Կենսոլորտի կառուցվածքը և հիմնական ֆունկցիաները

Կենսոլորտի կառուցվածքը և հիմնական ֆունկցիաները

with No Comments

Երկրի վրա կենսոլորտի ձևավորումը պայմանավորված է հետևյալ գործոնների միասնությամբ`

  • երկրի գրավիտացիոն ձգողության ուժի,
  • տիեզերական ճառագայթման,
  • երկրի մթնոլորտում ածխաթթու գազի և թթվածնի պարունակության,
  • կարճ ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնության,
  • ջերմաստիճանի:

 

Կենսոլորտն ընդգրկում է ամբողջ ջրոլորտը (առավելագույն խորությունը Մարիանյան իջվածքում հասնում է մինչև 11022 մ), քարոլորտի վերին մասը (3–4 կմ) և մթնոլորտի ստորին մասը (մինչև 30 կմ): Մթնոլորտի վերին շերտերում կյանքի գոյության համար սահմանափակող գործոն է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը, քարոլորտում` ընդերքի բարձր ջերմաստիճանը (100°C-ից բարձր):

Կենդանի նյութի զանգվածի ամենամեծ խտությունը կենսոլորտում կենտրոնացած է ցամաքի և օվկիանոսի մակերևույթին, ջրոլորտի և մթնոլորտի, քարոլորտի և մթնոլորտի, ջրոլորտի և քարոլորտի շփման սահմաններին մոտ: Այդ սահմաններում գոյություն ունեն կյանքի գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

 

Ըստ Վերնադսկու ուսմունքի՝ կենսոլորտը կազմված է.

  •  կենդանի նյութից, որը ժամանակակից կենդանի օրգանիզմների զանգվածն է,
  • կենսածին նյութերից, ինչը դետրիտների (օրգանիզմների մանր մնացորդները կամ նրանց կենսագործունեության արգասիքները) բոլոր ձևերն են` տորֆ, ածուխ, նավթ, գազ և այլն:,
  • կենսահանքային նյութերից, որոնք հանդիսանում են կենսածին և ոչ կենսածին նյութերի խառնուրդ`
    հող, տիղմ, բնական ջրեր, նստվածքային կարբոնատների մի մասը և այլն:
  • հանքային նյութերից, որոնք կենդանի օրգանիզմների կենսաքիմիական ազդեցությանը չենթարկված
    հրաբխային և նստվածքային ապարներն են:

 

Հաշվարկները ցույց են տվել, որ կենսոլորտում՝ ըստ ածխածնի և էներգիայի պարունակության՝ կենդանի,
կենսածին և կենսահանքային նյութերը գտնվում են 1:20:4000 հարաբերության մեջ:
Բույսերը, շնորհիվ արեգակնային էներգիան քիմիական կապերի էներգիայի վերափոխելու իրենց կարողության, կատարում են համամոլորակային մասշտաբի մի շարք ֆունդամենտալ կենսաերկրաքիմիական ֆունկցիաներ:

 

Կենդանի նյութի էներգետիկ ֆունկցիան կապված է բույսերի կողմից ֆոտոսինթեզի պրոցեսում էներգիայի
կուտակման և սննդային շղթաներով այլ օրգանիզմներին դրա փոխանցման հետ:
Կենդանի նյութի գազային ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ բույսերը ֆոտոսինթեզի ու
շնչառության և կենդանիները շնչառության պրոցեսներում շրջակա միջավայրի հետ անընդհատ փոխանակվում
են թթվածնով և ածխաթթու գազով:

Կենսոլորտը պահպանում է բնակության միջավայրի և ընդհանուր առմամբ մթնոլորտի որոշակի գազային կազմը: Բույսերը զգալի դեր են խաղացել մթնոլորտի՝ վերականգնող միջավայրից (NH₃, H₂, CH₄) օքսիդացնող միջավայրի (O₂, CO₂) վերածման գործում, ինչպես նաև խիստ էական է նրանց դերը մթնոլորտի այսօրվա կազմի ձևավորման մեջ: Դրանք խստորեն կարգավորում են մթնոլորտում ողջ բիոտայի համար օպտիմալ O₂-ի և CO₂-ի քանակությունները:

 

Կենդանի նյութը կենսոլորտում կատարում է նաև խտացնող ֆունկցիա: Կենդանի օրգանիզմները, իրենց միջով անցկացնելով օդի և բնական լուծույթների մեծ ծավալներ, կատարում են քիմիական տարրերի և դրանց
միացությունների կենսածին միգրացիա և խտացում: Էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները սովորել
են նոսր լուծույթներից կլանել իրենց համար անհրաժեշտ նյութերը, մեծացնելով դրանց խտությունը իրենց
մարմնում:

Կենդանի նյութի օքսիդավերականգնման ֆունկցիայի շնորհիվ տեղի են ունենում բնական պայմաններում
չափազանց կայուն շատ նյութերի օքսիդացման և վերականգնման ռեակցիաներ: Օրինակ` մթնոլորտային ազոտը (N₂), որը կարևոր կենսածին տարր է, վերականգնվում է ազոտ ֆիքսող բակտերիաների և որոշ կապտականաչ ջրիմուռների ֆերմենտների մասնակցությամբ:

 

Դեստրուկտիվ ֆունկցիան իրականանում է օրգանիզմների կողմից օրգանական բնույթի նյութերի և դրանց
մնացորդների քայքայման միջոցով: Այստեղ ամենակարևոր դերը կատարում են կյանքի ցածրակարգ ձևերը`
սնկերը և բակտերիաները (դետրիտոֆագեր, ռեդուցենտներ):

Տրանսպորտային ֆունկցիան նյութի և էներգիայի տեղափոխումն է կենդանի օրգանիզմների շարժման
արդյունքում: Հաճախ այն կատարվում է ահռելի հեռավորությունների վրա (օրինակ՝ թռչունների չվելու
արդյունքում):

Կենդանի օրգանիզմները ունակ են ընկալել, պահպանել և մշակել մոլեկուլային ինֆորմացիան և փոխանցել այն
հաջորդ սերունդներին: Սա կենդանի նյութի տեղեկատվական ֆունկցիան է:
Վերը նշված ֆունկցիաները պայմանավորում են կենսոլորտի՝ միջավայրը գոյացնելու և կարգավորելու
գործառույթները:

Հավանեցի՞ք նյութը։