Տավուշի մարզ

Տավուշի մարզ

with No Comments

Տավուշի մարզ
Տարածքը՝ 2704 քկմ
Բնակչությունը՝ 124,1 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Իջևան

Տավուշի մարզը բնակչության թվով և տնտեսական ներուժով Հայաստանի Հանրապետության փոքր մարզերից է։ Մարզին բնորոշ է ծայրամասային աշխարհագրական դիրքը, լեռնային կտրտված ռելիեֆը, ռեսուրսաապահովվածության ցածր մակարդակը, տարածքի թույլ բնակեցվածությունը, տրանսպորտային նոսր ցանցը, տնտեսության զարգացման ցածր մակարդակը և ագրարային բնույթը, գյուղական բնակչության խիստ գերակշռությունը, տնտեսական խոշոր կազմակերպիչ կենտրոնի բացակայությունը: Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով հանրապետությունում նա գրավում է վերջին երկու տեղերից մեկը՝ զգալիորեն զիջելով մյուս մարզերին:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Մարզն ունի արտաքին սահմաններ Վրաստանի և Ադրբեջանի, իսկ ՀՀ-ի ներսում՝ Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հետ:

Մարզի տնտեսաաշխարհագրական դիրքը հանրապետության անկախացումից հետո էական փոփոխություն է կրել: Նախկինում մարզի տարածքը Հայաստանի համար գլխավոր դարպասի դեր էր կատարում, որով Հայաստան մուտք էին գործում երկու գլխավոր երկաթուղիները, գլխավոր ավտոմայրուղին և գլխավոր գազատար խողովակը: Այստեղով էր անցնում Հայաստանն Անդրկովկասի միասնական էներգահամակարգին կապող էլեկտրահաղորդման բարձր լարման գլխավոր գիծը: Ներկայումս Ադրբեջանի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման պատճառով մարզի տրանսպորտաաշխարհագրական դիրքի հնարավորություններն ըստ էության սառեցված են:

Բնորոշ է նաև այն, որ Տավուշը մյուս մարզերի հետ իր կապերը բացառապես իրականացնում է իր հարավային սահմանագծով: Արևմտյան սահմանագծի երկարությամբ, որտեղ դժվարամատչելի Գուգարաց լեռներն են, տրանսպորտային հաղորդակցություն չկա:

Նախկինում Տավուշի տարածքի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Տավուշի մարզն իր ներկայիս սահմաններով կազմավորվել է Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի վարչական նախկին շրջանների միավորումից:

Բնական պայմանները և ռեսուրսները:

Տավուշի մակերևույթը տիպիկ լեռնային է. բաղկացած է տարբեր ուղղության լեռնաշղթաներից և դրանց միջև ձգվող լայն ու նեղ գետահովիտներից:

Հարավից դեպի հյուսիս մակերևույթն աստիճանաբար ցածրանում է՝ 3000 մ բացարձակ բարձրությունից հասնելով 400 մ-ի: Մարզի հովտային մասերում՝ մասնավորապես Դիլիջանի գոգավորության սահմաններում, լայն տարածում ունեն սողանքները, որոնք մեծ վնաս են պատճառում տնտեսությանը, մանավանդ շենքերին ճանապարհներին:

Մարզի ընդերքը հարուստ է ոչ մետաղային օգտակար հանածոներով: Հայտնի են մարմարի, բենթոնիտային կավերի, ածխի, հանքային ներկերի, ագաթի, ծծմբական հրաքարի հանքավայրերը:

Հյուսիսի ցածրադիր հովտային մասերում ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 0°C-ի շուրջ): Կայուն ձնածածկույթ հաստատվում է ոչ ամեն տարի: Հարավի բարձրադիր մասերում ձմեռը ցուրտ է, հաստատուն ձնածածկույթը տևում է 3-4 ամիս: Ամառը հյուսիսում տևական չափավոր շոգ է, հարավում՝ բարեխառն: Տարեկան տեղումների քանակը՝ 500-700 մմ, ավելի քիչ է հյուսիսում և ավելի շատ՝ հարավում:

Ցածրադիր գետահովիտներում կլիման մերձարևադարձային է: Գետային ցանցը բավական խիտ է: Ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը և Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և գեղատեսիլ հովիտներով դեպի Կուր գետն են հոսում Հախում, Վարագաջուր, Խնձորուտ գետակները:

Գետերի վրա կառուցված են ջրամբարներ (Տավուշ, Խնձորուտ): Շատ են մանր լճերը: Դրանցից հայտնի է գեղատեսիլ Պարզ լիճը:

Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է. տարածքի համարյա կեսն անտառապատ է: Անցյալում անտառն ավելի ընդարձակ է եղել, բայց մարդու ներգործությամբ կրճատվել է: Հաճարենուց և կաղնուց բացի, շատ են պտղատու ծառերը:

Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի ազգային պարկը: Այն կազմակերպվել է բուսակենդանական աշխարհի պահպանման և տեղում նոր տեսակների աճեցման նպատակով:

Տավուշում բազմաթիվ են բնական հուշարձանները՝ կիրճերը, քարանձավները, ջրվեժները և այլն: Մարզի գեղատեսիլ բնության գրկում կան բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնցից առանձնապես ուշագրավ են Գոշավանքը (XII դ.), Հաղարծինի վանքը (XII դ.), Մակարավանքը (X դ.), Տավուշ բերդը (X դ.) և այլն:

Բնակչությունը:

Տավուշի մարզը բնակեցված է եղել հին ժամանակներից սկսած: Բնակչությունը կորուստ է կրել սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակեցվել են մարզի ցածրադիր գյուղերում:

Տավուշի մարզում նույնպես բնակչության մեծ մասը (58%) ապրում է գյուղերում: Քաղաքները 5-ն են՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ: Գյուղերը 62-ն են: Առավել խոշոր և հայտնի գյուղերն են Աչաջուրը (4009 մարդ (2016 թ.)), Կողբը (4554 մարդ (2016 թ.)), Հաղարծինը (3564 մարդ (2016 թ.)):

Մարզին բնորոշ է բնակավայրերի և բնակչության խիստ անհամաչափ տեղաբաշխումը: Դրանք մեծ մասամբ գտնվում են մինչև 1000 մ բացարձակ բարձրություններում: Բացառություն են կազմում Դիլիջան քաղաքը և դրան հարող գյուղերի խումբը, որոնք գտնվում են Աղստև գետի վերին հոսանքի շրջանում:

Մարզկենտրոն Իջևանը (նախկին անունը՝ Քարվանսարա) որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է (բնակչության թիվը՝ 20723 մարդ (2016 թ.)): Նրա տնտեսական դերը մեծացել է 19-րդ դարի վերջերին, երբ կառուցվել է Ղազախ-Իջևան-Սևան-Երևան ռազմավարական նշանակության խճուղին:

Տավուշի մարզի ամենահին քաղաքային բնակավայրը Դիլիջանն է (17587 մարդ (2016 թ.)): Ի սկզբանե այն զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքների հարուստ ընտանիքներ անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Մոտակա տարիներին այն դառնալու է նաև դպրոցական կրթության միջազգային կենտրոն: Բերդը (7746 մարդ (2016 թ.)) և Նոյեմբերյանը (4930 մարդ (2016 թ.)) նախկին վարչական շրջանների կենտրոններ են և ունեն գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ:

Տնտեսությունը:

Տավուշի մարզը Հայաստանի Հանրապետության վառ արտահայտված գյղատնտեսական շրջաններից է: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը վեց անգամ գերազանցում է արդյունաբերական արտադրանքին:

Մարզի գյուղատնտեսության առաջատար ճյուղը՝ ծխախոտագործությունը, հողի սեփականաշնորհումից և 1990-ական թվականների խիստ անկումից հետո վերջին տարիներին կրկին վերելք է ապրում՝ կապված ծխախոտի հումքի պահանջարկի աճի հետ: Աստիճանաբար մարզի գյուղատնտեսության դիմագիծը որոշող ճյուղի նախկին համբավը վերականգնում է նաև պտղաբուծթյունը, հատկապես՝ դեղձի մշակությունը:

Տավուշը խաղողի համախառն բերքով Արմավիրի և Արարատի մարզերից հետո երրորդն է: Տավուշի մարզի անասնապահությունը ևս ունի իր յուրահատկությունը:

Այն միակն է, որտեղ գերակշռողը խոզաբուծությունն է (խոզերի գլխաքանակով մարզերի մեջ երրորդն է), որի զարգացման համար դրական նախադրյալ է անտառային կերի առատությունը: Այն փաստը, որ մարզի տարածքի միջին գոտին զբաղված է համատարած անտառներով, ազդել է գյուղատնտեսության տեղաբաշխման վրա: Անտառից ցած գտնվող ստորին խտաբնակ գոտում կենտրոնացված են ոռոգովի հողատարածությունները և գրեթե ամբողջ դաշտավարությունն ու այգեգործությունը: Անտառից վեր, որտեղ մերձալպյան ալպյան մարգագետինների թագավորությունն է, գյուղատնտեսության միակ ճյուղն արոտային անասնապահությունն է:

Գյուղատնտեսական հումքի մշակման համար ստեղծվել են մրգի պահածոների (Այրում, Բերդ), գինու (Իջևան) և պանրի գործարաններ: Անտառափայտի բազայի վրա ավելի վաղ Իջևանում ստեղծվել էր փայտամշակման կոմբինատ, որը խոշորագույնն է ՀՀ-ում:

Իրենց հզորությամբ արտադրանքի եզակիությամբ նախկինում առանձնանում էին Իջևանի գորգագործական ֆաբրիկան (միակը, որն արտադրում է ոչ թե ձեռագործ, այլ մեքենայագործ գորգեր), Դիլիջանի «Իմպուլս» սարքաշինական գործարանը և Ազատամուտի բենթոնիտային կավերի կոմբինատը, որոնք ներկայումս կամ չեն աշխատում, կամ էլ աշխատում են փոքր հզորությամբ:

Միջազգային մակարդակի կրթական կենտրոն է կառուցվում Դիլիջան քաղաքում, որի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնել Միջազգային դպրոցը: Տավուշի մարզի զարգացման հեռանկարները կապվում են գյուղատնտեսության, գյուղատնտեսական հումքը վերամշակող արտադրությունների, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների զարգացման հետ:

Հավանեցի՞ք նյութը։