Իլիկ

Իլիկ

with No Comments

Հայաստանում իլիկը հայտնի է դեռևս մ.թ.ա. 3րդ հազարամյակից: Ոսկրե, քարե կամ կավե գլխիկով իլիկներ են հայտնաբերվել Հայաստանի էնեոլիթյան և բրոնզեդարյան համարյա բոլոր բնակավայրերից (Շենգավիթ, Մոխրաբլուր, Արթիկ, Լճաշեն, Գառնի): Հետագայում պատրաստվել են առավելապես փայտե իլիկներ:

Իլիկը թել մանելու ձեռքի գործիք է՝ բաղկացած 25-35սմ երկարությամբ ձողիկից, որի վրա փաթաթվում է մանվող թելը: Ձողիկի վրա ամրացվում է կոնաձև կամ գլանաձև գլխիկ պտույտներին արագություն հաղորդելու համար և թելն ամրացնելու մետաղյա կեռիկ: Օգտագործում են բացառապես կանայք:

Վասպուրականում, Սասունում մանողն աջ ազդրի վրա կապում էր կաշվե կտոր, որին քսելով իլիկը՝ պտտեցնում էր, և թելը մանում: Մանած թելը հետո մշակում էին վայրի, թթու պտուղների հյութով կամ հանքային նյութերով (արծնում), այնուհետև ներկում էին բուսական, կենդանական և հանքային ներկերով: Ներկելուց հետո թելը չորացնում էին արևի տակ:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկդ խոսում է անուշ…

Վահան Տերյան
Կտավի հեղինակ՝ Արփենիկ Նալբանդյան 《Կինը իլիկով》

Հավանեցի՞ք նյութը։