Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242քկմ
Բնակչությունը՝ 265․2 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր
Արմավիրի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։
Արմավիրի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։
Արարատյան գոգավորությունում գտնվող Արմավիրը տարածքով ամենափոքր, բայց առավել խիտ բնակեցված մարզն է:
Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:
Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:
Արմավիրի մարզը կազմավորվել է Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի վարչական նախկին շրջանների միավորումից: Արմավիրի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը ՀՀ-ին կապում է Թուրքիայի հետ:
Բնական պայմանները և ռեսուրսները:
Արմավիրի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։
Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ: Արմավիրի մարզում կա տուֆի, պեռլիտի և կերակրի աղի հանքավայրեր:
Հարկ է նշել, որ Ավանի աղի հանքը տարածվում է մինչև Արմավիրի շրջան և Արաքս գետ, սակայն շատերն այս մասին լռում են: Արմավիրը աչքի են ընկնում զբոսաշրջային ռեսուրսներով: Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները:
Արմավիրի մարզում հայտնաբերված են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Բնակչությունը:
Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է առաջին տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:
Արմավիրի մարզում, չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը, բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ: Բնակչության ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է: Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է:
Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը: Արմավիրի մարզում առավել խոշոր գյուղերն են Մրգաշատը (6438 մարդ /2016 թ.), Սարդարապատը (6295 մարդ /2016 թ.) և Փարաքարը (6079 մարդ /2016 թ.):
Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (28885 մարդ /2016 թ.), Վաղարշապատը (46749 մարդ /2016 թ.) և Մեծամորը (8988 մարդ /2016 թ.):
Արմավիրը (նախկինումմ՝ Սարդարապատ, ապա՝ Հոկտեմբերյան) Հայաստանի արագ զարգացող քաղաքներից է:
Մարզի ամբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է երկրի երկաթուղային գլխավոր մայրուղու և Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի ավտոճանապարհի վրա: Քաղաքում կան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, կրթամշակթային, առողջապահական և մարզային նշանակության հիմնարկներ: Ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատը:
Տնտեսությունը:
Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արմավիրի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 17%-ը (2-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզից հետո), Տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 31,7%-ը։
Արմավիրի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:
Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արմավիրը առաջին տեղն է գրավում ՀՀ մարզերից: Արմավիրը առաջին տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 85%-ը։
Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:
Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արմավիր և Վաղարշապատ քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:
Արմավիրի մարզի Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում կառուցվել են մեքենաշինական, շինանյութերի և այլ ճյուղերի ձեռնարկություններ:
Այդ ամենով հանդերձ, ՀՀ արդյունաբերության մեջ Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է: Այստեղ է կառուցված Հայաստանում և Հարավային Կովկաս տարածաշրջանում ատոմային միակ էլեկտրակայանը: Դրա կառուցման և սպասարկման համար հիմնվել է Մեծամոր քաղաքը: