Հայաստանի տեկտոնիկան մաս 1

Հայաստանի տեկտոնիկան մաս 1

with No Comments

Հայաստանի տեկտոնիկան

Հայաստանն աշխարհի ամենաբարդ տեկտոնական կառուցվածք ունեցող շրջաններից մեկն է: Երկրի մակերևույթը մեկ ընդհանուր միասնություն է կազմում, ուստի մեր երկրամասի ձևավորումը պետք է դիտենք համամոլորակային պրոցեսների ֆոնի վրա: Սրանից շուրջ 200-250 մլն տարի առաջ, պալեոզոյան դարաշրջանի վերջում Երկիր մոլորակի վրա գոյություն ունեին երկու խոշոր ցամաքներ՝ Լավրասիան՝ հյուսիսում (Հյուսիսային Ամերիկան և Եվրասիան (առանց Հինդուստան և Արաբական թերակղզիների) միասին) և Գոնդվանան՝ հարավում (Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքներն ու Հինդուստան և Արաբական թերակղզիները միասին):

Մոտ 200 մլն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանում սկսվեցին այդ ցամաքների տրոհումն ու Թետիսի տակ ճկուն երկրակեղևի (գեոսինկլինալ) ինտենսիվ ծալքավորումն ու երկրակեղևի մասնատումը: Ավելի վաղ՝ 1-1,5 մլրդ տարի առաջ ևս Թետիսում եղել են ծալքավորման-լեռնակազմական պրոցեսներ և որոշ հատվածներ վերածվել են պլատֆորմների (ֆրանսերեն՝ պլատե – հարթ և ֆորմե – ձև): Հյուսիսային և Հարավային Ամերիկաները պոկվեցին Եվրասիայից ու Աֆրիկայից և միջնապատյանի վրայով սահեցին դեպի արևմուտք: Այսպես առաջացավ Ատլանտյան օվկիանոսը:

Գոնդվանայից պոկվեցին ու հեռացան Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա մայրցամաքները, Հինդուստան և Արաբական թերակղզիները, իսկ Աֆրիկան, չնայած շարժումներ ունեցել է, հարաբերական առումով մնացել է տեղում: Հինդուստան թերակղզու բեկորը դեպի հյուսիս-արևելք շարժվեց տարեկան 10-12 սմ արագությամբ և, ճզմելով Թետիսի գեոսինկլինալը, առաջացրեց Պամիրի լեռնակուտակը, Կարակորումն ու Հիմալայները, իսկ Արաբական թերակղզին, որպես պլատֆորմային սալ, պոկվեց Աֆրիկայից և, տարեկան 2-4 սմ արագությամբ շարժվելով դեպի հյուսիս ու ճզմելով Հայկական լեռնաշխարհի տեղում եղած գէոսինկլինալը, առաջացրեց Հայկական լեռնաշխարհի լեռնակուտակը:

Այս շարժումները կապված էին երկրակեղևի տակ տեղի ունեցող մագմայի հզոր շիթային շարժումների հետ, որոնք այժմ էլ շարունակւում են: Գտնվելով Թետիսի հատակում՝ Հայկական լեռնաշխարհի երկրակեղևը միլիոնավոր տարիներ շարունակ ենթարկվել է ամենաբազմազան պրոցեսների ազդեցությանը: Լավրասիայից ու Գոնդվանայից լվացված-տեղատարված նյութերը նստել են Թետիսի հատակին՝ առաջացնելով, գումարային հզորությամբ, 20 կմ հաստությամբ ծովային նստվածքներ: Այդ ծանրության ազդեցությամբ երկրակեղևը ճկվում էր և հաճախ հասնում այնպիսի խորությունների, որտեղ բարձր ջերմաստիճանի պայմաններում ապարները փոխակերպվում էին. կրաքարը դառնում էր մարմար, կավը՝ կավային բյուրեղային թերթաքար և այլն:

Տավրոս-Կովկասյան սեգմենտի ֆոնի վրա առանձնացվում են մերձզուգահեռականի ուղղությամբ ձգվող տեկտոնական գոտիներ, որոնցից միայն երեքն են անցնում Հայաստանի տարածքով:

1. Պոնտոս-Փոքր Կովկաս-Էլբուրս գոտի:

Ընդգրկում է Արևելյան Պոնտոսի, Աջարա-Իմերեթյան, Փոքր Կովկասի, Ղարադաղի, Թալիշի և Էլբուրսի լեռնային համակարգերը: Գոտու ամբողջ երկարությամբ ձգվում են մեզոզոյան հասակի ծովային նստվածքներ, հատկապես՝ կարբոնատներ: Հանդիպում են պրոտերոզոյան փոխակերպային ապարների ելքեր (Արդահան, Ձիրուլյան, Արզական, Ղարադաղ և այլն): Շատ են նաև հրաբխային ապարները:

2. Անատոլիական-Հայկական-Իրանական գոտի:

Ընդգրկում է Փոքր Ասիայի կենտրոնական հատվածը, Հայաստանի Միջնաշխարհը և անցնում դեպի Իրանական սարահարթ: Գրականության մեջ հաճախ հիշատակվում է Անատոլա-Իրանական գոտի: Գոտու երկարությամբ ձգվում են ամրակուռ զանգվածներ, որոնց միջև տարածվում են ծալքավոր լեռներ, հորստեր (բարձրացումներ) ու գրաբեններ (իջույթներ): Ս. Բալյանը գոտին անվանում է հերցինյան (ուշ Պալեոզոյ) զանգված (1969 թ.): Այստեղ հանդիպում են գնեյս, ամֆիբոլիտ, կվարցային-փայլարային թերթաքարեր, գրանիտոիդներով պատռված ֆիլլիտներ: Գոտում մեծ տարածում ունի հրաբխականությունը:

3. Տավրոս-Զագրոսյան գոտի:

Եզերում է Արաբական պլատֆորմը հյուսիսից: Այդ պլատֆորմը շարժվում է դեպի հյուսիս՝ պալեո-մեզոզոյան վրաշարժային համալիրի տակ: Պլատֆրոմային ծածկույթի հզորությունը 10-12 կմ է: Գոտու կառույցները հնագույն փոխակերպված ապարներ են, որոնք եզրավորված են ուշ Պալեոզոյի, վերին Մեզոզոյի և վաղ Կայնոզոյի կառույցներով: Լեռնաշխարհում գոյություն են ունեցել երկրակեղևի կոշտ զանգվածներ, որոնց շուրջ ձևավորվել են լեռնաշղթաները: Այդ զանգվածներն են Անատոլականը՝ արևմուտքում, Վրացականն ու Վանդամյանը (Քյուրդամիրյան)՝ հյուսիս-արևելքում, Արաբականը՝ հարավում, և Հերցինյան զանգվածը (Անատոլա-Իրանական սուբպլատֆորմ)՝ կենտրոնական մասում:

 

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։