայմանների՝ տարբերվում է երկրաշարժի չորս խումբ.

1. փլվածքային երկրաշարժեր

Փլվածքային երկրաշարժերն առաջանում են երկրակեղևի վերին շերտերում, ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով գոյացած դատարկությունների առաստաղների փլուզումից:

2. հրաբխային երկրաշարժեր

Հրաբխային երկրաշարժերը նախորդում կամ ուղեկցում են հրաբխային երևոյթներին:

3. տեկտոնական երկրաշարժեր

Տեկտոնական երկրաշարժերը կապված են երկրակեղևում ընթացող լեռնակազմական պրոցեսների հետ և պայմանավորված են ապարաշերտերի հանկարծակի տեղաշարժերով: Տեկտոնական երկրաշարժերը կազմում են աշխարհի երկրաշարժերի ավելի քան 90%-ը: Սրանց հիպոկենտրոնը գտնվում է 50-60 կմ խորություններում. մոտավորապես այն սահմանում, որտեղ տեղի է ունենում սուբդուկցիայի պրոցեսը:

4. Ֆիկուսային երկրաշարժեր

Ֆիկուսային (կիզակետային կամ պլուտոնային) երկրաշարժերի հիպոկենտրոնն անցնում է 300 կմ խորությունից: Մինչև երկրի մակերևույթ հասնելը այս երկրաշարժի ուժգնությունը թուլանում է, սակայն աճում է ընդգրկման տարածքը: Այս երկրաշարժերը քիչ են ուսումնասիրվել: Աշխարհում տարեկան տեղի են ունենում հազարավոր երկրաշարժեր, որոնցից մի քանիսն են լինում ուժեղ կամ աղետալի:

Առանձնացւում է երկրաշարժային երկու գլխավոր գոտի. Խաղաղովկիանոսյան և Ալպ-Հիմալայան: Այս գոտիներին բաժին է ընկնում երկրաշարժերի 80%-ը, իսկ մյուս 20%-ը տեղի է ունենում Աֆրիկայում: Հայաստանն աշխարհում առավել երկրաշարժային մարզերից է: Ամենաակտիվշրջանը Երզնկան է, որը 10-18-րդ դարերի ընթացքում ավելի քան տասն անգամ ավերակների կույտի է վերածվել: Հաջորդ մարզը Արարատյան շրջանն է՝ Միջինարաքսյան գոգավորությունը՝ հարակից լեռներով: Սա երկաշարժերի հաճախականությամբ հետ է մնում Երզնկայից, սակայն՝ ուժգնությամբ չի զիջում: 1840 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Արարատից պոկվել է հսկայական զանգված, որի պատճառով ավերվել են Ակոռի գյուղը և Սուրբ Յակոբի վանքը:

Բավականին ուժգին երկրաշարժեր եղել են Շիրակի և Կարսի շրջաններում: 1319 թվականի երկրաշարժից ավերվեց հայոց մայրաքաղաքներից Անին, իսկ 1988 թ.՝ Սպիտակ քաղաքն ամբողջությամբ, Գյումրին և Վանաձորը՝ մասնակի: Ավերիչ շրջաններից է Վայք-Սյունիքը, որտեղ 735 թվականին տեղի է ունեցել Մոզի երկրաշարժը: Ըստ ավանդության, այս շրջանում տեղի ունեցող հաճախակի և ուժգին երկրաշարժերի հետևանքով առաջացել է Վայոց ձոր անունը: Մյուս շրջաններն են Կարինը (Էրզրում), Բասենը, Սևանի և Վանի ավազանները, Մուշը, Ախալքալաքը, Կիլիկիան, Թավրիզը, Վրաստանը, Շամախը:

Երկրաշարժագիտական շրջանացման համաձայն, ՀՀ հյուսիսարևելյան և հարաւարևելյան շրջանները գտնվում են 6-7, Վարդենիս-Սևան-Մարմարիկ-Դիլիջան հատվածը՝ 7-8, իսկ մյուս շրջանները՝ 8-9, տեղ-տեղ՝ 10-բալանոց երկրաշարժերի գոտիներում: Նշանակում է՝ մենք պետք է գիտակցենք, որ մենք բնակվում ենք ակտիվ երկրաշարժային գոտում և բոլոր շինությունները կառուցենք ցնցակայուն շինարարության պահանջներին համապատասխան: Յուրաքանչյուր երկրաշարժ ունի իր առանձնահատկությունը, որի պատճառով հազվադեպ է հնարավոր կանխատեսել այն, քանի որ երկրաշարժին նախորդող երևույթները կարող են ունենալ գաղտնի բնույթ:

Ամեն դեպքում սպասվելիք երկրաշարժը կարելի է կանխատեսել կենդանիների վարքագծի փոփոխությամբ, ռադոն գազի առկայությամբ, հարակից ջրային ավազանի մակարդակի փոփոխությամբ և թույլ ցնցումների տևականությամբ: Եթե մեր փրկության հավանականությունը մեծ բարձրության վրա ինքնաթիռի աղետի դեպքում բացառված է, ապա հնարավոր երկրաշարժի դեպքում կարող ենք վտանգը նվազեցնել, եթե իմանանք ինչպես նախապատրաստվել դրան, ինչպես վարվել ցնցումների ժամանակ և դրանից հետո: Այդ նպատակով հանրապետության յուրաքանչյուր բնակիչ քաջատեղյակ լինի Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՍՊԱԾ) մշակած հրահանգին («Բնակչության վարքի կանոնները երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո»):

 

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։