Հայկական լեռները յուրահատուկ են

Հայկական լեռները յուրահատուկ են

with No Comments

Տարբեր մշակույթներում լեռները հոգևոր խմորումների կենտրոններ են հանդիսանում։ Այդպես է նաև հայկական մշակույթում։ Բայց հայկական լեռները ունեն բացառիկ մի առանձնահատկություն․ դրանք Հիմալայների և Անդերի հետ աշխարհի այն բացառիկ վայրերն են, որտեղ մինչև օրս պահպանվել են հնագույն մարդու հետքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մարդը դարերի ընթացքում զգուշորեն ներթափանցել լեռների խորհրդավոր միջավայրը՝ պահպանելով վերջիներիս սրբազան նշանակությունը։

 

Հայկական լեռները յուրահատուկ են նրանով, որ, ի տարբերություն, օրինակ, կտրուկ վեր խոյացող Ալպերի, բարձրանում են աստիճանաբար՝ ստեղծելով սարահարթեր, որոնք դարերի ընթացքում մարդն օգտագործել է որպես իր կենսատարածքի լրացուցիչ միջավայրեր։ Հայկական լեռները հարուստ են ջրերով(աղբյուրներով, լճերով), բուսականությամբ, կենդանական աշխարհով և օգտակար հանածոններով։ Դրանց պարզությունն ու վեհությունը ուղղակի ազդեցություն են թողել հայ հոգևոր և նյութական մշակույթի զարգացման բոլոր բնագավառների վրա։

Սարերը եղել են հայկական լեռնաշխարհի հին ու նոր մշակութային համակարգերի կարևոր ուղենիշը, որոնց շուրջը նրանք զարգացրել են իրենց հեքիաթային «տեսիլքները»։

 

Առանձնահատուկ զգացում է ապրում գիտնականը, երբ բարձրանում, առավել ևս՝ ուսումնասիրում է լեռները։ Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, փորձում է հետազոտել հայկական լեռների կարևորագույն երևույթներից մեկը՝ վիշապաքարը։ Մասնավորապես, տարբեր ուղղությունների գիտնականների մասնակցությամբ, իրականացվում են բազմակողմանի հետազոտություններ՝ ներառելով հատկապես բնական գիտությունների հնարավորությունները և փորձելով միջմասնագիտորեն լուծել վիշապաքարերի թվագիտության, տարածական բաշխվածության և նշանակության խնդիրը։

 

Այս հետազոտությունները փորձում են վիշապաքարը դիտարկել վաղ հասարակություններում կենսատարածքի կազմակերպման ընդհանուր օրինաչափությունների լույսի ներքո։ Պարզվում է, որ հայկական լեռները ոչ միայն աշխարհագրական կուռ մի համակարգ են ներկայացնում, այլև ստեղծում են տեսանելության այնպիսի դաշտեր, որոնք ներկայանում են որոշակի մշակութային փոխկապակցվածության համակարգում՝ ունենալով ինչպես էսթետիկական( գեղեցիկ բնապատկերը, տարածություն գիտակցումը), այնպես էլ կապվածության նշանակություն։

 

Լեռնաշխարհի կարևոր բարձունքները անպայմանորեն սրբավայրեր են եղել (ինչպես բնական, այնպես էլ արհեստական), որտեղից լայն տեսարան է բացվել։ Այսպես, Վարագա լեռնահովտի մեջ, քարաբարձունքին գտնվող Աստղկա բերդ սրբավայրը շրջապատված էր բնական հրաշալի տեսարաններով։ Մուշի Տիրինկատարից բացվում էր լայն ու հիանալի տեսարան։ Բյուրակն ու Վարագա լեռներից երևում էին Արագածը և Արարատը ։ Մուշի շրջակայքի բարձունքներից երևում էին Արարատը, Բյուրակնը, Նեմրութը, Գրգուռը, Ծաղկանց լեռները: Փարվանա լճի մոտ գտնվող Աբուլի երկգագաթ սարից հյուսիս-արևելք գտնվող Գորդորեբի գագաթից երևում էին Արագածը և Արարատը:

 

Արսեն Բոբոխյան – Հեքիաթից դեպի Հնագիտություն

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հավանեցի՞ք նյութը։