Օգտակար հանածոներ

Օգտակար հանածոներ

with No Comments

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք:

Անհիշելի ժամանակներից շահագործվել են Կողբի, Կաղզվանի և Նախճավանի (Նախիջևանի) աղահանքերը (հայկական աղբյուրներում դրանք սովորաբար հայտնի են «աղտք» անունով): Աղ հանդիպում է նաև երկրի այլ մասերում: Աղի նշանակալի հանքեր կային Աղձնիքում (Արզան գավառում), Տուրուբերանում (Մարդաղի և Վարաժնունիք գավառներում), Վասպուրականում: Աղահանքերով հարուստ է նաև Փոքր Հայքի տարածքը, որտեղից էլ` Հալիս (Ալիս) գետանունը: Աղի մեծ պաշարներ են հայտնաբերվել Երևանի տարածքում (Ավան):

Վաղնջագույն ժամանակներից Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր մետաղային հանքերով:

Ընդհանրապես, այն համարվում է մետաղագործության համաշխարհային հնագույն կենտրոններից մեկը: Բավական է հիշել Մեծամորի մետաղաձուլական համալիրն Արարատյան դաշտում, որը գոյություն է ունեցել դեռ Ք.ա. 4-րդ հազարամյակում: Լեռնաշխարհի տարբեր շրջաններում հանդիպում են պղնձի, երկաթի, կապարի հանքեր: Վաղնջագույն շրջանից հայտնի են Գուգարքի (Տաշիր) և Սյունիքի (Բաղք, Ձորք, Վայոց ձոր) պղնձահանքերը:

Պղնձով աչքի է ընկել նաև Աղձնիքը, ուր հռչակված էր մասնավորապես Արղնիի (Արղանա-մադեն) հանքավայրը: Երկաթ հանդիպել է Հայաստանի նահանգների մեծ մասում, բայց հատկապես նշանավոր էին Աղձնիքի և Տուրուբերանի հանքերը, որոնք շահագործվում էին հնագույն ժամանակներից: Երկաթի արտադրության շնորհիվ Տավրոսի տարբեր շրջաններում ընկած լեռնային որոշ գավառների (Տալվորիկ, Խութ, Շենաձոր) բնակչության հիմնական զբաղմունքը եղել են դարբնությունն ու զինագործությունը:

Այդ պատճառով, Հայկական Տավրոսի արևելյան լեռնաճյուղերը պատմիչ Փավստոս Բուզանդը (5-րդ դ.) կոչում է «երկաթահատաց և կապարահատաց» լեռներ: Ազնիվ մետաղներից հանդիպում են արծաթ և ոսկի: Արծաթահանքերով աչքի էր ընկնում մասնավորապես Ծանախոձորի շրջանը (այժմ` Գյումուշխանե, հունարեն` Արգիրոկաստրոն, թարգմանաբար` «արծաթահանք»): Արծաթ կար նաև Բարձր Հայքում (Կարին և Սպեր գավառներում), Ծոփքում (նոր շրջանում հայտնի էր Կապան-մադենի հանքավայրը), Արցախում (Բերձոր գավառում) և այլուր: Հնուց հռչակված են եղել Սպերի ոսկեհանքերը: Դրանց մասին տեղյակ էր նաև Ալեքսանդր Մակեդոնացին: Նա Գավգամելայի ճակատամարտից հետո (Ք.ա. 331թ.) մի զորաջոկատ է ուղարկել` տիրելու հանքերին, որը սակայն ջախջախվել է հայերի կողմից:

Ոսկով հարուստ են նաև Սյունիքի Սոդք (Ծավդեք, Զոդ) գավառը (շահագործվում է նաև մեր օրերում), Տայքի Ոսկեհատ լեռան շրջանը (որտեղիղ 5-րդ դ. արտահանվում էր Հայաստանի ոսկու հիմնական մասը): Հանդիպում են նաև քրոմ, մոլիբդեն և բազմաթիվ այլ հազվագյուտ մետաղներ:

Հայկական լեռնաշխարհը հիրավի բազմապիսի շինանյութերի հարուստ շտեմարան է: Հրաբխային շրջաններում լայնորեն տարածված են բազմագույն տուֆերը (վարդագույն, սև, սպիտակ), որոնցից առանձնապես հայտնի է Արթիկի հռչակավոր հանքավայրը Շիրակում: Շինարարության մեջ տուֆն օգտագործվել է հնագույն ժամանակներից, դրանով են կառուցված հայ ճարտարապետության բազմաթիվ գոհարներ: Հանդիպում են նաև մարմարի, բազալտի, գրանիտի, քարախնկի (պաղլեղի կամ շիբի), պեմզայի (գայլախազ), պերլիտների, կավի, կրաքրի և այլ օգտակար հանածոների հարուստ հանքեր: Լեռնաշխարհի որոշ մասերում կան քարածխի զգալի պաշարներ: Հարկ է առանձնակի նշել Տայքի Օլթի գյուղաքաղաքի շրջանը (Բանակի ածխահանքը), ուր արդյունահանվող քարածուխն աչքի է ընկել իր բարձրորակ հատկություններով: ՀՀ տարածքում քարածուխ է հանդիպում Շիրակում (Ջաջուռ), Տավուշում (Իջևան), Այրարատում (Ջերմանիս):

Հնում հրաբուխների տարածվածության շնորհիվ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխում են տաք և սառը աղբյուրներ, որոնք հայտնի են ջերմուկներ անունով: Հնուց ի վեր հռչակված էին Վայոց ձորի ջերմուկը, Եղեգիք-Էլեգիան Կարնո դաշտում, Վարշակի աղբյուրները Ծաղկոտնում, Ջերմաջրի (Արքունական բաղնիքներ) բուժիչ ջրերն Արցախում (Վայկունիք գավառի տարածքում):

Մեր հանրապետությունում ներկայումս լայնորեն օգտագործվում է հատկապես Վայոց ձորի ջերմուկը, որի շրջանում կառուցված է առողջարան: ՀՀ տարածքում հայտնի են նաև Բջնիի, Արզնիի (Արծնիի), Արարատի, Գավառի տաք և սառը հանքային աղբյուրները: Հայկական հանքային ջրերն աչքի են ընկնում նրանով, որ դրանք հնարավոր է անմիջապես, առանց որևէ զտման և վերամշակման շշալցնել և առաքել սպառողին: Հայկական լեռնաշխարհում հանդիպում է նաև նավթ, որի պաշարները սակայն մեծ չեն և արդյունաբերական խոշոր նշանակություն չունեն: «Աշխարհացույցը» նավթ է հիշում Աղձնիքում և Տուրուբերանում (սև և սպիտակ):

Նավթ է հանդիպել նաև Հայոց Արևելքից կողմանքում (Արցախ և Ուտիք նահանգների հավաքական անունը), Սյունիքում (Թանահատի և Նորավանքի շրջաններում), Վասպուրականում (Թոնդրակի մերձակայքում): Հայկական լեռնաշխարհը համարյա բոլոր կողմերից եզերվում է անտառներով, որոնք հնում կոչվել են «մայրի» կամ «մաւրի (մօրի)»: Անտառներով հատկապես հարուստ են Ծոփքը, Բարձր Հայքի հյուսիսային հատվածը, Աղձնիքի և Տուրուբերանի Տավրոսյան լեռնաշղթայի շրջանում ընկած գավառները, Տայքը, Գուգարքը:

Անտառային զգալի զանգվածներ են հանդիպում Սյունիքի հարավում, Ուտիքի հյուսիս-արևելքում: Գրեթե ամբողջովին անտառապատ է Արցախի տարածքը: Հնում իր «մայրիներով» հռչակված էր նաև Մոկքը, սակայն անխնա և անհեռատես ծառահատման հետևանքով դրանց տարածքը խիստ կրճատվել է: Անտառներում լայնորեն տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, գիհին, հացենին, ընկուզենին: Արցախի և Ուտիքի անտառները հայտնի են իրենց վայրի մրգատու ծառերով: Տեղ-տեղ հանդիպում են նաև կեչու և սոճու պուրակներ:

Ընդհանրապես Հայկական լեռնաշխարհը շատ հարուստ չէ անտառային պաշարներով, և թերևս այդ է պատճառը, որ Հին Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում տնկվել են արհեստական պուրակ-անտառներ: Դրանցից հայտնի են Սոսյաց (Արմավիրի մոտ), Ծննդոց (Բագարանի շրջանում), Խոսրովի կամ Խոսրովակերտ և Տաճար մայրի (Գառնու և Դվինի միջև ընկած տարածքում) անտառները: Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Մասնավորապես առանձնացնել է պետք նախալեռնային` 1100-1300 մ բարձրության վրա գտնվող գոտին, որը նշանավոր է խաղողի և զանազան կորիզավոր մրգերի (ծիրան, դեղձ) ընտիր տեղական տեսակներով: Պետք է նշել, որ Հայաստանը շատ մրգատեսակների աճեցման աշխարհի հնագույն կենտրոններից է:
Նախալեռնային գոտին հայտնի է ինչպես մրգերի (խնձոր, տանձ, սալոր), այնպես էլ հացազգիների մշակությամբ: Հայկական լեռնաշխարհը ցորենի հնագույն հայրենիքն է, ուր այսօր էլ կարելի է հանդիպել այդ հացազգու վայրի տեսակին: Որպես հացահատիկային կուլտուրաների հայտնի կենտրոններ նշենք Տարոնի կամ Մշո, Բագրևանդի (Ալաշկերտի), Հարքի (Բուլանուխի), Խարբերդի (ժողովրդի կողմից «ոսկեղենիկ» կոչված), Կարնո (Էրզրումի), Կարսի (հնում` Երևյալ), Բասենի, Երզնկայի դաշտերը, Վանա լճի ավազանը: Ցածրադիր` կիսաանապատային և անապատային վայրերում, արհեստական ոռոգման պայմաններում, աճում են բամբակ, ծխախաոտ, բրինձ, թուզ, նուռ, սեխ, ձմերուկ, ձիթենի, բանջարանոցային այլևայլ կուլտուրաներ:

Ըստ քարտեզագիր, պատմաբան Գեղամ Բադալյանի

 

 

Հավանեցի՞ք նյութը։