Դանայան տակառ

Դանայան տակառ

with No Comments

 Հնում Եգիպտոսն ու Դանայոսը եղբայրներ էին: Եգիպտոսը իշխում էր Նեղոսի ափին: Նա շատ հարուստ էր և հիսուն որդի ուներ: Պակաս հարուստ չէր նրա եղբայրը` Դանայոսը, ով Լիբիայի արքան էր և ուներ հիսուն դուստր:

 

Մի անգամ Եգիպտոսն իր որդիների հետ այցելեց Դանայոսին: Նրա հիսուն որդիները միանգամից սիրահարվեցին չքնաղ դանայուհիներին: Եգիպտոսը խնդրեց Դանայոսին կնության տալ դուստրերին իր ուստրերին: Սակայն Դանայոսը մերժեց: Եգիպտոսի որդիները որոշեցին ուժով տիրանալ ամբարտավան աղջիկներին: Զորք հավաքեցին և եկան Լիբիա: 

Դանայոսը իր զորքով եղբորորդիների դեմ ելավ: Սակայն պարտվեց և ստիպված եղավ ընդունել Եգիպտոսի առաջարկը: Եգիպտոսի արքան բացել տվեց գինու տակառները: Եղավ ճոխ հարսանիք: Ողջ ժողովուրդը ամբողջ օրը կերավ-խմեց:

 

Իջավ խավար գիշերը: Ավարտվեց հարսանիքը: Գինարբուքից հոգնած մարդիկ քուն մտան: Նորապսակներից յուրաքանչյուրը քաշվեց իրենց հատկացված առանձնարանը: Եգիպտոսի ավագ որդին գրկեց իր կնոջը, հետ տարավ դեմքը ծածկող շղարշը: Չհասցնելով որևէ բառ շշնջալ, նորահարսը մերկացրեց դաշույնը և մխրճեց ամուսնու սիրտը: Ընկավ Եգիպտոսի ավագ որդին: Շուտով նույն մահասարսուռ ձայնը լսվեց մյուս սենյակներից: Եգիպտոսը վազում էր սպանված մի որդուց դեպի մյուսը:

 

Հենց այդ պահին Եգիպտոսի ամենափոքր որդին ` Լինքեոսը, մի ծառայի և իր կնոջ ուղեկցությամբ փախչում էին մահվան մշուշով պատված պալատից: Միայն այս վերջին դանայուհին էր զլացել կատարել հոր պատվերը: Նա սիրել էր Լինքեոսին և գիշերը խոստովանել, թե ինչ է պատրաստել Դանայոսը:

Շատ զայրացավ Դանայոսը, երբ իմացավ դստեր դավաճանության մասին: Աղջիկը գնաց իր ամուսնու մոտ, և նրանք խաղաղ ու երջանիկ ապրեցին սիրո աստվածուհու հովանու ներքո:

 

Դանայոսի քառասունինը աղջիկները իրենց պատիժը ստացան մահվանից հետո: Հադեսի խավարչտին թագավորությունում  նրանք դատապարտված են ջուր կրելու և լցնելու մի շատ մեծ տակառ, որը հատակ չուներ և երբեք չէր լցվում:  Այսպես առաջացավ «դանայան տակառ» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է ծանր, սակայն անօգուտ աշխատանք: