Հայաստանի կլիման

Հայաստանի կլիման

with No Comments

Ինչպես ցանկացած վայրի, այնպես էլ՝ Հայաստանի կլիման ձևավորվում է ընդհանուր և տեղային գործոնների ազդեցությամբ: Այդ գործոններից գլխավորներն են աշխարհագրական դիրքը, մթնոլորտի շրջանառության առանձնահատկությունները, ռելիէֆի բնոյթը:
Հայաստանի աշխարհագրական դիրքը ներառում է.
1. Հյուսիսային կիսագնդի միջին լայնությունները,
2. Միջերկրական, Սև և Կասպից ծովերի մոտիկությունը,
3. Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների և Արաբական անապատների հարևանութիւնը:

Ընդհանուր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հայաստանն ունի մերձարևադարձին բնորոշ բոլոր հատկանիշները. հատկապես՝ տարվա բոլոր եղանակների լավ արտահայտվածությունը, ջերմաստիճանների և մթնոլորտային տեղումների սեզոնային բաշխումը: Արեգակի ճառագայթների անկման անկյունը հունիսին 75 աստիճան է, իսկ դեկտեմբերին՝ 27:Հայաստանին բնորոշ են նաև կլիմայական հակադրությունները: Պատճառը լեռնային ռելիէֆն է:
Հայաստանում դիտվում է օդային զանգվածների ներխուժումների չորս հիմնական տեսակ՝ ա) արևմտյան, բ) արևելյան, գ) միաժամանակ արևմտյան և արևելյան, դ) ցիկլոնների աշխուժացում:

Մթնոլորտի ընդհանուր շրջանառության մեջ տիրապետում է արևմտյան հոսքը, որի հաճախականութիւնից է կախված թափվող տեղումների քանակը:
Տարվա տաք կեսին օդի առավելագույն ջերմաստիճանը բարձրանում է մինչև 45°C, հարաբերական խոնավությունն իջնում է մինչև 10%, առաջանում են երաշտային եղանակներ: Առաջավոր Ասիայում գործող ցածր ճնշման դաշտի ազդեցությամբ թուլանում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը, զարգանում են տեղային պրոցեսները՝ լեռնահովտային քամիներ, զեփյուռ և այլն: Գոգավորություններում լեռնահովտային քամիների արագությունը հասնում է 15-20 մ/վրկ: Արարատյան դաշտում լեռնահովտային քամիներ փչում են Հրազդանի և Արայի լեռան կողմերից:

Ձմեռը Միջնաշխարհում երկարատև է, ձյունառատ: Լեռներում հաճախ մոլեգնում է ձնախառն բուքը, փակվում են լեռնանցքները, հաստատվում են սառնամանիքային եղանակներ: Օդի բացարձակ նվազագոյնը իջնում է մինչև -46°C:
Լեռնային ռելիեֆի գլխավոր օրինաչափությունն այն է, որ յուրաքանչիւր 200 մ վեր բարձրանալիս ջերմաստիճանը 1°C-ով նվազում է, իսկ 4200 մ-ից սկսած՝ ձյունը շուրջտարի պահպանվում է:
Շրջապատի ծովերը կլիմայի վրա ունեն նշանակալի ազդեցություն: Ամենից մեծ ազդեցությունն ունի Միջերկրական ծովը, որովհետև օդային զանգվածներն առավել հաճախ այդ կողմից են ներթափանցում, և ամենից փոքր ազդեցութիւն՝ Կասպից ծովը:
Տեղումները շատ չեն: Միջնաշխարհի միջին բարձրություններում տեղումների քանակը 400-600 մմ է, Արարատյան, Նախիջևանի և Ուրմիայի գոգավորությունների հատակում՝ 300-ից պակաս: Տեղումները համեմատաբար առատ են եզրային լեռնաշղթաների արտաքին լանջերին՝ տարեկան մինչև 3000 մմ: Ձմռանն ամենուրեք ձյուն է տեղում, բայց կայուն ձնածածկույթ գոյանում է 1300-1600 մ-ից բարձր վայրերում: Դրանից ցած կայուն ձյունածածկույթ հաստավում է ոչ ամեն տարի: Ձյան շերտի հաստությունն աճում է ըստ տեղանքի բարձրության՝ որոշ տեղերում անցնելով 2 մետրից:

Հայաստանին բնորոշ են հորդառատ անձրևներով և կարկուտներով ուղեկցվող ամպրոպները, սրանք հաճախ դառնում են սելավառաջացման պատճառ: Սովորական են ուշ գարնանը և վաղ աշնանը դիտվող ցրտահարությունները:
Մթնոլորտի աղտոտվածությունը
Վերջին տասնամյակներում առավել հաճախ է խոսվում կլիմայի համամոլորակային փոփոխությունների մասին: Դրա պատճառներից մեկը մթնոլորտի աղտոտվածությունն է, Քանի որ…
Ընդհանրապես, ժողովրդի մեջ այն համոզմունքը կա, որ անձրևի կամ ձյան ջուրը պետք է շատ մաքուր լինի, չէ՞ որ գոլորշիները լուծված նյութեր չեն պարունակում: Սակայն իրականում այդպես չէ, և այստեղ մեծ է մարդու ազդեցությունը: Գործարաններից և/կամ փոխադրամիջոցներից արտանետված թափոնները, լուծվելով անձրևաջրերի մեջ, իջնում են հողաշերտի մէջ:
Երևանում ջերմակայանի շրջանից վերցրած թարմ ձյան հալումից մեկ լիտր ջրում հայտնաբերվել են մոտ 300 մգ բաղադրամասեր. ակունքի խմելու ջրում եղածից կրկնակի շատ: Արդյունաբերական շրջաններում, որտեղ շատ կան ջերմակայաններ և որտեղ ծանրաբեռնված է տրանսպորտային ցանցը, մթնոլորտային ջրերի հանքայնացումը 100 մգ/լ-ից աւելի է:

Այս տեսակետից Հայկական լեռնաշխարհում առավել աղտոտված տեղումներ թափվում են Արարատյան դաշտում, որը կապվում է Երվանի, Արարատի արդյունաբերական և տրանսպորտի թափօնների հետ:
Ձմռան ամիսներին ջերմաստիճանային շրջադասության պայմաններում առաջանում է թունամշուշ /սմոգ/:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում մթնոլորտային ջրերում նկատվում է աղտոտման մակարդակի աճ, որը կապվում է մթնոլորտի համամոլորակային աղտոտման հետ:

Հաճախ է պատահում, որ Հայաստանի տարածք են թափանցում արևադարձային օդային զանգվածներ, որոնք բերում են մեծ քանակությամբ անապատային փոշի: Մթնոլորտային տեղումների հետ այդ փոշին իջնում է գետնին: Եղել են դեպքեր, երբ կարմիր ձյուն է տեղացել. դա անապատային փոշու և ձյան խառնուրդն է:

 

Ըստ քարտեզագիր, պատմաբան Գեղամ Բադալյանի։

Հավանեցի՞ք նյութը։