Բաբկեն Հարությունյան. ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

Բաբկեն Հարությունյան. ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

with No Comments

1941թ․ մարտի 4-ին ծնվել է հայ նշանավոր գիտնական՝ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի սիրելի դասախոս Բաբկեն Հարությունյանը։

 

Մեծ է Բաբկեն Հարությունյանի ավանդը հայագիտության և պատմագիտության մեջ.
«Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչև 1045 թվականը», «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի»․ «Գահնամակ», «Զորանամակ»․ «Զորանամակի» նորովի քննությունը Հարությունյանին թույլ է տվել ճշտելու հայոց արքունի ու նախարարական զինուժի հարաբերակցությունը։

 

Գիտնականի շուրջ կեսդարյա գիտահետազոտական տքնաջան որոնումների արգասիք են նրա հեղինակած ավելի քան 500 աշխատությունները (մենագրություններ, հոդվածներ, քարտեզներ, զեկուցումների թեզիսներ, գրախոսություններ)։ Դրանք նվիրված են հայոց, ինչպես նաև տարածաշրջանի առավելապես հին և միջնադարյան պատմության ու պատմական աշխարհագրության տարաբնույթ հիմնահարցերին։

Հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության ասպարեզում լուրջ ներդրում են Բ. Հարությունյանի «Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (Քա VII-VI դարեր)», «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը», «Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի» մենագրություններն ու այլ ուսումնասիրություններ։

 

Նրա հեղինակությամբ է լույս տեսել այնպիսի նախօրինակը չունեցող գործ, ինչպիսին «Հայաստանի պատմության ատլաս»-ն է։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եռալեզու ատլասի և «Հայաստանի ազգային ատլաս»-ի հեղինակներից է։

Հարությունյանը ճշտել է Տիգրանակերտի տեղադրությունը, Նփրկերտի հունարեն արձանագրության թվականը, Մեծ Հայքի թագավորության I-IV դդ վարչատարածքային բաժանումներն ու վարչաքաղաքական բաժանման համակարգը և այլն։

 

Վերջին տարիներին գիտնականը շոշափելի ավանդ է ներդրել հայոց պատմությունը մատաղ սերնդին ճշմարտացի ու մատչելի հասցնելու գործում։ Դա են վկայում նրա խմբագրությամբ ու հեղինակցությամբ լույս տեսած դպրոցական բազում դասագրքեր։

Հավանեցի՞ք նյութը։