Մեծ Հայքի Այրարատ նահանգը

Մեծ Հայքի Այրարատ նահանգը

with No Comments

Դիրքը, սահմանները.

Այրարատը (Ատրադատա(կրակատուր), Ավուրարատ) տարածվում էր Արաքսի միջին հոսանքի ավազանում և Արածանիի վերնագավառում: Այն շրջապատված էր արևմուտքում Տայքով և Բարձր Հայքով, հարավում՝ Տուրուբերանով և Վասպուրականով, արևելքում՝ Սյունիքով, իսկ հյուսիսում՝ Գուգարքով: Արևմուտքում նրա սահմանը կազմում էր Մեծրաց կամ Տայոց լեռնաշղթան, հարավում Այծպտկունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիսարևմտյան փեշերրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում էր դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այստեղից էլ Արաքս:

 

Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները. այս մասում նրա մեջ էր մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում է Արփա գետի ստորին հոսանքի շրջանում: Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ լեռնաշղթաներով: Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Մասիսները: Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի լեռ գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր:

Արարատյան աշխարհում հայտնի էին Կարսի, Բասենի, Շիրակի, Բագրևանդի, Արարատյան, Կոգովիտի դաշտերը: Նշանավոր էին Սոսյաց և Ծննդոց անտառները:
Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են չգունաթափվող ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ ներկը:

 

Գետերը ու լճերը.

Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը, Գայլատուն և Ծովակ Հյուսիսոն: Այրարատ նահանգի գետերն էին Ուրց, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Ազատ, Վեդի, Նախճավան:

 

Օգտակար հանածոները.

Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել իր բնական բազմատեսակ հարստություններով: Ամենից առաջ այն նշանավոր էր աղահանքերով՝ Կողբ, Կաղզվան: Այն նշանավոր էր նաև շինանյութերով ու հանքային ջրերով: Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ տուֆեր, մարմարներ, գրանիտներ, բազալտներ, ավազ, կավ, կրաքարեր: Արարատյան աշխարհում էին գտնվում Հայկական լեռնաշխարհի հնում մեծ հռչակ ստացած Վարշակի ջերմուկները:
Մետաղական օգտակար հանածոներից այստեղ հիշատակվում են՝ ոսկի, պղինձ և երկաթ: Պղնձով հայտնի է եղել Վարաժնունիք գավառը(հատկապես Ծաղկաձորը): Ոսկու հանքերով հայտնի էր Մեղրաձորը, իսկ քարածխի հանքերը տարածվում էին Ջերմանիսի մոտ:

 

Վարչաքաղաքական բաժանումը.

Այրարատը միշտ եղել է հայ ազգի քաղաքական միավորման , տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը: Այն հին Հայկական պետության կենտրոնն էր նաև աշխարհագրական առումով: Հայաստանի մայրաքաղաքների մեծագույն մասը գտնվում էին Այրարատյան աշխարհում: Այդ մայրաքաղաքներն են՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Արշակավանը, Դվինը, Բագարանը, Երազգավորսը, Կարսը, Անին, Երևանը:

Այրարատ աշխարհի գավառներն էին
Բասեն(Բասիան), Աբեղիանք(Աբիլիախե), Գաբեղյանք, Հավնունիք(Հավունիք), Արշարունիք(Աշորնեք), Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ (Անի մայրաքաղաք), Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց(մայրաքաղաքներ՝ Արտաշատ, Դվին), Ուրծ, Արած, Աշոցք, Շարուրդաշտ:

Հավանեցի՞ք նյութը։