Սյունիքի մարզ
Տարածքը՝ 4506 քկմ
Բնակչությունը՝ 138,5 հազար (2017 թ.)
Կենտրոնը՝ ք. Կապան
Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:
Սյունիքը տարածքի մեծությամբ ՀՀ-ում երկրորդն է, իսկ միայն ցամաքային տարածքի չափերով՝ առաջինը: Բնակչության թվով այն գերազանցում է միայն երեք մարզի՝ Վայոց Ձորին, Արագածոտնին և Տավուշին:
Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը, որի մի հատվածն է միայն ներկայիս Սյունիքի մարզը: Մարզը կազմավորվել է Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու վարչական նախկին շրջանների միավորմից:
Յուրահատուկ են մարզի տարածքի ձևը և սահմանների ուրվագիծը: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի ծայրհարավարևելյան ելուստանման հատվածը, որը նախկինում երեք կողմից սեղմված էր Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Մարզի և Իրանի միջև: Միայն հյուսիսարևմտյան շուրջ 40 կմ լայնթյան տարածքով է, որ Սյունիքը միանում է ՀՀ մնացած տարածքին (Վայոց Ձորի մարզի միջոցով): Այժմ Սյունիքն արևելյան մասով սահմանակցում է միայն Արցախին:
Նախկինում Սյունիքի տրանսպորտաաշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր. գլխավոր ճանապարհները, բացառությամբ մեկի, որը Նախիջևանը կապում էր Ադրբեջանին, մտնում էին փակուղի:
Այժմ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցմամբ և Իրանի հետ առևտրատնտեսական կապերի հաստատմամբ Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերել:
Սյունիքի տարածքով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին Սև ծովին, իսկ արևմուտք-արևելք ուղղությամբ Թուրքիան ու Նախիջևանի Մարզը կարող են կապվել Ադրբեջանին ու Կասպից ծովին: Սյունիքի մարզի տարածքով է անցնում ՀՀ-ն Արցախի հետ կապող հիմնական ավտոմայրուղին:
Բնական պայմանները և ռեսուրսները:
Սյունիքը մեր երկրի ամենալեռնոտ և մակերևույթի բարձրությունների ամենամեծ տարբերություններ ունեցող մարզն է. նրա ամենաբարձր (Կապուտջուղ լեռ՝ 3904 մ) և ամենացածր (Մեղրու կիրճում՝ 375 մ) կետերի բարձրությունների տարբերությունն անցնում է 3500 մ-ից և ավելին է, քան որևէ այլ մարզում:
Մարզի արևմտյան սահմանով միջօրեականի ուղղությամբ ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթան: Նրա ջրբաժան գոտին ատամնավոր է, ունի անանցանելի ժայռոտ կատարներ և հողմնահարումից առաջացած քարացրոններ:
Լեռնաշղթայից ճյուղավորվում են Բարգուշատի և Մեղրու լեռնաբազուկները:
Մարզի հյուսիսում Սյունիքի (Ղարաբաղի) հրաբխային բարձրավանդակն է՝ բազմաթիվ կոնաձև բարձրացումներով (Մեծ Իշխանասար, Ծղուկ): Նրա համեմատաբար փոքրաթեք լանջերը ծածկված են լավային դաշտերով ու հոսքերով, ընդարձակ «քարային ծովերով»:
Այստեղ են գտնվում Սիսիանի և Գորիսի սարավանդները: Բարձրավանդակի փեշերին, Գորիսին հարող տարածքին բնորոշ են մակերևույթի յուրահատուկ ձևեր՝ լեռնային «բուրգեր», «սնկեր» և զանազան պատկերներ հիշեցնող ֆիզիկական հողմնահարության այլ ժայռամնացուկներ:
Մարզի խոշոր գետահովիտներն լեռնալանջերն ուղղված են դեպի արևելք՝ Կասպից ծով: Այդ պատճառով էլ կլիմայական պայմանների վրա մեծ է արևելյան օդային հոսանքների, ինչպես նաև Իրանական չոր բարձրավանդակի ազդեցությունը: Սակայն ամենաբնորոշն այն է, որ մակերևույթի խիստ մասնատվածությունը և բարձրությնների մեծ տարբերություններն առաջ են բերել կլիմայի բացառիկ բազմազանություն:
Մարզի ցածրադիր մասերում մթնոլորտային տեղումները սակավ են՝ տարեկան 260-300 մմ: Ամառը շոգ է (+25°+26°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝0°+1°C): Կայուն ձնածածկույթ չի առաջանմ: Կլիման այստեղ չոր մերձարևադարձային է:
Հակադիր պատկերն է բարձրլեռնային գոտում, որտեղ տեղումներն առատ են և ամառը զով է: Ձմեռը ցուրտ է ու ձնառատ, հաճախակի ձնաբքերի հետևանքով փակվում են լեռնանցքները: Միջին բարձրություններում կլիման բարեխառն է, որի պայմաններում տիրապետողն անտառային լանդշաֆտն է:
Սյունիքի մարզի գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Շամբի գոգավորությունից ներքև գետահովիտը վերածվում է վիթխարի կիրճի, որի խորությունը հասնում է մինչև 800 մ-ի:
Այստեղ գետն անցնում է բնակերտ «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը: Որոտանի ջրերի մի մասը ջրատար թունելով հասնում են Կեչուտի ջրամբար և այնտեղից էլ՝ խառնվելով Արփայի ջրերին՝ Սևանա լիճ: Մարզի բարձրալեռնային գոտում շատ են մանր լճակները (Սև, Ալ, Կապույտ):
Սյունիքի մարզի հողաբուսական ծածկը նույնպես ենթակա է վերընթաց գոտիականությանը: Անտառային լանդշաֆտները զբաղեցնում են մարզի տարածքի մոտ 20%-ը: Հիմնական ծառատեսակը կաղնին է:
Սյունիքի մարզում տարածվում են անտառային, անտառատափաստանային, տափաստանային, մերձալպյան, ալպյան և լեռնատունդրային լանդշաֆտները:
Ծավ գետի ավազանում ստեղծվել է Շիկահողի արգելոցը, որտեղ հայտնի է բնական սոսիների ռելիկտային (մնացորդային) ամենախոշոր պուրակն աշխարհում (120հա):
Սյունիքն օգտակար հանածոներով ՀՀ ամենահարուստ մարզն է: Առանձնապես հայտնի են Կապանի պղնձի, Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային, Սվարանցի երկաթաքարի, այլ մետաղների (ալյումինի հումք, ազնիվ մետաղներ) հարուստ հանքավայրերը:
Բազմազան են բնական շինանյութերը (բազալտ, հրաբխային խարամ, ավազ և այլն): Մարզում շատ բազմազան են բնական ու պատմաճարտարապետական հուշարձանները:
Բնական հուշարձաններից են Գորիսի և Խնձորեսկի «բուրգերն» ու այրերը, Շաքիի ջրվեժը (18 մ), Որոտանի Ողջիի կիրճերը, «Սատանի կամուրջը»: Ճարտարապետական գլուխգործոցներ են Տաթևի վանական համալիրը (IX դ.), Վահանավանքը (X դ.), Որոտնաբերդն ու Որոտնավանքը (X-XI դդ.), Հալիձորի բերդը (XVII-XVIII դդ.) ամրոցը և այլն:
Բնակչությունը:
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակությունների հետևանքով:
Նոր և նորագույն ժամանակներում (Ռուսաստանի և ԽՍՀՄ կազմում) աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խոչընդոտել են տնտեսության զարգացմանը: Տեղի է ունեցել բնակչության մշտական արտահոսք:
Դա է պատճառը, որ մարզի ընդարձակ տարածքում այժմ ապրում է ընդամենը 138,5 հազար մարդ (2017 թ.): Բնակչության խտությունը շատ ցածր է (31 մ/քկմ), զիջում է բոլոր մարզերին, բացառությամբ Վայոց ձորին:
Այդհանդերձ, կա մի ցուցանիշ, որով Սյունիքի մարզը գրավում է առաջին տեղը: Դա ուրբանիզացման բարձր մակարդակն է՝ 67%: Դրան համապաուտասխան էլ համեմատաբար շատ են քաղաքային բնակավայրերը: Դրանք 7-ն են՝ (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Դրանք քաղաք են դարձել 1930-ական թվականներից հետո:
Միայն Գորիսն է, որ քաղաք է եղել դեռևս ցարական իշխանթյան օրոք (1885 թ.): Կապանը (42640 մարդ (2016 թ.)), լինելով մարզկենտրոն, միաժամանակ արդյունաբերական, կրթական և մշակութային գլխավոր կենտրոնն է:
Մարզի մյուս կարևոր տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը Գորիսն է (20342 մարդ (2016 թ.)), որը մարզի տարածքի նկատմամբ ունի աշխարհագրական բարենպաստ դիրք: Սիսիան (14856 մարդ (2016 թ.)) և Մեղրի (4245 մարդ (2016 թ.)) քաղաքները նախկինում եղել են համանուն վարչական շրջանների կենտրոններ: Մարզի մյուս քաղաքները հանքարդյունաբերության կենտրոններ են, որոնցից խոշորագույնը Քաջարանն է (7061 մարդ (2016 թ.)):
Անկախության տարիներին, ի տարբերություն ՀՀ այլ քաղաքների, Քաջարանից բնակչության արտահոսք գրեթե տեղի չի ունեցել: Յուրահատուկ պատկեր ունի մարզի տարաբնակեցումը, որը ճշտորեն կրկնում է տարածքի ռելիեֆային առանձնահատկությունները:
Գյուղական բնակավայրերը 127-ն են: Բայց դրանք մեծ մասամբ փոքր բնակավայրեր են (մինչև 500 բնակիչ) և տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ: Բնակավայրերի խտությունը մեծ է Սիսիան, Գորիս և Կապան քաղաքների մերձակա տարածքներում, Որոտան և Ողջի գետերի հովիտներում:
2300 մ-ից բարձր տարածքներում բնակավայրերը և մշտական բնակչությունը բացակայում են: Մարզի համեմատաբար խոշոր և հայտնի գյուղերն են Շինուհայրը (2479 մարդ (2016 թ.)), Տեղը (2287 մարդ (2016 թ.)), Խնձորեսկը (2026 մարդ (2016 թ.)): Մարզի մի քանի գյուղեր չունեն մշտական բնակչություն:
Տնտեսությունը:
Մինչանկախացման վերջին տասնամյակում Սյունիքի մարզի տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը, բնական հարստությունների օգտագործման շնորհիվ արագ տեմպերով զարգանում էր:
Կառուցվել էին նոր ձեռնարկություններ, վերակառուցվել հները, որոնց միջոցով արդյունաբերությունը դարձել էր տնտեսության առաջատար ճյուղը: Այժմ նույնպես հանքարդյունաբերության գծով Սյունիքի մարզը հանրապետությունում առաջինն է: Այդ ճյուղի (մոլիբդենի և պղնձի խտանյութի արտադրության) խոշոր կենտուրոններ են Քաջարանը, Ագարակը, Կապանը:
Ներկայումս մարզը տալիս է ՀՀ արդյունաբերական արտադրանքի մոտ 18%-ը և այդ ցուցանիշով զիջում է միայն Երևան քաղաքին: Ընդ որում, մարզի արդյունաբերական արտադրանքի 85%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը:
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն աշխարհի խոշորագույններից է: Նրա բազայի վրա աշխատող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ խոշորագույն ձեռնարկություններից է:
Անկախության տարիներին կառուցված և Սյունիքի տարածքով անցնող Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի և գազամուղի շնորհիվ հանրապետության վառելիքաէներգետիկ ճյուղում մեծանում է մարզի նշանակությունը: Այստեղ է գտնվում ջրաէլեկտրակայանների երկրորդ կասկադը Հայաստանում՝ Որոտանը:
Մեքենաշինական և թեթևարդյունաբերական (Կապան, Գորիս, Սիսիան) ձեռնարկությունների մեծ մասը ներկայումս չի աշխատում կամ աշխատում է փոքր հզորթյամբ:
Մարզի սննդի արդյնաբերությունը հիմնականում ունի տեղային նշանակություն: Ապրանքային նշանակություն ունեն միայն մրգի պահածոները, գինիները (Մեղրի) և պանիրը (Սիսիան):
Ծրագրված է զարկ տալ նաև զբոսաշրջության զարգացմանը, որը պետք է հենվի մարզի պատմաճարտարապետական և բնական հուշարձանների օգտագործման վրա: Դրան նպաստում է նաև 2010 թ. շահագործման հանձնված 5,7 կմ երկարությամբ աշխարհի ամենաերկար «Տաթևներ» ճոպանուղին (առավելագույն բարձրությունը՝ 380 մ): Այն անցնում է Որոտան գետի կիրճով և Հալիձոր գյուղից հասնում Տաթևի վանական համալիր:
Սյունիքի մարզի բնական պայմանների բազմազանությունը պայմանավորում է նաև գյուղատնտեսության բազմաճյուղ բնույթ, չնայած, որ տարածքի միայն 68%-ն են գյուղատնտեսական նշանակության հողեր, այն էլ՝ հիմնականում որպես արոտավայրեր:
Վարելահողերը կազմում են գյուղատնտեսական հողահանդակների ընդամենը՝ 14%-ը: Գյուղատնտեսության զարգացմանը նպաստում են Սիսիանի և Որոտանի ջրանցքները, Սպանդարյանի, Տոլորսի և Շամբի ջրամբարները:
Մարզի ցածրադիր գոտում գյուղատնտեսության մասնագիտացման ճյուղերն են մերձարևադարձային պտղաբուծությունը (նուռ, թուզ և այլն) և խաղողագործությունը: Միջինլեռնային գոտում մասնագիտացման ճյուղեր են հացահատիկային տնտեսությունը և անասնապահությունը: Բարձրլեռնային չբնակեցված գոտին անասնապահական շրջան է:
Գյուղատնտեսթյան մասնագիտացման առումով նկատելի տարբերություն կա մարզի հյուսիսի և հարավի միջև: Հյուսիսում տիրապետում են լեռնա-տափաստաններն ու մարգագետինները և դրանց համապատասխան էլ՝ հացահատիկային տնտեսությունն ու անասնապահությունը: Հարավի համար ավելի բնորոշ են պտղաբուծությունը և ոչխարաբուծությունը:
Աշխարհագրական տարանցիկ դիրքը, բնական մեծ և բազմազան հարստությնները, որակյալ աշխատուժի առկայությունը, բնական ու պատմաճարտարապետական հուշարձանների մեծ քանակը, նոր ճանապարհների և ենթակառուցվածքների կառուցումը, ՀՀ-ի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացումը մեծ հեռանկարներ են ստեղծում մարզի տնտեսության համալիր զարգացման համար: