Արցախ

Արցախ

with No Comments

ԱՐՑԱԽ

Տարածքը՝ 11,4 հազ. քկմ
Բնակչությունը՝ 150932 (2015 թ.)
Կենտրոնը՝ ք. Ստեփանակերտ

Պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ:

Արցախը, որպես հայկական երկրորդ անկախ պետություն հռչակվեց 1991 թ., Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և նրա հարևան հայաբնակ Շահումյանի վարչական շրջանի բնակչության միահամուռ կամքով:

Արցախի հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքին և ԽՍՀՄ օրենքներին: Չնայած դրան՝ Ադրբեջանը փորձեց ռազմական ուժով ճնշել հայ բնակչության ազգային-ազատագրական պայքարը:

Հայ բնակչությունը ռազմական գործողությունների արդյունքում պաշտպանեց ոչ միայն ինքնորոշման իր իրավունքը, այլև իրեն միացրեց Արցախի սահմաններից դուրս գտնվող՝ պատմականորեն հայկական համարվող շրջաններ և ստեղծեց անվտանգության գոտի: Այդպես ձևավորվեցին Արցախի ներկայիս սահմանները:

Արցախը գտնվում է Հարավային Կովկասի գրեթե կենտրոնական մասում, Փոքր Կովկասի ծալքաբեկորային լեռների արևելքում: Արևմտքից սահմանակից է ՀՀ-ին, արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին, իսկ հարավային սահմանները դեռ հստակեցված չեն:

Այժմ Արցախը վարչականորեն բաժանված է 7 շրջանների՝ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի, և 263 համայնքների, որից 10-ը՝ քաղաքային, 253-ը գյուղական: Վարչական կենտրոնները շրջանների հետ համանուն են, բացառթյամբ Շահումյանի շրջանի (կենտրոնը՝ Քարվաճառ) և Քաշաթաղի շրջանի (կենտրոնը՝ Բերձոր):

Արցախի ներկա տարածքը հիմնականում ընդգրկում է Մեծ Հայքի պատմական Արցախ նահանգի մի մասը:

Պատմական երկարատև ժամանակաշրջանում, չնայած սելջուկ-թուրքերի, թաթար-մոնղոլների, պարսիկների ներխուժումներին, Արցախը շարունակում էր մնալ հայաբնակ, իսկ իշխանությունները կարողանում էին պահպանել իրենց հարաբերական անկախությունը:

Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզ ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ: Այս անունը հետագայում լայն տարածում է ստացել:
Արցախ-Ղարաբաղը 19-րդ դարի սկզբներին պատերազմական գործողությունների հետևանքով Պարսկաստանից անցնում է Ռուսաստանին: Դա ամրագրվում է 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով: Ռուսաստանի կազմում Ղարաբաղի տարածքը Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի մի մասն էր:

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո Լեռնային Ղարաբաղը իրականում ՀՀ մասն էր: Ադրբեջանը, թեև չէր հրաժարվում Ղարաբաղին տիրանալու մտքից, գործնականում ի վիճակի չէր այնտեղ հաստատելու իր իշխանությունը: Ղարաբաղի բնակչությունը ճանաչում էր միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

1921 թ. Խորհրդային Ռուսաստանի «թեթև ձեռքով» Արցախը բռնակցվում է Ադրբեջանին: Դրա կազմում էլ Արցախի տարածքի մի մասում 1923 թ. կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):

Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ի սահմանները գծեցին այնպես, որ այն անջատված լինի Հայաստանի Հանրապետությունից: ԼՂԻՄ-ի և ՀՀ-ի միջև ստեղծվեց 6-30 կմ լայնթյան անջատող գոտի: Բացի այդ, մարզի սահմաններից դուրս թողնվեցին մի շարք շրջաններ, մասնավորապես՝ Արցախի դաշտային մասն արևելքում և հարավում, ինչպես նաև հայաբնակ Գյուլիստանը՝ հյուսիսում:

Հետագա տարիներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ձևականորեն հանդուրժելով Լեռնային Ղարաբաղի ինքնավարթյնը, գործնականում ձգտում էին վերացնել այն: Այդ նպատակին հասնել գլխավոր միջոցը նրանք համարում էին Ղարաբաղի հայաթափումը: Մանավանդ, որ դրա հաջողված օրինակը Նախիջևանում նրանք արդեն ունեին:

ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին ԼՂԻՄ-ում և նրան հարող հայկական շրջաններում ազգային-ազատագրական պայքարի նոր ալիք էր հասունանում: ԼՂԻՄ-ի պետական իշխանության բարձրագույն օրգանը՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը, 1988 թ. որոշում է կայացնում Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտնելու մասին:

Իսկ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի հայաբնակ Շահումյանի շրջանի ժողպատգամավորների խորհրդի համատեղ նստաշրջանն ընդունեց Հռչակագիր հայկական երկրորդ ինքնիշխան պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ավելի ուշ՝ Արցախի Հանրապետություն) ստեղծելու մասին:

Այժմ այն կայացել է որպես ինքնիշխան պետություն. ունի իր խորհրդարանը, կառավարությունը, բանակը, պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, զարգացնում է իր տնտեսությունը, ապրում է անկախ պետության լիարժեք կյանքով:

Բնական պայմաններն ու ռեսուրսները:

Արցախն ունի լեռնային բարդ ռելիեֆ: Արցախի ընդհանուր տարածքի ¾-ը լեռնային է: Մակերևույթի բարձրությունների տարբերությունները ավելի քան 3600 մ են:

Արցախի հյուսիսային մասում արևմուտքից արևելք ձգվում է Մռավի լեռնաշղթան, որտեղ գտնվում է Արցախի ամենաբարձր կետը՝ Գոմշասար գագաթը (3724 մ): Ամենացածր տեղը (100 մ) հյուսիսարևելյան հատվածն է, որը միացված է Կուր-Արաքսյան դաշտավայրին:

Լեռնաշղթայի հյուսիսային լանջերը երկար են և մի շարք լեռնաճյուղերով ցածրանում են դեպի Կուրի հովիտը: Հարավային լանջերը կարճ են, ժայռոտ, զառիթափ և մասնատված խոր գետահովիտներով: Մռավի լեռնաշղթայի միջին բարձրության լանջերն անտառապատ են:

Արցախի արևմտյան մասում՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ, ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան: Դրա ամենաբարձր գագաթը Մեծ Քիրսն է:

Լեռնաշղթայի մոտավորապես կենտրոնական հատվածում գտնվում է Լիսագորի լեռնանցքը (2080 մ), որով անցնում է Գորիս-Ստեփանակերտ խճուղին:
Արցախի լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք: Դրա արևմտյան լանջերը կարճ են, զառիթափ և ժայռոտ, իսկ արևելյան լանջերը երկար են, մեղմաթեք և անտառածածկ, մասնատված գետահովիտներով:

Մարզի ողջ տարածքով դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր: Հայտնի է Շուշիի սարավանդը, որն ունի նեղ լեզվակի տեսք և գահավեժ իջնում է Կարկառ գետի ու նրա վտակ Քարինտակի հովիտները: Կրաքարային ապարաշերտերի մեջ գոյացել են բազմաթիվ քարանձավներ ու այրեր: Առանձնապես հայտնի է Ազոխի քարանձավը:

Արցախի կլիման հիմնականում բարեխառն է, մեղմ, չափավոր և ենթակա է վերընթաց գոտիականթյան: Արևելքում, հարթավայրային մասում, այն չոր մերձարևադարձային տիպի է, նախալեռներում՝ չափավոր տաք, չորային, միջին բարձրության լեռներում՝ չափավոր տաք, խոնավ, իսկ առավել բարձրադիր վայրերում՝ բարձրլեռնային ցուրտ:

Հարթավայրային մասերում հունվարի միջին ջերմաստիճանը +2-2°C է, հուլիսինը՝ +24°+25°C, միջինլեռնային գոտում հունվարին -2°-4°C, հուլիսին ՝+20°+24°C:
Տեղումների տարեկան քանակը նույնպես ըստ բարձրության փոխվում է՝ հարթավայրերում և նախալեռներում 300-450 մմ է, իսկ միջին բարձրություններում՝ 700-1000 մմ:

Կայուն ձնածածկույթ ձևավորվում է 1400 մ-ից բարձր վայրերում, իսկ Մռավի լեռնաշղթայի վրա նույնիսկ ամռանը պահպանվում են ձնաբծեր:
Արցախի ջրագրական ցանցը, ինչպես ՀՀ ջրագրական ցանցը, բաժանվում է Կուր և Արաքս գետերի միջև: Ջրբաժանն անցնում է Արցախի լեռների կատարային հատվածով:

Գետերի սնումը խառն է, հոսքը՝ սեզոնային: Դրանք հորդանում են գարնանը, մասամբ՝ աշնանը, իսկ ամռանը բավական ծանծաղում են:
Կուրի ավազանին պատկանող գետերը՝ Թարթառը, Խաչենագետը, Կարկառը, համեմատաբար երկար են և ջրառատ: Համեմատաբար խոշորը Թարթառ գետն է, որն սկսվում է Արցախի լեռնաշղթայի հյուսիսային և Մռավսարի լեռնաշղթայի հարավային լանջերից: Նշանավոր է նրա Թրղի վտակը:

Թարթառ գետի հոսքի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյնավետ օգտագործելու նպատակով կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ավելի քան 600 մլն խմ ծավալով) և Սարսանգի ու Մադաղիսի ջրէկ-ները: Արաքսի ավազանին են պատկանում Հագարի (Որոտան վտակով), Իշխանագետ, Վարանդա և Խոնաշեն գետերը: Սրանք ավելի սակավաջուր են:

Արցախի բոլոր գետերի ավազանները հիմնականում անտառապատ են, հովիտները՝ գեղատեսիլ:
Արցախի ցածրադիր վայրերում տարածված են կիսաանապատային գորշ հողերը, գետահովիտներում՝ կուլտուր-ոռոգելի հողերը: Լեռներն ի վեր իրար հաջորդում են վերընթաց հողային գոտիները (շագանակագույն, անտառային դարչնագույն և գորշ, լեռնամարգագետնային):

Հարթավայրային շրջանների բնական բուսածածկույթին բնորոշ են օշինդրային և օշինդրատափաստանային համակցությունները: Նախալեռները ծածկված են խոտային բուսականությամբ, որն աստիճանաբար անցնում է թփուտների՝ ցաքուտների:

Արցախում 1500 մ-ից սկսվում է անտառային գոտին, որն զբաղեցնում է տարածքի 1/3-ը: Բնորոշ են կաղնին, բոխին, լորենին, հացենին, թխկին: Շատ են վայրի պտղատու ծառատեսակները՝ տանձենին, խնձորենին, ընկուզենին, սալորենին, տխլենին, նռնենին, թզենին, հոնին և այլն: 2000-3500 մ բարձրություններում տիրապետում են մերձալպյան և ալպյան մարգագետինները:

Վայրի կենդանիներից բնորոշ են բեզոարյան այծը, այծյամը, գորշ արջը, լուսանը, վայրի խոզը, անտառի կատուն, սկյուռը, ինչպես նաև գայլը, աղվեսը, նապաստակը, բազմաթիվ կրծողներ: Հարթավայրերում և նախալեռներում կան սողուններ՝ օձ, մողես, կրիա: Հարուստ է թռչնաշխարհը:

Արցախի տարածքում ըստ բարձրության հերթափոխում են չոր տափաստանային, լեռնատափաստանային, լեռնանտառային, լեռնամարգագետնային և ձյունամերձ լանդշաֆտները:

Օգտակար հանածոներից հայտնի են բազմամետաղների, պղնձի, ոսկու, երկաթի հանքավայրերը՝ Թարթառ-Խաչենագետ միջագետքում: Ոչմետաղային հանածոներից կան մարմարի, կրաքարի, վիմագրական քարի, գրանիտի, գրաֆիտի, գիպսի և կավի պաշարներ:

Շատ են հանքային աղբյուրները (Թթուջուր, Հաթերք, Չարեքտար, Տումի):
Գեղեցիկ է Արցախ աշխարհը: Բազմաթիվ են բնական հուշարձանները՝ խորը կիրճեր, ջրվեժներ, քարանձավներ, «հողե բուրգեր» և այլն:

Արցախը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Հանրահայտ են Տիգրանակերտը (Ք.ա. I դ.), Ամարասի վանքը (IV դ.), Գանձասարի վանքը (XIII դ.), Դադիվանքը (IV-XIII դդ.), Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին (XIX դ.), բազմաթիվ այլ կառույցներ ու միջնադարյան հարյուրավոր խաչքարեր, որոնք լուռ վկայությունն են այն իրողության, որ հարյուրամյակներ անընդմեջ Արցախը բնակեցված է եղել հայերով:

Արցախի շռայլ բնությունը և պատմամշակութային ժառանգությունը տալիս են բոլոր նախադրյալները բարձրակարգ առողջարաններ, հանգստյան տներ ու տուրիստական հանգրվաններ հիմնել և զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Բնակչությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ներկայիս թվի մասին տվյալները մոտավոր են: Վերջին մարդահամարի (2015 թ.) ժամանակ բնակչության թիվը կազմել է 150932 մարդ:
Բնակչության ազգային կազմը միատարր է: Բացի հայերից, ապրում են ռուսներ և հույներ:

Հայ և օտար բազմաթիվ գրավոր աղբյուրները, տարբեր ժամանակներում կառուցված պատմաճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հազարամյակներ շարունակ Արցախը բնակեցված է եղել հայերով: Այդպես է եղել նաև 19-րդ դարի սկզբին, երբ Անդրկովկասը միացավ Ռուսաստանին:

Առաջին թուրքալեզու խաշնարած ցեղերն Արևելյան Անդրկովկասում հայտնվել են միայն 12-րդ դարից հետո: Սկզբում նրանք բնակություն են հաստատել Կուր-Արաքսյան դաշտավայրում, որտեղ շատ են ոչխարների համար արոտավայրերը: Շատ ավելի ուշ՝ 18-19-րդ դարերում, նրանք թափանցել են Արցախի նախալեռնային լեռնային շրջանները:

1913 թ. Արցախի ներկայիս տարածքում բնակվել է 176 հազ. մարդ: 1921թ., երբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին, բնակչության թիվը կազմել է 135 հազ. մարդ, որոնցից 95%-ը հայեր էին: Այլազգիները կազմել են ընդամենը 5%՝ մահմեդականներ (մարդահամարի ժամանակ նրանց գրանցում էին որպես մեկ ազգ) և ուրիշներ:

Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին Արցախի ժողովրդագրական իրավիճակը փոխվում էր արհեստականորեն: Ադրբեջանի իշխանությունները ստեղծում էին բոլոր պայմանները, որպեսզի Արցախի արմատական բնակչությունը՝ հայերը, արտագաղթեն:

Նրանց հաջողվում էր այդ եղանակով խափանել հայ բնակչության թվաքանակի աճը: Այսպես, 1913 թ.-ից ի վեր՝ մինչև 1959 թ. մարդահամարի տարին, Արցախի բնակչությունը ոչ միայն չի աճել, այլև տվել է բացարձակ կրճատում (50 հազ. մարդով):

Արցախի բնակչության 1913 թ. թվաքանակը վերականգնվեց միայն 1980-ականների կեսերին: Այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում մարզի հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի բնակչությունը կրկնապատկվել ու եռապատկվել էր: Ընդ որում, աճը հիմնականում տեղի էր ունեցել ադրբեջանցիների ներգաղթի հաշվին: Բավական է նշել, որ 1989 թ. մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ-ի բնակչության թիվը կազմել է 189,1 հազ. մարդ, որից 145,5 հազարը հայեր էին, իսկ 40,7 հազարը՝ ադրբեջանցիներ:

Այսպիսով, խորհրդային տարիներին ազգային կազմի փոփոխության հիմնական ուղղությունը ադրբեջանցիների թվի և բաժնի ավելացումն էր՝ ի հաշիվ հայերի:
Ադրբեջանի կազմից դուրս գալու նախօրյակին ԼՂԻՄ-ում վերացել էր ավելի քան 50 գյուղ, և բոլորն էլ հայկական: Հայ բնակչությունը ստիպված արտագաղթում էր: Դրան հակառակ՝ տեղի էր ունենում ադրբեջանական բնակչության ներգաղթ:

Արցախի անկախացումից հետո, սկսած 1995 թ.-ից բնակչության թվաքանակի նվազման միտում չի արձանագրվել: Դեռ ավելին՝ 2005 թ. մարդահամարից հետո բնակչության թիվն աճել է 7,0 հազ. մարդով և 2012 թ. կազմել 144,7 հազ. մարդ:
Արցախի բնակչության թվի աճը նախ և առաջ պայմանավորված է բնակչության համեմատաբար բարձր բնական աճով: Վերջին տարիներին ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է 18-19‰, մահացությանը՝ 9‰, իսկ բնական աճինը՝ 9-10‰, որը զգալիորեն բարձր է ՀՀ համապատասխան ցուցանիշից:

Ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ նրա վարչական գրեթե բոլոր շրջաններում, վերջին տարիներին (2005-2012 թթ.) միգրացիայի մնացորդը եղել է դրական՝ եկողների թիվը գերազանցել է մեկնողների թվին:

Բնակչության սեռային կազմում գերակշռում են կանայք՝ 51,9%: Կանանց գերակշռությունը զգալի է հատկապես մեծահասակ բնակչության մեջ: 2012 թ. Արցախի բնակչության ընդհանուր թվաքանակի 25,3%-ը մինչաշխատունակ տարիքի բնակչությունն էր, 62.4%-ը՝ աշխատունակ տարիքի, 12,3%-ը՝ թոշակային տարիքի բնակչությունը: Ընդհանուր առմամբ Արցախն ապահովված է աշխատանքային ռեսուրսներով:

Ցածր է բնակչության խտությունը (13 մարդ/քկմ): Գյուղական բնակչությունն ավելի խիտ է մարզի արևելյան և հարավարևելյան մասերում՝ Մարտակերտի, Մարտունու և Հադուրթի վարչական շրջանների նախալեռնային գոտում: Լեռներն ի վեր բնակավայրերի և բնակչության խտությունը պակասում է:

Գյուղերը փոքր են, գերակշռում են մինչև 500 մարդ ունեցող, իսկ ազատագրված տարածքներում՝ մինչև 50 մարդ ունեցող գյուղերը:Համեմատաբար նոսր է արևելյան՝ հարթավայրային գոտու բնակչությունը: Վերջին ռազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ գյուղերից հեռացած բնակչության մեծ մասը դեռևս չի վերադարձել իր հայրենի օջախը:

Ընդհանուր առմամբ, բնակչության տեղաբաշխման պատկերը, որն անցած տարիներին մեծ փոփոխություններ կրեց, դեռևս չի կայնացել և չի ստացել իր վերջնական տեսքը: Դա հատկապես վերաբերում է ազատագրված և խիստ նոսր բնակեցված տարածքներին՝ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններին:

Բնակչությունն անհավասարաչափ է տեղաբաշխված: Հաշվվում է 377 բնակավայր, որից 10-ը՝ քաղաքներ: Քաղաքներում ապրում է բնակչության 52.9%-ը:
Արցախի առավել հայտնի քաղաքներն են Ստեփանակերտը և Շուշին:

Ստեփանակերտը պատմական Վարարակն բնակավայրն է: Այն կառուցված է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան ստորոտին, Կարկառ գետի ձախ ափին, Գորիս–Աղդամ ավտոխճղ վրա: Այստեղ է ավարտվում Թբիլիսի-Բաքու երկաթուղու՝ Եվլախից սկիզբ առնող ճյուղավորությունը: Ստեփանակերտով անցնում է նաև Ադրբեջանից Նախիջևան գնացող գազամուղը: Թե՛ երկաթուղին, թե՛ գազամուղն այժմ չեն գործում:
Վերջին տարիներին Ստեփանակերտի համար բնորոշ է եղել բնակչության և քաղաքային տնտեսության համեմատաբար արագ աճը: Նրան բաժին է ընկնում Արցախի ամբողջ բնակչության մոտ 36%-ը (53,4 հազ. մարդ (2012 թ.)):

Ստեփանակերտը Արցախի ոչ միայն վարչաքաղաքական, այլև մշակութային և արդյունաբերական կենտրոնն է: Այստեղ են գտնվում մարզ-հանրապետության նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը, պետական համալսարանը, ֆինանսական, մշակութային ու առողջապահական գլխավոր օջախները:

Արդյունաբերական ձեռնարկություններից հայտնի են Ղարաբաղի մետաքսի և շինանյութերի կոմբինատները, էլեկտրատեխնիկական և գինու-կոնյակի գործարանները: Կան նաև գորգագործական, կոշիկի, կահույքի և այլ ոչ խոշոր ձեռնարկթյուններ: Արդյնաբերական ձեռնարկությունների մի մասը չի գործում կամ գործում է փոքր հզորությամբ:

Ստեփանակերտի առաջին հատակագծի (1926 թ.) հեղինակը մեծան ն ճար- տարապետ Ալեքսանդր Թամանյանն է:
Շուշին (4,2 հազ. բն. (2012 թ.)) գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հարավ, շրջապատի նկատմամբ տիրապետող դիրք ունեցող սարավանդի վրա, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի հարևանթյամբ:

Պատմական աղբյուրներում Շուշին հիշատակվում է որպես բնական անմատչելի դիրք ունեցող բերդաքաղաք, որտեղ արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանվել է գավառի բնակչությունը: 19-րդ դ. Ռուսաստանին միանալուց հետո Շուշին դառնում է Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակթային գլխավոր կենտրոններից մեկը՝ բնակչության թվով (ավելի քան 40 հազ.) զիջելով միայն Թբիլիսիին ու Բաքվին:

Խորհրդային իշխանության հաստատվելու նախօրյակին Շուշին դառնում է ազգամիջյան արյունահեղ բախումների թատերաբեմ: 1920 թ. մարտին Լեռնային Ղարաբաղ մտած թուրքական զորքերը՝ տեղի ադրբեջանցիների հետ համագործակցած, հրդեհում են քաղաքի հայկական թաղամասը՝ շուրջ 7 հազ. տուն, և սրի քաշում հայ բնակչության մեծ մասին: Խորհրդային տարիներին Շուշիում քանակապես գերակշռել են ադրբեջանցիները, որոնք Արցախի հռչակմից հետո հեռացել են:

Այժմ Շուշին վերականգնվում է և վերագտնում իր պատմական հայկական նկարագիրը: Քաղաքում գործում են արտադրական, մշակութային, կրթական, սպասարկման, առողջարանային տարբեր հիմարկներ: Աստիճանաբար վերականգնվում է նրա նշանակությունը՝ որպես մշակութային, առողջարանային և զբոսաշրջային կենտրոնի:

Արցախի մյուս քաղաքներից Մարտունին (5,8 հազ. մարդ (2012 թ.)), Մարտակերտը (4,3 հազ. մարդ (2012 թ.)), Ասկերանը, (2,2 հազ. մարդ (2012 թ.)), Հադրութը (3,4 հազ. մարդ (2012 թ.)), Բերձորը (1,8 հազ. մարդ (2012 թ.)) և Քարվաճառը վարչական շրջանների կենտրոններ են: Քաշաթաղի վարչական շրջանում գտնվող Միջնավան և Կովսական փոքր քաղաքները, ինչպես նաև Քարվաճառը, ունեն մինչև 1000 բնակիչ:

Տնտեսությունը:

Լեռնային Ղարաբաղի բազմապիսի բնական հարստությունները և աշխատանքային ռեսուրսներ լավագույն նախադրյալներ են բազմաճյուղ տնտեսություն ստեղծելու և զարգացնելու համար: Մինչդեռ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները տնտեսության զարգացումն արգելակելու միջոցով վարում էին Ղարաբաղը հայաթափելու քաղաքականություն:

Այսպիսով՝ մի կողմից առկա էին տնտեսության զարգացման նպաստավոր նախադրյալներ, մյուս կողմից՝ ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում էին այդ նախադրյալների օգտագործմանը և նպաստում էին երկրից աշխատուժի հեռանալուն:

Արցախն իր անկախությունը ձեռք բերելու նախօրյակին դեռևս մնում էր չօգտագործված հնարավորությունների երկիր՝ ագրարային-ինդուստրիալ միակողմանի տնտեսությամբ: Բնակչության զբաղմունքի գլխավոր ոլորտը գյուղատնտեսությունն էր: Մարզը սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով հետ էր մնում թե՛ Հայաստանից և թե՛ բուն Ադրբեջանից:

Վերջին տարիներին Արցախում կայուն կերպով աճում են արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի, շինարարության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալները:

2011 թ. տվյալներով Արցախի արդյունաբերական արտադրանքի ծավալը (45,6 մլրդ դրամ) մի փոքր գերազանցում էր գյուղարտադրանքի ծավալին (39,9 մլրդ դրամ): Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 62,8%-ը բաժին է ընկնում բուսաբուծությանը, 37,2%-ը՝ անասնաբուծությանը: Համախառն գյուղարտադրանքի շուրջ 47%-ը տալիս են Մարտունու և Ասկերանի շրջանները:

Գյուղատնտեսությունը: Արցախի գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են հացահատիկի մշակությունը (31%), այգեգործությունը (մոտ10%), բանջարաբուծությունը և կաթնամսատու անասնաբուծությունը:

Վարելահողերի ընդհանուր տարածքը շուրջ 56,8 հազ. հա է, որից 53,1 հազ. հա հացահատիկի ու հատիկաընդեղենի ցանքատարածություններն են, իսկ բազմամյա տնկարկները զբաղեցնում են 4,6 հազ. հա տարածք: Բնակչության մեկ շնչի հաշվով Արցախը գյղատնտեսական հանդակների այդ տեսակներով մի քանի անգամ ավելի լավ է ապահովված, քան՝ ՀՀ-ն:

Արցախում մշակվող հացահատիկի գլխավոր տեսակն աշնանացան ցորենն է: Այն մշակում են ամենուրեք, բայց ընդարձակ դաշտերով ու բարձր բերքատվությամբ հատկապես աչքի են ընկնում Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի շրջանների հարթավայրային տարածքները:

Բազմամյա տնկարկներից պտղատու այգիները կազմում են 1,8 հազ. հա, խաղողի այգիները՝ 1,9 հազ. հա, թթենու տնկարկները՝ 0,9 հազ. հա: Խաղողագործության և պտղաբուծության գլխավոր շրջանը Մարտունու շրջանն է:

Խաղողագործությունն առաջատար ճյուղ է Արցախի դաշտային ու նախալեռնային տնտեսությունների համար: Ի տարբերություն ՀՀ-ի՝ այստեղ ավելի մեղմ ձմռան պայմաններում խաղողի վազը չեն թաղում, այդ ճյուղի վրա ավելի քիչ աշխատանք է ծախսվում և շահութաբերությունն էլ բարձր է:

Լայն տարածում ունի պտղաբուծությունը: Դրանով զբաղվում են վերընթաց բոլոր գոտիներում: Բայց գլխավոր շրջանը Մարտունին է:
Ամենրեք տարածված են խնձորն ու տանձը, իսկ ցածրադիր գոտիներում՝ նաև դեղձը, ծիրանը, թուզը, նուռը, սերկևիլը:

Այդհանդերձ, Լեռնային Ղարաբաղի համար ամենաբնորոշը թթաստաններն են: Թութն օգտագործվմ է որպես սնունդ, իսկ թթենու տերևը շերամի որդի կերն է և օգտագործվում է շերամապահության զարգացման համար: Իսկ շերամապահությունը մետաքսագործության հիմքն է:

Անասնաբուծության գլխավոր ենթաճյուղերն են տավարաբուծությունը (ցածրադիր գոտում՝ նաև գոմեշաբուծությունը), ոչխարաբուծությունը և խոզաբուծությունը: Արցախցու համար ավանդական զբաղմունք են նաև շերամապահությունը, մեղվաբուծությունն ու ձիաբուծությունը: Անասնաբուծության ճյուղերն առավել զարգացած են Մարտակերտի, Քաշաթաղի և Ասկերանի շրջաններում:

Արդյունաբերությունը: ԼՂԻՄ-ում արդյնաբերության զարգացումը եղել է թույլ և միակողմանի: Գործել են այնպիսի ճյուղեր, որոնք հենվում էին տեղի գյուղատնտեսական և անտառային հումքի վրա: Այդ ճյուղերն են սննդի, թեթև և փայտամշակման արդյունաբերությունը:

Ստեղծվել էին նաև մեքենաշինական ու շինանյութերի ոչ հզոր ձեռնարկություններ: Սակայն այդ ճյուղերի զարգացման մակարդակը շատ ցածր էր և չէր համապատասխանում մարզի ոչ բնական ու տնտեսական հնարավորություններին և ոչ էլ տեղական պահանջարկին:

Թերի էին օգտագործվում նաև լեռնային գետերի հարուստ ու էժան ջրաէներգետիկ ռեսուրսները:
Արցախը բարձր լարման էլեկտրահաղորդման գծով սնվում էր Ադրբեջանի էլեկտրահամակարգից: Դրան հակառակ՝ Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրաէներգետիկ հանգույցը (ջրամբար և ջրաէլեկտրակայաններ), մտնելով ադրբեջանական համակարգի մեջ, ուղիղ գծով չէր կապվում մարզի էներգասպառողների հետ: Այժմ այդպիսի գիծ կառուցված է: Բացի այդ, Արցախը էլեկտրահաղորդման բարձր լարման գծով միացել է Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Ներկայումս Արցախի արդյունաբերության արտադրանքի կառուցվածքում գերակշռում է հանքագործական արդյունաբերթյան բաժինը (40%): Մինչդեռ նախկինում առաջատար հանդիսացող մշակող արդյունաբերության բաժինը զգալիորեն նվազել է և կազմում է 38%: Դրա հիմնական պատճառն այն է, որ Արցախի այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Արցախի մետաքսի կոմբինատը և Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական կոմբինատը, գրեթե չեն գործում:

Ներկայումս հանքագործական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատն է, որը պղնձի խտանյութ էր մատակարարում Ալավերդու պղնձաձուլարանին: Վերջինիս գործունեությունը 2019 թ. սզկբին դադարեցվեց: Արցախում արդյունահանում են նաև տարբեր տեսակի բնական շինանյութեր:

Գորգագործությունն Արցախում հարուստ ավանդույթներ ունեցող ճյուղ է: Դրա արտադրանքը միշտ էլ արտաքին շկայում մեծ պահանջարկ է ունեցել: Հայտնի է Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկան:
Սննդի արդյունաբերությունը տալիս է մշակող արդյունաբերության շուրջ 64%-ը: Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղը գինու-կոնյակի արտադրությունն է:

Գինու-կոնյակի գործարանները տեղաբաշխված են Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունու և Մարտակերտի շրջանների մի քանի գյուղերում ու ավաններմ:
Փայտամշակման ճյուղի գլխավոր ձեռնարկությունը Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկան է: Անտառահատում և փայտամթերում կատարվում է հիմնականում Մարտակերտի, Ասկերանի ու Հադրութի շրջաններում, որտեղ կան անտառանյութի բավարար պաշարներ: Այդ շրջաններում էլ գործում են սղոցարաններ ու փայտամշակման արհեստանոցներ:

Արցախում զարգանում է նաև շինանյութերի արդյունաբերությունը: Արդյունահանում են բնական շինանյութեր, արտադրում են երեսպատման սալեր, գաջ, բետոն և այլն:
Արցախի արդյունաբերությունը տեղաբաշխված է խիստ անհամաչափ: Արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ կեսը տալիս է Ստեփանակերտը, իսկ 40%-ը՝ Մարտակերտի շրջանը՝ շնորհիվ Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատի:

Տրանսպորտը և տնտեսական կապերը: Արցախի տրանսպորտի գլխավոր տեսակն ավտոմոբիլայինն է: Երկաթուղին (Եվլախ-Ստեփանակերտ գիծը) Արցախի ներքին ապրանքաշրջանառությանն ու ուղևորափոխադրումներին չէր մասնակցում: Այն օգտագործվում էր միայն արտաքին կապերի համար, իսկ այժմ՝ չի գործում ընդհանրապես:

Ավտոտրանսպորտային ցանցի համար ներկայումս առանձնահատուկ է այն, որ Հայաստանն Ադրբեջանին կապող միջազգային ավտոճանապարհը հատում է Արցախի տարածքը՝ կենտրոնական մասով:
Ավտոմոբիլային ներքին հաղորդակցություն կա մայրաքաղաքի և բոլոր շրջկենտրոնների միջև:

Նախկինում շրջկենտրոնները, ինչպես և գյուղերն իրար կապող ճանապարհները մի շարք դեպքերում կառուցված էին այնպես, որ անպայման անցնեն Ադրբեջանի տարածքով: Դրա պատճառով ճանապարհային ցանցը նույնպես ծառայում էր ԼՂԻՄ-ը Ադրբեջանից կախյալ վիճակում պահելու նպատակին: Այժմ այդ ցանցը լրացվում ու կատարելագործվում է այն հաշվով, որ բարեկարգ ճանապարհներով ուղղակի հաղորդակցություն ապահովվի հանրապետության բոլոր բնակավայրերի հետ:

Արցախի համար կենսական նշանակություն ունի հուսալի տրանսպորտային հաղորդակցությունը ՀՀ-ի հետ, մասնավորապես Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, որը հիմնովին վերակառուցվել բարեկարգվել է: Ներկայումս բարեկարգվում ՀՀ-ն Արցախի հյուսիսի հետ կապող ավտոմայրուղին: Ավարտվել է Արցախի տարածքը հատող Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը: Այդ աշխատանքներին իր ֆինանսական միջոցներով մասնակցել է նաև սփյուռքահայությունը:

Նկատի ունենալով Արցախի քաղաքա-աշխարհագրական դիրքը՝ նրա միջազգային կապերի զարգացման համար անգնահատելի է օդային տրանսպորտի դերը: Դրա հետ կապված՝ վերակառուցվել և միջազգային չափանիշների է դարձել Ստեփանակերտի օդանավակայանը:
Զարգանում են արտաքին տնտեսական կապերը, հատկապես արտաքին առևտուրն զբոսաշրջությունը:

Արցախն արտահանում է պղնձի խտանյութ, փայտամշակման իրեր, կոնյակ, գինի, թթի օղի և գյուղատնտեսական տարբեր մթերքներ (հացահատիկ, խաղող, մրգեր, միս և այլն): Ներմուծում է վառելիք, տարբեր տեսակի արդյնաբերական և գյուղատնտեսական ապրանքներ:

Նախկինում գտնվելով Ադրբեջանի գերիշխանության տակ Լեռնային Ղարաբաղն ի վիճակի չէր արդյունավետ տնտեսական կապեր զարգացնել արտաքին աշխարհի հետ: Այդ կապերը թույլ էին հատկապես Հայաստանի հետ: Վերջինիս բաժինը ԼՂԻՄ-ի արտահանման ընդհանուր ծավալում կազմում էր ընդամենը 0.3%, իսկ ներմուծման ծավալում՝ 1%-ից քիչ ավելի:

Ներկայումս Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված տրանսպորտային շրջափակման և պատերազմական վիճակի պայմաններում նորանկախ երկրի տնտեսական կյանքն ամբողջությամբ կողմն որոշված է դեպի ՀՀ: Տեղի է ունենում հայկական երկու պետական կազմավորումների տնտեսական միասնացում՝ ինտեգրում:

 

Հավանեցի՞ք նյութը։