Շիրակի մարզ

Շիրակի մարզ

with No Comments

Տարածքը՝ 2681քկմ

Բնակչությունը՝ 238․3 հազար(2017թ․)

Կենտրոնը՝  Գյումրի

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:

Շիրակի մարզը տարածքի մեծությամբ Հայաստանում միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվաքանակով չորրորդն է, խտությամբ՝ երրորդը:

Մարզը կազմավորվել է Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական նախկին շրջանների միավորումից: Շիրակը ՀՀ արտաքին սահման ունի մեզ հարևան Թուրքիայի և Վրաստանի հետ: Հարավից և հարավ-արևելքից սահմանակից է Արագածոտնի, արևելքից՝ Լոռու մարզերին: Շիրակի աշխարհագրական դիրքի կարևոր կողմերից մեկն այն է, որ հյուսիսում սահմանակից է հայաբնակ Ջավախքին:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում, քան ներկա մարզը: Գտնվելով ՀՀ տարածքի ծայր հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի մարզն ունի եզրային դիրք: Չնայած դրան՝ Շիրակի տրանսպորտաաշխարհագրական դիրքը չի կարելի գնահատել որպես աննպաստ: Ավելի շուտ՝ հակառակը. այն կարևոր տարանցիկ նշանակություն ունեցող մարզերից է և երկրի ճանապարհատրանսպորտային ցանցի գծագրության մեջ հանգուցային դիրք է գրավում:

Նրա տարածքով են անցնում Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր երկաթգիծը և ավտոճանապարհը: Նրա միջոցով են միանում Հայաստանի և Թուրքիայի երկաթուղային և ավտոճանապարհային ցանցերը: Ընդհատված կապի վերականգնման դեպքում կտրուկ կաճի մարզի տարանցիկ նշանակությունը:

Բնական պայմանները և ռեսուրսները:

Մարզի տարածքում հյուսիսից հարավ առանձնանում են Աշոցքի սարահարթը, Շիրակի գոգավորությունը և Արագածի լեռնալանջերը: Շիրակի գոգավորությունն ընդարձակ իջույթ է, որի հատակը՝ Շիրակի դաշտը (1500-1600 մ), ծածկված է բերրի սևահողերով: Գոգավորությունը հյուսիսից հարավ հատում է Ախուրյանի բավական լայն ու խոր կիրճը:

Շիրակի դաշտի արևելյան մասը զբաղեցնում է Շարայի լեռան լավային ծածկույթը: Հարավային մասին բնորոշ է Արագածի լավաների գոյացրած բլրոտ քարքարոտ մակերևույթը: Մարզի հյուսիս-արևմուտքում Եղնախաղի, իսկ հյուսիսարևելյան եզրում՝ Ջավախքի հրաբխային լեռնավահաններն են, որոնց միջև տարածվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը (1800-2200 մ):

Այստեղ կան մի շարք գոգավորություններ, որոնց մի մասը, ի տարբերություն Շիրակի դաշտի, ճահճապատ է: Այստեղ է գտնվում Արփի լիճ ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Դրա մասին վկայում են 1926 և 1988 թթ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը: Շիրակի տարածքի հարավարևելյան հատվածը զբաղեցնում են Արագածի լանջերը, որոնք մերձգագաթային և գագաթային մասերում զառիթափ են:

Այստեղ պահպանվում են հնագույն սառցապատման հետքեր՝ կրկեսաձև գոգավորություններ: Շիրակի կլիման ընդհանուր առմամբ բարեխառն է, բայց աչքի է ընկնում ցամաքայնությամբ և ըստ բարձրության դառնում է ավելի խիստ: Ձմեռը ցուրտ է և ձնառատ. հյուսիսում միջին ջերմաստիճանը -10°C, հարավում՝ -5°C է:

Մարզի հյուսիսում լինում են սառնամանիքներ (-30°-40°): Ամառը մարզի հարավում շոգ է ու չոր՝(+22°C), իսկ հյուսիսում՝ զով (+15°C): Աշոցքի սարահարթում գտնվող Պաղակն բնակավայրում, գրանցվել է օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը Հայաստանում՝ -46°C: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն» է:

Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը Շիրակի դաշտում 500-550 մմ է, Աշոցքի սարահարթում և նրա շրջակա լեռներում՝ 700 մմ, իսկ Արագածի մերձգագաթային մասում՝ 900-1100 մմ: Մարզի միակ խոշոր գետն Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքում կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Ախուրյանի վտակներից են Գյումրիգետը, Ջաջուռգետը և Մանթաշը, որոնք ամռանը համարյա ցամաքում են: Թուրքիայի հետ սահմանային գետ Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որն իր 525 մլն խմ ծավալով ՀՀ-ում խոշորագույնն է:

Մարզի տարածքում են գտնվում նաև Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի, Հոռոմի ջրամբարները: Շիրակի բնական լանդշաֆտները, ի տարբերություն մյուս մարզերի, միատարր են: Բնական անտառներն ամբողջովին բացակայում են: Տիրապետողը լեռնային տափաստաններն են՝ հումուսով հարուստ սևահողերով և խոտային բուսականությամբ: Բարձրադիր գոտում ընդարձակ տարածություններ են զբաղեցնում մերձալպյան ու ալպյան ծաղկաշատ մարգագետինները:

Շիրակի մարզը հարուստ է հիմնականում շինանյութերի՝ տուֆի (Արթիկ), պեմզայի (Պեմզաշեն), կրաքարի և բազալտի հանքերով: Կան նաև գորշ ածխի ոչ հարուստ հանքավայրեր (Ջաջուռ), ոսկու երևակումներ:

Մարզի տարածքում են գտնվում լայն ճանաչում ունեցող ճարտարապետական հուշարձաններ՝ Վահրամաբերդի ուրարտական ամրոցը (Ք. ա. I հազարամյակ), Հառիճի և Մարմաշենի վանքերը (X-XIII դդ.), Երերույքի բազիլիկ եկեղեցին (V դ.) և այլն: Պետական սահմանից այն կողմ՝ Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կիլոմետրի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Բնակչությունը:

Շիրակի մարզի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828 թ.) հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակեցված հայության զգալի մասը հաստատվել է Շիրակում և ավելացրել նրա բնակչթյան թվաքանակը:

Մարզի բնակչությանը ծանր հարված հասցրեց 1988 թ. երկրաշարժը: Դրա պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին, շատերը արտագաղթեցին: Բնակչության խտությունն ավելի բարձր է մարզի կենտրոնական մասում՝ Շիրակի դաշտի ավելի հարթ հատվածում, որտեղ շատ են վարելահողերը: Այս շրջանի գյուղերն ավելի խոշոր են:

Այստեղ է նաև մարզկենտրոն Գյումրին:Նոսր է բնակեցված մարզի հյուսիսը՝ Աշոցքի սարահարթը: Քաղաքային բնակավայրերը ընդամենը երեքն են: Բայց քանի որ դրանցից մեկը՝ Գյումրին (117714 մարդ (2016 թ.)), իր մեծությամբ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է, մարզի ուրբանիզացման մակարդակը բավականաչափ բարձր է՝ մոտ 59%: Մյուս երկու քաղաքները՝ Արթիկը (18800 մարդ (2016 թ.)) և Մարալիկը (5492 մարդ (2016 թ.)) վարչական նախկին շրջանների կենտրոններ են: Մարզի 128 գյուղերից առավել հայտնի և խոշորներն են՝ Ախուրյանը (9682 մարդ (2016 թ.)), Ազատանը (5801 մարդ (2016 թ.)) և Պեմզաշենը (3447 մարդ (2016 թ.)):

Ներկայումս մարզի բնակչության գլխավոր հիմնախնդիրը նրա զբաղվածության ապահովումն է: Այն ընդհանուր է ամբողջ հանրապետության համար, բայց Շիրակի մարզում ավելի սուր բնույթ ունի: Աշխատանքային տարիքի բնակչության, հատկապես՝ երիտասարդ տղամարդկանց մեծ մասը մշտական աշխատանք չունենալու պատճառով դիմում է արտագնացության:

Տնտեսությունը:

Մինչև 1988 թ. Սպիտակի երկրաշարժը Շիրակի մարզն իր զարգացման մակարդակով և տնտեսական ներուժով երկրում գրավում էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Երևան քաղաքին: Ներկայումս Շիրակում տնտեսությունն ավելի խոր անկում է ապրում, քան որևէ այլ մարզում: Դրա պատճառն այն է, որ ընդհանուր տնտեսական ճգնաժամից բացի, Շիրակում ավելի կործանիչ էին երկրաշարժի հետևանքները:

Վայրկյանների ընթացքում դադարեց աշխատել Շիրակի մարզի արդյունաբերությունը, գործարանների մեծ մասը վերածվեց փլատակների, քանդվեցին հազարավոր բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ:

Երկրաշարժին հաջորդած երկու-երեք տարիների ընթացքում Խորհրդային Միությունը կազմող բոլոր հանրապետությնների, արտասահմանյան շատ երկրների միջազգային կազմակերպությունների օգնությամբ սկսեցին փլատակներից հառնել գործարաններ ու ֆաբրիկաներ, ամբողջ գյուղեր ու քաղաքային թաղամասեր: Մշակվեցին երկրաշարժից առավել տուժած բնակավայրերի, այդ թվում՝ Գյումրի քաղաքի նոր գլխավոր հատակագծերը և վերակառուցման ծրագրերը: Սկսեց աշխուժանալ մարզի արտադրական կյանքը:

Ստեղծվեց հզոր շինարարական բազա, որը հնարավորություն կտար կարճ ժամանակում վերականգնել ավերված տնտեսությունը: Սակայն ԽՍՀՄ-ի փլզումն ընդհատեց աղետի գոտու վերականգնումը: Այժմ դրա լիակատար իրականացումը պահանջմ է տեղի բնակչության և մեր երիտասարդ պետության ուժերի գերագույն լարում: Ընդունվել և իրականացվում է երկրաշարժի հետևանքների վերացման կառավարական ծրագիր: Ճիշտ է՝ դանդաղորեն, բայց հաստատուն կերպով վերականգնվում են Շիրակի մարզի տնտեսության ենթակառուցվածքները և արտադրական հզորթյունները:

Նպատակ է դրված առաջիկա մի քանի տարում վերականգնել Շիրակի մարզի երբեմն ի տեղը հանրապետության մարզերի շարքում: Մարզկենտրոնում կառուցվում է ՀՀ-ում առաջին տեխնոպարկը:

Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելով լայն հնարավորություններ են առաջանում զբոսաշրջության զարգացման համար:

Հայաստանի միասնական տնտեսական համալիրում Շիրակի մարզն առանձնանում էր առաջին հերթին թեթև արդյունաբերության, մեքենաշինության և սննդի արդյունաբերության ճյուղերով: Արդյնաբերության համախառն արտադրանքի գրեթե կեսը բաժին էր ընկնում թեթև արդյնաբերությանը: Իսկ դրա կազմում էլ գլխավորը տեքստիլ-տրիկոտաժեղենի և կոշկեղենի արտադրություններն էին:

Հայաստանի չափանիշներով խոշորագույն ձեռնարկություններ էին Գյումրու տեքստիլ կոմբինատը (հիմնովին ավերվել էր և այժմ մասամբ վերականգնվում է), Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան: Առավել խոշոր մեքենաշինական ձեռնարկությունները տեղաբաշխված էին Գյումրիում և թողարկում էին տարբեր նշանակության հաստոցներ, էլեկտրատեխնիկական սարքեր գործիքներ, հեծանիվներ: Ներկայումս մեքենաշինական ձեռնարկությունները հիմնականում չեն աշխատում:

Ներկայումս Շիրակի մարզն արդյնաբերթյան արտադրանքի ծավալով մարզերի մեջ հինգերորդն է, որի առաջատար ճյուղը դարձել է սննդի արդյունաբերությունը, և որը սննդի հիմնականում վերականգնված է:

Գյումրու հարևանությամբ՝ Ախուրյան գյուղում, կառուցվել է շաքարի խոշոր գործարան: Այն կխթանի նաև շաքարի ճակնդեղի մշակման վերականգնմանը (Շիրակի մարզը մինչև երկրաշարժը հանրապետությունում շաքարի ճակնդեղի ամենախոշոր արտադրողն էր, նրա բազայի վրա էր աշխատում երկրաշարժից ավերված Սպիտակի շաքարի գործարանը):

Մարզի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում բնական շինանյութերի արդյունահանումը: Հայտնի է Արթիկի տուֆի արդյունահանման խոշորագույն ձեռնարկությունը: Ներկայումս ՀՀ տնտեսության մեջ Շիրակը համարվում է նախ և առաջ գյուղատնտեսական մասնագիտացում ունեցող մարզ: ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքում մարզի բաժինը 4,3% է, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքում՝ 11,8%: Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է, հատկապես՝ կաթնամսատու ուղղությունը:

Մարզը խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով առաջինն է, իսկ մսի և կաթի արտադրությամբ զիջում է միայն Գեղարքունիքին: Անասնապահությունը հենվում է բարձրադիր գոտու փարթամ արոտավայրերի ու բնական խոտհարքերի, ինչպես նաև դաշտավարությունից ստացվող անասնակերի վրա:

Մարզի գյուղատնտեսության մյուս առաջատար ճյուղերն են հացահատիկի մշակությունը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը: Վարելահողերը (80 հազ. հա) զբաղեցնում են մարզի տարածքի մոտ 30%-ը: Ոռոգովի հողերի մեծ մասը գտնվում է Շիրակի դաշտում, որը ոռոգվում է Ախուրյան գետից սնվող Շիրակի ջրանցքով: Շիրակի մարզը հացահատիկի և կարտոֆիլի բերքով մարզերի մեջ երկրորդն է (զիջում է միայն Գեղարքունիքին):

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղություններ են համարվում արդյունաբերության գիտատար և աշխատատար նորագույն ճյուղերը, տեղական գյուղատնտեսական հումքի և շինանյութերի վերամշակման ճյուղերը, զբոսաշրջությունը:

 

Հավանեցի՞ք նյութը։