Բյուրական․ Եզակի աստղագիտական կենտրոն

Բյուրական․ Եզակի աստղագիտական կենտրոն

with No Comments

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ժամանակակից աստղագիտական կենտրոն է, համարվում է նախկին Խորհրդային Միության, արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

 

Հիմնադրվել է 1946 թ. Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Նա նոր գաղափարներ է առաջադրել և նոր տեսական մոտեցումներ է կիրառել աստղասփյուռներում աստղերի և միգամածությունների առաջացման և էվոլյուցիայի, գալակտիկական միջուկների ակտիվության վերաբերյալ։ Բյուրականում հայտնաբերվել են աստղասփյուռները, բազմաթիվ ակտիվ գալակտիկաներ և քվազարներ, բռնկվող և T Ցուլի տիպի աստղեր, նորեր և գերնորեր և շատ ուրիշ օբյեկտներ։ Հանրահայտ Բյուրականյան շրջահայությունները նույնպես այստեղ են իրականացվել։

 

Բյուրականի աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Բյուրականում տեղի են ունեցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) վեց գիտաժողով և կոլոքվիում։

Բյուրականի աստղադիտարանը գիտական հանրության կողմից ճանաչվել է որպես աստղաֆիզիկական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Բյուրականի աստղադիտարանում առաջարկված հասկացությունները և գաղափարները գտել են իրենց հետագա մշակումները շատ այլ աստղադիտարաններում։
Բյուրականում հայտնաբերված նոր օբյեկտները դիտվում են ամբողջ աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսների կողմից:

 

Բյուրականում է իր գործունեության զգալի մասը ծավալել աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։

Հավանեցի՞ք նյութը։