Կամուրջներ չհանդուրժող Արաքսը

Կամուրջներ չհանդուրժող Արաքսը

with No Comments

Հայոց պատմության ընթացքում քիչ չեն եղել դեպքերը երբ հայ ազգը զրկվել է իր պետականությունից:

387թ.-ին՝ քրիստոնեության ընդունումից 86 տարի անց, Հայաստանը առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

428 թվականին մի խումբ նախարարների և փառամոլ հոգևորական Սուրմակ երեցի բողոքով Պարսից Վռամ արքան հրամայում է վերցնել թագավորությունը Արտաշես Արշակունուց:

Հայոց պետականությունը վերականգնվում է ավելի քան 450 տարի անց 885 թվականին Աշոտ առաջին Բագրատունու ձեռամբ:

 

 

Բագրատունյաց թագավորությունը կործանվում է 1045 թվականին` Պետրոս գետադարձ կաթողիկոսի և Վեստ Սարգսի դավադրությունների արդյունքում:

Հայոց պետականությունը հայրենի հողում վերականգնվեց միայն 850 տարի անց 1918 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը:

Փաստորեն Հայաստանը 850 տարի հեծկլտաց օտար լծի տակ և այդ ընթացքում ազգային ազատագրական պայքար ծավալվեց 12-րդ դարում Զաքարյանների կողմից, և 5-6 դարյա ընդմիջումից հետո`18-րդ դարի սկզբին, Դավիթ Բեկն եղավ հայոց նոր շրջանի ազատագրական պայքարի առաջնեկը:

Ահա այսպիսին է ազատագրական պայքարի պատմությունը հետքրիստոնեական շրջանում:

Իսկ ինչպիսի՞ն է այն նախաքրիստոնեական շրջանում:

Բերենք մեկ օրինակ.

Արտաշեսյան դինաստիայի անկումից մինչև Արշակունիների հաստատումը` 65 տարի:

 

 

1 թվականին կովկասյան լեռնականների դեմ մղված պայքարում զոհվեց Տիգրան 4-րդ Արտաշեսյանը, վերջինս արու զավակ չուներ և Հայ ազգի դիմաց ծառացավ արքայական նոր հարստության խնդիրը:

Հռոմը փորձում է միջամտել: Օգոստոս Օգտավիանոսի հեռագնա ծրագրերի համաձայն` Հայաստանի թագավոր է նշանակվում Ատրպատական-Մարաստանի արքա Արիոբարզանեսը:

Սակայն Արիոբարզանեսի` Հայաստանի թագավոր նշանակվելը տեղիք տվեց բուռն ապստամբական ելույթների, որոնք 2 թ. վերածվեցին հակահռոմեական հուժկու ապստամբության:

Հայաստան ժամանեց մեծաքանակ հռոմեական զորքը:

Հերոսական դիմադրություն ցույց տվեց հատկապես Արտագերս ամրոցը:

Եվ երբ հռոմեական զորքը հսկայական զոհերի գնով գրավեց ամրոցը և սկսվեցին բանակցությունները կողմերի միջև, բերդապահ Ադոնը անսպասելիորեն դաշույնահարեց հռոմեացի զորավարին:

 

 

Ճնշելով ապստամբությունը` հռոմեացիները Հայաստանում թագավոր հռչակեցին նախ Արիոբարզանեսին, ապա նրա որդուն` Արտավազդ 4-րդին, որոնք զոհ գնացին հայերի կազմակերպած վերժծնդրությանը:

Օգոստոսի հանձնարարությամբ գահ բարձրացավ Հրեաստանի թագավորի թոռը` Տիգրան 5-րդը, որը գահակալեց ընդամենը մի քանի ամիս և գահընկեց եղավ հայերի ապստամբության հետևանքով:

Ընդդիմանալով Հռոմին` հայերը գահ բարձրացրին Տիգրան 4-րդի քույր Էրատոյին, իսկ այնուհետև Վոնոն Արշակունուն:

18թ. հայերի համաձայնությամբ գահ բարձրացավ Զենոն Արտաշեսը:

Զենոնը վարում էր Հայաստանի պետական շահերից բխող քաղաքականություն, ուստի գահընկեց չեղավ և մահացավ իր բնական մահով: Զենոնի մահից հետո Հռոմը հայոց գահը հանձնեց վրաց արքայազն Միհրդատ Իբերացուն:

Նրա գահակալումը նշանավորվեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական հուժկու ապստամբությամբ, որի շնորհիվ Միհրդատը դուրս վռնդվեց, իսկ երկիրը մինչև 43 թ. վերականգնեց իր անկախությունը:

51 թ. հայոց գահը բռնազվթեց Միհրդատի եղբորորդի Հռադամիզդը` նախապես սպանելով հորեղբորը և նրա ամբողջ ընտանիքին:

 

 

52թ. պարթև Վաղարշ 1-ին Արշակունին և իր եղբայր Տրդատը մեծաքանակ զորքով մտնում են Հայաստան և դուրս վռնդում Հռադամիզդին:

Սակայն ցրտաշունչ ձմռան պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից: Հռադամիզդը վերադառնում է Արտաշատ և որոշում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ:

Բայց զինված ժողովուրդը շրջապատում է պալատը, և Հռադամիզդը փախուստի է դիմում`ճանապարհին դաշույնահարելով իր հղի կնոջը, որին փրկում են հայ հովիվները։

 

 

58 թ. Հռոմեացի զորավար Կորբուլոնը մեծաքանակ լեգեոններով ներխուժում է Մեծ Հայք:

Մտնելով Արտաշատ` Կորբուլոնը հրամայում է քանդել քաղաքը:

59 թ. դեպի Տիգրանակերտ շարժվող Կորբուլոնի զորքը հանդիպում է հայ հայրենասերների դիմադրությանը:

Երբ հռոմեացիները ճամբար էին խփել Տարոն Գավառում, մի խիզախ հայ ազնվական փորձում է սպանել Կորբուլոնին, սակայն վերջինիս վրանի մոտ հռոմեական պահակազորը բռնում է, և հայորդին քաջաբար զոհվում է:

 

61 թ. Արևելք է ուղարկվում Պետոս զորավարը:

Նա, մտնելով Հայաստան, բանակ է դնում Հռանդեա կոչվող վայրում:

Հայ-պարթևական զորքը ջախջախում է հռոմեական զորաբանակը`շրջապատելով Պետոսի ճամբարը:

Պետոսը հաշտություն է խնդրում:

Պարտված հռոմեացիներին ստիպում են ծնկաչոք անցնել նիզակի «անարգանքի լծի» տակով, ինչը մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող լեգեոնների համար:

64թ. Հայաստան է ժամանում Կորբուլոնը` բանակցություններ վարելու համար:

 

 

66թ. Տրդատը թագադրվում է Ներոն կայսեր կողմից, որպես Մեծ Հայքի թագավոր:

Տրդատին էր վիճակված կառուցելու Գառնիի հռչակավոր ամրոցը և ճարտարապետական ու հավատամքային մեծ նշանակություն ունեցող Արեգ-Միհրի տաճարը:

 

Փաստորեն` նախաքրիստոնեական Հայաստանում` Արտաշեսյան դինաստիայի անկումից կարճ ժամանակ անց` Հռանդեայի փառահեղ ճակատամարտից հետո, Հայաստանը վերականգնում է իր լիակատար անկախությունը, իսկ մինչ այդ գահակալած դրածո թագավորներից միայն Զենոն Արտաշեսն էր, որ արժանանալով հայ ազգի համակրանքին` գահընկեց չեղավ հայերի կողմից և մահացավ իր բնական մահով:

1-ին դարում հայ ժողովրդի դյուցազնական և շարունակական պայքարը Հռոմի դեմ, նրա ազատատենչ ոգին արտահայտվել են հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ`«կամուրջներ չհանդուրժող Արաքս», այսինքն` օտար տիրապետությունը չհանդուրժող Հայաստան:

Ահա այսպիսին էր հայ ժողովրդի ազատագրական պայքարը նախաքրիստոնեական Հայաստանում, իսկ ինչպիսի՞ն էր այն հետքրիստոնեական շրջանում:

Սովորենք պատմությունից․․․

Գոռ Ղազարյան

5/5 - (5 votes)

Հավանեցի՞ք նյութը։