Աշխարհագրություն

Աշխարհագրություն

with No Comments

Հնէաշխարհագրություն

Հնէաշխարհագրությունը  Հայաստանի տարածքի հնէաշխարհագրական բնութագիրը տրվում է անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանի համար պլիոցենի վերջից մինչև հոլոցեն, որը տարածքի այժմյան լանդշաֆտների ձևավորման գործում ունեցել է որոշիչ նշանակություն:

Հայաստանի ռելիեֆի ձևավորման գործում մեծ դեր են ունեցել Միոցեն-Անթրոպոգենի մասնակի ծալքավորությունները: Ինչ վերաբերում է տարածքի վերջնական ցամաքայնացմանը, ապա այն սկսվում է ստորին Պլիոցենի սկզբից՝ սարմաթի դարից հետո:

Անթրոպոգենի ժամանակաշրջան

Անթրոպոգենի ժամանակաշրջանին բնորոշ են կլիմայի ընդհանուր ցրտեցումն ու մինչ այժմ եղած չորս սառցապատումները: Ռելիեֆի և կլիմայական պայմանների փոփոխությանը զուգընթաց փոխվում են նաև հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը: Այս փոփոխությունների մեջ զգալի դեր ունեն տեղային գործոնները: Վերջիններս պայմանավորել են Հայաստանի լանդշաֆտների զարգացումը: Մակերևույթը հիմնականում ձևավորվել է վերին պլիոցենում: Այս ժամանակաշրջանում արդեն ձևավորվել էին Հայաստանի լանդշաֆտները՝ բացառությամբ կիսաանապատայինի ու նիվալի: Տափաստանները, կլիմայական պայմաններից ելնելով, մեծ տարածում չեն ունեցել: Կլիմայական պայմանները նպաստավոր են եղել մարգագետնա-տափաստանների, անտառատափաստանների և անտառների համար: Վերոնշյալ ժամանակաշրջանում անտառապատ տարածքն ավելի ընդարձակ էր, իսկ անտառներն ավելի խիտ, քան՝ այժմ:

Բարձր լեռնաշղթաներով շրջապատված լինելով պայմանավորված չորրորդական ժամանակաշրջանում կլիմայի ցրտեցման ժամանակ Հայաստանում ջերմաստիճանի իջեցումը չի գերազանցել 1,5-2°C-ը: Ռիսյան սառցապատման ժամանակ կլիմայի աննշան ցրտեցման հետևանքով սառցապատվում են միայն ձյան գծից վեր բարձրացած լեռնագագաթները: Այսպիսով՝ միջին Անթրոպոգենում (ռիս) հանրապետության լանդշաֆտները համալրվում են նիվալ, իսկ ռիս-վյուրմյան միջսառցային ժամանակաշրջանում՝ կիսաանապատային լանդշաֆտներով: Սառցապատման չենթարկված լեռնաշղթաներում լանդշաֆտային գոտիները ավարտվում են ալպյան մարգագետնային լանդշաֆտով: Սրանք, գլխավորապես Հայկական հրաբխային բարձրավանդակում, անթրոպոգենի սկզբին իջնում են դեպի ցած, իսկ երկրորդ կեսին, սեղմվելով, բարձրանում վեր: Սրա հետևանքով ընդլայնվում են տափաստանային և մարգագետնա-տափաստանային լանդշաֆտները:

Սառցադաշտերի հալման շնորհիվ վերականգնվում են հին լճերը, առաջանում են նորերը: Անթրոպոգենի վերջում տեկտոնական պրոցեսների և կլիմայի փոփոխության հետևանքով փակ գոգավորությունների ու հովիտների լճերն աստիճանաբար վերանում են: Բացառություն է կազմում միայն Սևանա լիճը, որի գոգավորությունն է՛լ ավելի է խորանում: Խոնավության տեղային աղբյուրների՝ լճերի անհետացումը, մակերևույթի մասնատումն ու տարածքի ընդհանուր և Մեծ Կովկասի շարունակվող բարձրացումն ազդում են կլիմայական պայմանների վրա: Վերին անթրոպոգենում կլիման ավելի չոր ու ցուրտ էր, հետևաբար՝ ավելի խիստ ցամաքային բնույթ ուներ: Այս ժամանակաշրջանում հաստատվում է ՀՀ լանդշաֆտների ժամանակակից տեղաբաշխումը: Հոլոցենին է վերագրվում նաև տափաստանային ու անապատային լանդշաֆտների առաջացումը Հայաստանում: