Հայաստանի տեկտոնիկան մաս 2

Հայաստանի տեկտոնիկան մաս 2

with No Comments

Հայաստանի տեկտոնիկան

Հայկական լեռնաշխարհի տեկտոնական զարգացումը ընթացել է մի շարք փուլերով. գրենվիլյան, բայկալյան, կալեդոնյան, հերցինյան, կիմերեյան, ալպյան, որտեղ տեկտոնական շարժումները շարունակվում են մինչ օրս:

1. Մինչքեմբրյան փուլ (Արխեյ-Պրոտերոզոյ)

Որոշ հեղինակներ գտնում են, որ ամենավաղ տեկտոնական շարժումները տեղի են ունեցել է 1,5-1,7 միլիարդ տարի առաջ: Ամենավաղ ծալքավորությունը գրենվիլյանն է, որն ընթացել է ստորին Պրոտերոզոյում: Սրան հաջորդել է բայկալյան ծալքավորումը (ուշ Պրոտերոզոյ – վաղ Պալեոզոյ): Երկրակեղևի հիմքը բյուրեղային կառուցվածք է ունեցել և ծալքավորվել է: Հետաքրքիրն այն է, որ օվկիանոսային տիպի երկրակեղևը նստվածքակուտակման, գրանիտացման և ծալքավորվելու հետևանքով վերածվել է ցամաքային տիպի, տեղ-տեղ առաջացել են կրատոններ (հնագոյն պլատֆորմներ):

2. Կալեդոնյան փուլ

Կալեդոնյան ծալքավորությունն ընթացել է միջին Պալեոզոյում և մեծ զարգացում չի ունեցել: Ըստ Վ. Ե. Խաինի՝ ծույլ ծալքավորում է: Հրաբխականություն չի եղել:

3. Հերցինյան փուլ

Հերցինյան ծալքավորությունն ընթացել է վերին Պալեոզոյում: Այն արտահայտվել է բավական մեծ ուժգնությամբ: Տեղի է ունեցել հզոր կարբոնատացում, նստվածքային և նստվածքահրաբխային շերտախմբերի խիստ ծալքավորում: Այս փուլում են տեղի ունեցել սուբդուկցիայի (սալի անցումը դեպի միջնապատյան, որը գտնվում է անմիջապես երկրակեղևի տակ՝ սկսած 20-80 կմ խորություններից), սպրեդինգի (օվկիանոսային կեղևի ընդարձակում) և օբդուկցիայի (սալերի վրաշարժ) պրոցեսներ, որոնց արդյունքում երկրակեղևի որոշ հատվածներ թաղվել են միջնապատյանի մեջ՝ տեղիք տալով նոր հրաբխականության: Անդրկովկասում՝ Ռիոն-Կուրի դաշտավայրի տեղում, առաջացել է ոչ բարձր լեռնաշղթա, և նրանից լվացված նյութերը նստել են Սևանի ավազանում:

4. Կիմերեյան փուլ

Կիմերեյան ծալքավորությունը տեղի է ունեցել միջին Մեզոզոյում՝ Յուրայում և ուշ Մեզոզոյի սկզբում՝ վաղ Կավճում, երբ առաջացել են ծայրահեղ ուժգնության երևույթներ՝ երկրակեղևի աննախընթաց կքում, նստվածքագոյացում, հրաբխականություն, ներժայթուկների առաջացում, ծովի խոշոր ներթափանցում դեպի ցամաք: Յուրայում Արաբական սալը պոկվեց Գոնդվանայից և շարժվեց դեպի հյուսիս: Դեպի հյուսիս հեռացավ նաև Իրանական սալը, որի հյուսիսարևմտյան եզրը հասնում է մինչև Սևանի ավազանի հանքավայրերի շրջան: Կիմերեյան ծալքավորության ընթացքում առաջացել է Փոքր Կովկասի գեոսինկլինալը: Կավճի վերջում ընթացել է լարամյան ծալքավորությունը, որի ընթացքում Տավրոսի պալեոզոյան համալիրները վրաշարժ են ունեցել վերին կավճի համալիների վրա՝ դեպի Արաբական պլատֆորմ:

5. Ալպյան փուլ

Ալպյան ծալքավորության ընթացքում տեղի են ունեցել խոշոր ծովաշարժեր, Լեռնաշխարհի մեծ մասը ծածկվել է ծովով: Ապա տեղի է ունենում բարձրացում. սկսած կավճի ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բարձրացել է 3-3,5 կմ, Տավրոս-Զագրոսյանը՝ 2-3 կմ: Տեղի են ունեցել ինտենսիվ նստվածքագոյացում, ծալքավորման պրոցեսներ, հրաբխականություն, տեկտոնական պրոցեսներ, երկրակեղևի առանձին փողրակների կքման պրոցես: Սև և Կասպից ծովերի ավազանները կապ են ունեցել Ալաշկերտի, Թավրիզի, Սևան-Հրազդանի, Նախիջևանի, Վանա լճի և այլ ավազանների հետ:

6. Նորագույն փուլ

Նորագույն էտապն ընգրկում է միջին նեոգենից մինչև մեր օրերը: Տեղի է ունեցել հզոր ծովարշավ, ուժգին հրաբխականություն: Հայաստանում տեղի են ունեցել կառույցների շրջադասության երևույթներ: Այսպես, օրինակ, այժմյան Անդրկովկասյան իջույթում՝ Մեծ Կովկասի ու Փոքր Կովկասի միջև, գոյություն է ունեցել լեռնային համակարգ, որի բեկորը այժմյան Ձիրուլյան զանգվածն է: Հետագայում այն իջել է, դրա փոխարեն Փոքր Կովկասի համակարգը բարձրացել է: Նեոգենում կլիման տաք էր ու խոնավ, աճում էր մշտադալար բուսականություն: Ոմանց կարծիքով հասարակածն անցնում էր Հայաստանի տարածքով: Տեղի են ունեցել նաև գետային ցանցի վերակառուցում, կլիմայի և բուսականության զգալի փոփոխություններ:

Չորրորդական ժամանակաշրջանը՝ անթրոպոգենը, հայտնի է տեկտոնական շարժումներով, լավային ոչ մասսայական արտավիժումներով, լավային արգելափակման լճերի առաջացմամբ (որոնցից մեկն էլ Սևանա լիճն է), կլիմայի զգալի տատանումներով, որի պատճատով զարգացել են սառցապատման երևույթները, տեղի է ունեցել գետային ցանցի վերակառուցում: Ներկայումս շարունակվում են երկրակեղևի առանձին բեկորների տարբերակված բարձրացում-իջեցումները: Օրինակ՝ Արագածը, Գեղամա լեռները բարձրանում են, իսկ Արարատյան և Շիրակի դաշտերը, Սևանա լճի հատակը իջնում են: Գեոդեզիական չափումներով պարզվել է, որ Շիրակի լեռներում և Աշոցքում տարեկան բարձրացումը կազմում է 12 մմ, մինչդեռ Շիրակի դաշտն իջնում է: Հենց այս բեկորների ուղղաձիգ շարժումների կարի վրա էլ տեղի ունեցավ 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը: Նման օրինակները շատ են: