Հայկական լեռնաշխարհ բուսականությունը.

Հայկական լեռնաշխարհ բուսականությունը.

with No Comments

Հայկական լեռնաշխարհի կլիմայական պայմանների բազմատեսակությունն իր խոր ազդեցությունն է թողել բուսական աշխարհի վրա’ այստեղ ևս առաջ բերելով խիստ բազբազանություն: Բուսականությունն այս լեռնային երկրում ուղղաձիգ գոտիներ է տալիս’ ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության:

Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի հողը բերի է: Երկիրը նպաստավոր է գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերի’ երկրագործության և անասնապահության համար:

Ցածրադիր մասերում’ ծովի մակերևուկթից 500-1000 մ բարձրության վրա գտնվող հարթություններում (Արարատյան դաշտ, Մեղրու և Ղափանի հովիտներ, Արևմտյան Տիգրիսի հովիտ և այլն) արհեստական ոռոգման դեպքում հաջողությամբ աճում են չոր մերձարևադարձային մշակույթներ’ բամբակ, նուռ, թուզ, ծխախոտ և այլն: Այս գոտում հացահատիկային կուլտուրաների հետ միասին մշակում են բրինձ: Մեծ տարածում ունի կորիզավոր պտուղների և խաղողի մշակումը: Հնագույն ժամանակներից սկսած Հայաստանը նշանավոր է իր խաղողով, ծիրանով, դեղձով և բազմաթիվ այլ պտուղներով, որոնք իրենց որակով չեն զիջում աշխարհի որևէ այլ երկրի պտուղների տեսակներին: Հին և միջին դարերում պտուղների մի զգալի մասը, գլխպավորապես չորացրած վիճակում, արտահանվել է զանազան երկրներ:

Ցածրադիր այս գոտում բավականին ընդարձակ տարածք են գրավել ճահիճները: Մեզ հասած վկայությունների համաձայն հսկայական ճահիճներ կային Արմավիրի, Վաղարշապատի, Արտաշատի, Մանազկերտի շրջակայքում, ինչպես նաև ավելի բարձրադիր գոտիներում’ Կարնո շրջնում, Մուշում, Ալաշկերտում: Կիսաանապատային այդ գոտու ամենատարածված բույսը օշինդրն է: Ցածրադիր գոտուց վեր’ ծովի մակերևույթից 1100-1500 մ բարձրության վրա ընկած է նախալեռնային գոտին, որի համար բնորոշ մշակույթները հացահատիկներն են, ցորենը, գարին, տարեկանը, հաճարը, կորեկը, իսկ ցածրադիր մասերում’ մինչև 1300 մ բարձրության վրա խաղողի ու կորիզավոր պտուղների մշակույթը:

Հացահատիկներով առանձնապես աչքի են ընկել Շիրակը, Ալաշկերտը և Մուշը: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է: Նախալեռնային գոտուց վերև տարածվում է լեռնային գոտին, որը ծովի մակերևույթից ունի 1500-2000 մ բարձրություն: Հացահատիկների ցանքերը լեռնային այդ գոտում երբեմն վնասվում են վաղահաս ցրտերից:
Լեռնային գոտու բարձր շերտերում’ 1900-2000 մետրից վեր, տարածվում են ալպյան մարգագետինները, որոնք բռնում են ընդարձակ տարածություններ: Ալպյան մարգագետիններով առանձնապես հարուստ են Բյուրակնյան, Հայկական Տավրոս, Խոնավ, Մրղուզի, Սևանի, Գեղամա և Զանգեզուրի լեռների բարձրադիր լանջերը:

Անտառներով Հայկական լեռնաշխարհն աղքատ է: Նրա կենտրոնական մասերը, եթե չհաշվենք լեռնային շրջաններում տեղ-տեղ երևացող առանձին պուրակները, գրեթե անտառազուրկ են: Անտառները մեծ տարածություն են գրավում նրա հյուսիսային և հարավ-արևմտյան մասերում: Մեծ զանգվածներով անտառներ գտնվում են Արցախում, Գուգարքում, Տայքում, ինչպես նաև Սյունիքի որոշ մասերում: Եղիշեն Արցախի անտառները կոչում է «թանձրախիտ մայրիք», Մովսես Խորենացին, նկատի ունենալով Տայքի անտառապատությունը, նրա բնությունը բնորոշում է հետևյալ խոսքերով’ «…գիջին մառախլապատ տեղիք մայրեաց»:

Անտառները մեծ տարածություններ են բռնում նաև Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան և հարավային մասերում, հատկապես Դերսիմում, Արևելյան Տիգրիսի ավազանում և Վանա լճից հարավ ընկած շրջաններում:
Հայկական լեռնաշխարհի մյուս շրջաններում ցրված են առանձին փոքր պուրակներ, որոնք ունեն միայն տեղական նշանակություն: Մեզ հասած հիշատակություններից պարզ երևում է, որ հնում Հայկական լեռնաշխարհում անտառները շատ ավելի լայն տարածություն են գրավել, քան այժմ:

Հայկական լեռնաշխարհի անտառների ծառատեսակների մեծ մասը լայնատերև է:
Առանձնապես տարածված են հետևյալ ծառատեսակները’ կաղնի, հաճարի, բոխի, թխկի, հացենի, կեչի, իսկ Զանգեզուրի, Լոռու և Ղարաբաղի անտառներում’ մեծ քանակությամբ վայրի պտղատու ծառեր և թփեր (առավելապես տանձ, խնձոր, սալոր, մոշ, մոռ): Որոշ շրջաններում (Մեղրի, Ղափան, Սասուն,Վանա լճի ավաղան և այլն)անտառային պուրակներ են կազմում ընկուզենիները:Հին հայաստանում տնկվել են մի քանի պուրակ-անտառներ:

 

Դրանցից համեմատաբար նպանավոր են եղել Արմավիր մայրաքաղաքի մոտ գտնվող սոսիների պուրակը («Սոսյաց անտառը», մ.թ.ա. 3-րդ. դ.), Բագարանի շրջանում’ «Ծննդոց անտառը» (մ.թ.ա. 3-րդ. դար) և Արտաշատ-Դվինի մոտ գտնվող արհեստական անտառը: Վերջինս տնկվել է Խոսրով Բ Կոտակի օրոք (330-338թթ.): Խոսրով Կոտակը Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական և դիրքային աննպաստ պայմանների պատճառով արքունական պալատներ է կառուցում քաղաքից հյուսիս մի բարձրադիր տեղում, որի շուրջը հետագայում ծավալվում է Դվին մայրաքաղաքը: Միաժամանակ, նրա հրամանով տնկվում է այն ժամանակվա համեմատ բավականին ընդարձակ մի անտառ, որը բաղկացած էր կաղնիներից:

Խոսրովի օրոք տնկված այդ անտառը սկսվում էր Գառնի բերդի մոտից, տարածվում է Ազատ ու Վեդի գետերի ջրբաժանեով’ մինչև Դվինի Տիկնունի ապարանքը, ապա այնտեղից էլ մինչև Արտաշատ և Արաքս: Այդ անտառը բաղկացած էր երկու մասից, որոնք պարսպապատված էին առանձին-առանձին: Առաջին մասը կոչվում էր «Տաճար Մայրի», իսկ երկրորդը’ «Խոսրովակերտ»: Այնտեղ թագավորական որսի համար պահվում էին զանազան տեսակի բազմաթիվ կենդանիներ:
Այգիների տնկման մասին արձանագրություն է թողել նաև հայոց արքա Ռուսա 2֊րդը, մթա 7֊րդ դարում։

Ըստ  քարտեզագիր, պատմաբան Գեղամ Բադալյանի

Հավանեցի՞ք նյութը։