Երևանի տարածքը երկիր մոլորակի վրա առաջիններից է, որ մուտք է գործել քաղաքակրթության և վաղ պետականության շրջան։
Այն կոչվում է վաղբրոնզեդարյան հնագիտական ժամանակաշրջան, որը տևել է մ.թ.ա. IV հազարամյակի կեսերից, մինչև մ.թ.ա. III հազարամյակի կեսերը։
Այդ մշակույթի գլխավոր կենտրոններից է Երևանյան լճի ափին գտնվող Շենգավիթ հնավայրը, ինչի պատճառով էլ Հայաստանի վաղբրոնզեդարի մշակույթը կոչվում է Շենգավիթյան։
Վաղ քաղաքային կյանքը Երևանի տարածքում սկզբնավորվել է Շենգավիթ հնավայրում՝ մ.թ.ա. IV հազարամյակի կեսերին։
6 հեկտար զբաղեցնող քաղաքատեղիում հնագիտական պեղումների արդյունքում բացվել են 900֊1000 շինություն։ Սրանից կարելի է ենթադրել, որ Շենգավիթում ապրել է նվազագույնը մի քանի հազար մարդ, որը հին արևելյան չափորոշիչներով բնորոշ էր քաղաքին։
Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են.
Ոսկրե իրեր (իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ ), պղնձե իրեր, զանազան ամաններ, օջախներ, հացահատիկի հորեր, աշխատանքային գործիքներ և զենքեր, արձանիկներ, հոնի և կեռասի կորիզներ։
1968թ. ստեղծվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը, որի համար գիտական հիմք են հանդիսացել Շենգավիթ հնավայրը և այնտեղից հայտնաբերված գտածոները:
Գտածոների մի մասը պահվում է Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում։