Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ

with No Comments

Կոտայքի մարզ

Տարածքը՝ 2089 քկմ

Բնակչությունը՝ 252,6 հազար (2017 թ.)

Կենտրոնը՝ Հրազդան

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:

Կոտայքը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն միակ մարզն է, որը պետական սահման չունի:

Կոտայքին սահմանակից մարզերն են Լոռին, Տավուշը, Գեղարքունիքը, Արարատը և Արագածոտնը: Կոտայքը միաժամանակ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին: Ընդ որում՝ Երևանի հետ նրա սահմանագծի երկարությունը ճիշտ այնքան է, ինչքան մյուս 3 մարզերինը միասին վերցրած:

Կոտայքի մարզի տարածքը հնում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մի մասը՝ զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ, ինչպես նաև Մազազ և Վարաժնունիք գավառները:

Մարզը կազմավորվել է վարչական նախկին երեք շրջանների՝ Հրազդանի, Աբովյանի և Նաիրիի միավորումից: Մարզի ներկայիս տրանսպորտաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունն այն է, որ տարածքի կենտրոնական մասով անցնում են հանրապետության հյուսիսը հարավին և հարավն արևելքին կապող առանցքային նշանակության ավտոմայրուղիները, Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը: Դրանց շնորհիվ Կոտայքը դարձել է ՀՀ ամենակարևոր տարանցիկ մարզերից մեկը:

Հատկանշական է նաև, որ մարզի թե՛ արևմտյան և թե՛ արևելյան՝ առավել մեծ ձգվածություն ունեցող սահմանները, համընկնելով դժվարամատչելի բնական սահմանագծերի հետ, առայսօր չեն հատվում արդիական ճանապարհներով:

Կոտայքի մարզի և դրա հարևանների միջև կապը դժվարացնող բնական խոչընդոտներն են արևելքում Գեղամա լեռնավահանը, իսկ հյուսիսում և հյուսիսարևմուտքում՝ Փամբակի լեռնաշղթան՝ Ծաղկունյաց լեռնաբազուկով: Բնական պայմանները և ռեսուրսները:

Կոտայքն աչքի է ընկնում բնական պայմանների և հարստությունների մեծ բազմազանությամբ: Դա արդյունք է, մի կողմից, բնական համալիրի վերընթաց գոտիականության, մյուս կողմից՝ բարդ ռելիեֆի:

Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածքի վրա հանդիպում են և՛ բարձրաբերձ լեռնագագաթներ խոր կիրճեր, և՛ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ:

Տարածքի արևելյան մասում, որտեղ Գեղամա լեռներն են, լայն տարածում ունեն ռելիեֆի հրաբխային ձևերը՝ հրաբխային կոները, քարացրոնները, լավային ընդարձակ ծածկույթներն ու հոսքերը: Հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերն աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետերի կիրճերում:

Հռչակված են Քառասունակնի, Արզնու և Գառնու աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանին:

Մարզի կենտրոնական հատվածում՝ Հրազդանի երկու ափերին, տարածվում են Եղվարդի և Կոտայքի թույլ մասնատված լավային սարավանդները: Այստեղ հայտնի են Արայի, Գութանասար և Հատիս լեռնագագաթները: Մարզի հյուսիս-արևմուտքում գտնվում են Ծաղկունյաց լեռնաշղթան և Մարմարիկի ավազանը, որտեղ գերակշռում են անտառային լանդշաֆտները, իսկ լեռների բարձրադիր մասերում՝ մարգագետինները:

Հիմնական ծառատեսակը կաղնին է: Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում կլիման չոր ցամաքային է, իսկ մարզի միջին բարձրություններում՝ բարեխառն լեռնային: Ձմեռը ցուրտ է, ձնառատ: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը տատանվում է 400-800 մմ-ի միջև:

Խայտաբղետ է նաև մարզի հողաբուսական ծածկույթը: Սարավանդներին բնորոշ են շագանակագույն հողերը և չորտափաստանային լանդշաֆտները: Լեռնալանջերին սևահողային ծածկույթի վրա ձևավորվել են լեռնատափաստաններ: Ծաղկունյաց լեռների և Մարմարիկի հովտի անտառների տակ տարածվում են գորշ ու դարչնագույն հողերը։ Բարձրադիր լեռնային գոտուն բնորոշ են լեռնամարգագետնային լանդշաֆտները:

Կոտայքի մարզի տարածքում կան պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ: Այստեղ են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը (Iդ.), Գեղարդի վիմափոր վանքը (XII-XIII դդ.), Կեչառիսի վանքը (XI-XIII դդ.), Բջնիի բերդը (XI դ.) և եկեղեցին (VII դ.):

Գետակների ակունքներին փռված են երեքհազարամյա կենդանակերպ քարե հսկաները՝ «վիշապները»: Կոտայքի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով: Հայտնի են նեֆելինային սիենիտների (Թեժ լեռ), երկաթի (Աբովյան, Հրազդան), ոսկու (Մեղրաձոր) և ոչ մետաղային հանածոների (մարմար, պեռլիտ և այլն) հանքավայրերը, հանքային աղբյուրները (Բջնի, Արզնի, Հանքավան):

Մարզը հարուստ է ջրային ռեսուրսներով: Կոտայքի կենտրոնով հոսող Հրազդանը և մնացած գետերն ունեն էներգետիկ և ոռոգիչ նշանակություն:

Բնակչությունը:

Կոտայքի մարզը բնակչության թվով և միջին խտությամբ Հայաստանի Հանրապետությունում երրորդն է (զիջում է Արմավիրի և Արարատի մարզերին), իսկ ուրբանիզացման մակարդակով (54%) չորրորդն է (զիջում է Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին):

Մարզի ներկայիս բնակչության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակչության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին՝ Պարսկահայքից և Արևմտյան Հայաստանից:

Առավել մեծ ներհոսք եղել է 20-րդ դարի 50-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը, և աշխատող ուժի մեծ կարիք է զգացվել: Եկել են ինչպես Վրաստանի ու Ադրբեջանի հայաբնակ վայրերից, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններից:

Մարզի հատկապես քաղաքային բնակավայրերում բնակեցված են նաև հայրենադարձներ: Այդ ամենի շնորհիվ խորհրդային տարիներին արագորեն աճել են Հրազդան (41170 մարդ (2016 թ.)), Աբովյան (44417 մարդ (2016 թ.)), Չարենցավան (20490 մարդ (2016 թ.)), Եղվարդ (11880 մարդ (2016 թ.)), Նոր Հաճն (9352 մարդ (2016 թ.)), Բյուրեղավան (9348 մարդ (2016 թ.)) քաղաքները: Ծաղկաձորը, թեև բնակչության թվով ամենափոքր քաղաքն է (1214 մարդ (2016 թ.)), սակայն որպես հանգստի և զբոսաշրջության կենտրոն առանձնահատուկ տեղ է գրավում մարզում և ՀՀ քաղաքների շարքում:

Մարզի բնակչության տարաբնակեցմանը բնորոշն այն է, որ բնակավայրերը մոտ են ընկած Հրազդան գետին և դրան զգահեռ անցնող երկաթգծին ու ավտոճանապարհին: Միայն մարզի ծայր հարավում՝ Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում է, որ բնակավայրերը հեռանում են Հրազդան գետից և տարածվում դեպի աջ ու ձախ:

Մարզի գյուղերը մարդաշատ են. 62 գյուղերից 11-ն ունի ավելի քան 3000 բնակիչ: Առավել խոշոր և հայտնի են՝ Գառնի (7734 մարդ (2016 թ.)) Նոր Գեղի (6303 մարդ (2016 թ.)), Քասախ (6095 մարդ (2016 թ.)), Զովունի (5919 մարդ (2016 թ.)) գյուղերը:

Մարզի ամենախոշոր քաղաքը Հրազդանն է՝ մարզկենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում:

Հրազդանն աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին ջրային ու ջերմային էլեկտրակայանների և արդյունաբերական մի քանի հսկաների շնորհիվ: Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է, որը ձևավորվել է նախկին Էլառ գյուղի տեղում:

Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ ու դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը:

Ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինթյան, հատկապես էլեկտրոնային սարքաշինթյան հզոր ձեռնարկություններ, որոնք, սակայն, ներկայումս չեն աշխատում: Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Արզնին՝ հանքային ջրերի արտադրության ու առողջարանային, Նոր Հաճնը՝ սարքաշինության ու թանկարժեք քարերի մշակման, Եղվարդը՝ թեթև և սննդի արդյունաբերության, Բյուրեղավանը՝ ապակե տարաների և հախճապակու արտադրության, Ծաղկաձորը՝ հանգստի կազմակերպման կենտրոն:

Տնտեսությունը:

Կոտայքը Հայաստանի առավել զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է, որտեղ արդյունաբերության արտադրանքը ծավալով երկու անգամ գերազանցում է գյուղանտեսությանը: Արդյունաբերական արտադրանքի ծավալով երկրորդն է (Սյունիքի մարզից հետո):

Մարզը բացառիկ դեր ունի հատկապես էլեկտրաէներգետիկայի բնագավառում: Այստեղ են գտնվում Սևան-Հրազդան կասկադի վեց կայաններից երեքը և Հրազդանի՝ հանրապետության խոշորագույն ջերմաէլեկտրակայանը:

Այստեղից են սկսվում հանրապետության բարձր լարման գլխավոր էլեկտրահաղորդման գծերը և էլեկտրաէներգիան փոխանցվում է հանրապետության տարածքով մեկ:

Կոտայքի մարզն աչքի ընկնող դեր է կատարում նաև հանրապետության մեքենաշինության, շինանյութերի (ցեմենտի) արտադրության և սննդի արդյունաբերության մեջ:

Մարզի գյուղատնտեսության մասնագիտացումն ընդհանուր առմամբ ունի մերձքաղաքային բնույթ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Մի կողմից՝ Երևան քաղաքի մոտիկությնը, մյուս կողմից՝ քաղաքային բնակչության բարձր տոկոսը մարզի ներսում, իսկ ամռան ամիսներին՝ նաև բուժվողների հանգստացողների մեծ հոսքն ավելացնում է թարմ մթերքների պահանջարկը: Այդ պահանջարկն էլ գյուղատնտեսությանը հաղորդում է կաթնամսատու անասնապահական, իսկ ցածրադիր շրջաններում՝ նաև պտղաբուծական ուղղություն:

Մարզը հանրապետությունում առաջինն է ձվի արտադրությամբ, երկրորդը՝ խոզերի գլխաքանակով: Կոտայքն առանձնանում է նաև իր ռեկրեացիոն ռեսուրսներով, որոնց օգտագործման շնորհիվ զարգանում է բնակչության հանգստի կազմակերպման ճյուղը:

Այստեղ են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին՝ հանգստի առողջարանական բազմաթիվ ճամբարներով:

Այստեղ է նաև Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե՛ ձմռանը և թե՛ ամռանը հանգստանում կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

Մարզի կենտրոնական բարենպաստ դիրքը, ջրային և ռեկրեացիոն ռեսուրսներով ապահովվածությունը, ազատ աշխատժի առկայությունը, էներգետիկ հզորություններն ու առկա տնտեսական ներուժը և Երևանի մոտիկությունը բարենպաստ նախադրյալներ են մարզի հեռանկարային զարգացման համար:

Հավանեցի՞ք նյութը։