Վայոց Ձորի մարզ
Տարածքը՝ 2308 քկմ
Բնակչությունը՝ 50,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Եղեգնաձոր
Վայոց Ձորի մարզը բնակչության թվով և տնտեսական ներուժով Հայաստանի Հանրապետության ամենափոքր մարզն է։ Մարզին բնորոշ է ծայրամասային աշխարհագրական դիրքը, լեռնային կտրտված ռելիեֆը, ռեսուրսաապահովվածության ցածր մակարդակը, տարածքի թույլ բնակեցվածությունը, տրանսպորտային նոսր ցանցը, տնտեսության զարգացման ցածր մակարդակը և ագրարային բնույթը, գյուղական բնակչության խիստ գերակշռությունը, տնտեսական խոշոր կազմակերպիչ կենտրոնի բացակայությունը: Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով հանրապետությունում նա գրավում է վերջին երկու տեղերից մեկը՝ զգալիորեն զիջելով մյուս մարզերին:
Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:
Վայոց Ձորի տարածքը նախկինում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ՝ կազմելով նրա Վայոց Ձոր գավառը: Ռուսաստանին միանալուց հետո այն կազմում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառը: Ներկայիս Վայոց Ձորի մարզը կազմավորվել է վարչական երկու նախկին շրջանների՝ Եղեգնաձորի և Վայքի միավորումից:
Մարզի տրանսպորտաաշխարհագրական դիրքի համար բնորոշ է այն, որ հարևանների հետ կապող գլխավոր ճանապարհներն անցնում են դժվարամատչելի լեռնանցքներով:
Մարզը Գեղարքունիքի հետ կապվում է Վարդենյաց (նախկինում՝ Սելիմի) լեռնանցքով, Արարատի մարզի հետ՝ Զովաշենի լեռնանցքով, Սյունիքի մարզի հետ՝ Որոտանի լեռնանցքով, իսկ Նախիջևանի հետ՝ Արփա գետի հովտով:
Բնական պայմանները և ռեսուրսները:
Վայոց Ձորն աչքի է ընկնում բնական պայմանների մեծ հակադրություններով: Մակերևույթի բարձրությունների տարբերությունն ավելի քան 2500 մ է: Լեռնալանջերն ամենուրեք կտրտված են խոր կիրճերով ձորերով: Այդ է պատճառը, որ շատ տեղանուններ վերջանում են «ձոր» բառով՝ Եղեգնաձոր, Աղավնաձոր, Գլաձոր, Ագարակաձոր և այլն:
Մարզի ռելիեֆի կարևոր միավորներից է Արփայի գոգավորությունը, որին հարավից եզերում է Վայքի լեռնաշղթան: Վերջինս ունի երկրաբանական բարդ կառուցվածք և խիստ մասնատված մակերևույթ: Տարածված են վատահողերը:
Հաճախ հանդիպող քարանձավները գոյացել են կրաքարային ապարաշերտերում, ջրի տարրալուծող գործունեության շնորհիվ: Մարզի հյուսիսում Վարդենիսի լեռնավահանն է, որի տակով անցնում է Արփա-Սևան ջրատար թունելը: Ցածրադիր գոտում տիրապետող բնական լանդշաֆտները կիսաանապատներն ու չոր տափաստաններն են: Այդ պատճառով էլ Արփայի և նրա վտակների երկայնքով ձգվող այգիները թողնում են օազիսների տպավորություն:
Վայոց Ձորի տարածքում առկա է հանրապետության բուսական աշխարհի ներկայացուցիչների կեսից ավելին (1650 տեսակ): Տարածված է լեռնաչորասեր (ֆրիգանոիդ) բուսականությունը: Միջին բարձրության գոտուն (1600-2500 մ) բնորոշ է լեռնատափաստանային, մասամբ՝ նաև լեռնանտառային բուսականությունը:
Կլիմայի աստիճանական չորացման և հազարամյակների ընթացքում մարդ միջամտության պատճառով անտառային տարածքները զգալիորեն կրճատվել են:
Մարզի ջրային զարկերակն Արփա գետն է: Նրա վերին հոսանքում՝ Ջերմուկ քաղաքի մոտ, կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջրը Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ: Մարզում շատ են հանքային աղբյուրները, դրանց թվում է հռչակավոր Ջերմուկը: Վայոց Ձորը ճարտարապետական հուշարձանների բացօթյա թանգարան է:
Մարզով մեկ սփռված են կանգուն կամ կիսավեր բարձրարվեստ տաճարներ, քարավանատներ, բերդեր, կամուրջներ, խաչքարեր: Առանձնապես հայտնի են Գնդեվանքը (X դ.), Նորավանքը (XII դ.), Սելիմի քարավանատունը (XIV դ.), Պռոշաբերդը, Մոզ ավանի ավերակները (VIII դ.) և այլն: Գեղեցիկ բնապատկերներով առանձնանում են Արփայի և Եղեգիսի հովիտները:
Բնակչությունը:
Վայոց Ձորի մարզը, բնակչության թվաքանակով և միջին խտությամբ (մոտ 22 մարդ/քկմ), ՀՀ-ի մարզերի թվում վերջինն է: Մարզի բնակչության թվի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից հայ բնակչության ներգաղթը, որը տեղի է ունեցել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո:
Վերջին երկու տասնամյակներին նույնպես մարզում տեղի ունեցան բնակչության միգրացիոն տեղաշարժեր: Չնայած բնակչության թվաքանակը էական փոփոխություններ չկրեց, բայց փոխվեց նրա ազգային կազմը: Այն դարձավ միատարր: Մարզի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ չկան մեծ քաղաքներ և ոչ էլ գյուղերի խոշոր կուտակումներ:
Մարզի երեք քաղաքներն էլ՝ Եղեգնաձորը (7675 մարդ (2016 թ.)), Վայքը (5702 մարդ (2016 թ.)), Ջերումկը (4400 մարդ (2016 թ.)) փոքր են: Մարզի բնակչության մոտ 2/3-ն ապրում է 52 գյուղերում, որոնցից մի քանիսը մշտական բնակչություն չունեն: Տարածված են փոքր գյուղերը: Ամենամեծ գյուղը Մալիշկան է (5114 մարդ (2016 թ.)) բնակչությամբ: Մարզկենտրոն Եղեգնաձորը պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Նրա աճը նկատելի դարձավ 1931 թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:
Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ առողջարան-քաղաքը: Ամեն տարի այստեղ իրենց առողջությունն են վերականգնում հանգիստն անցկացնում Հայաստանի արտասահմանյան հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը:
Տնտեսությունը:
Վայոց Ձորի տնտեսական հզորությունը մեծ չէ: Արտադրության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է արդյունաբերական արտադրանքի ծավալին:
Գյուղատնտեսական հողահանդակների մեծ մասն արոտավայրեր են: Մշակովի հողատարածքները քիչ են, կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 8%-ը և բաղկացած են փոքր հողակտորներից:
Մարզի գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնաբուծությունն է, որին բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ավելի քան 2/3-ը: Վայոց Ձորի ցածրադիր գոտու ոռոգելի հողերում զբաղվում են խաղողագործությամբ և պտղաբուծությամբ, ցորենի մշակությամբ: Միջին բարձրության և բարձրլեռնային գոտիներում գյուղատնտեսթյան առաջատար ճյուղերն են բրդատու ոչխարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը:
Վայոց Ձորն արդյունաբերության զարգացման համար հումքային նախադրյալներ չունի: Օգտակար հանածոների հանքավայրերի (պղինձ, բազմամետաղներ և այլն) արդյունաբերական օգտագործման հեռանկարները հուսադրող չեն: Ապագայում որպես արդյունաբերության զարգացման գլխավոր գործոններ մնում են աշխատանքային ռեսուրսները և գյուղատնտեսական հումքը (խաղող, կաթ, բուրդ և այլն):
Մարզի ներկայիս արդյունաբերությունը բաղկացած է պանրի, գորգերի, սարքաշինական և շինանյութերի արտադրության փոքր ձեռնարկություններից, որոնք գտնվում են Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Հայտնի են նաև խաղողի գինու արտադրությունը (Գետափ, Արենի) և Ջերմուկի հանքային ջրերի գործարանը: