Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ

with No Comments

Արագածոտնի մարզ

Տարածքը՝ 2753 քկմ

Բնակչությունը՝ 128.1 հազար (2017 թ.)

Կենտրոնը՝ ք. Աշտարակ

 

Սահմանները, աշխարհագրական դիրքը:

Արագածոտնը ՀՀ-ի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին:

Այն կազմավորվել է Աշտարակի. Ապարանի, Թալինի և Արագածի նախկին վարչական շրջանների միավորումից: Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից:

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Արագած լեռնագագաթի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքն արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:

Արագածոտնի մարզը հյուսիսից հարավ ձգվում է 50, իսկ արևմուտքից արևելք՝ 75 կմ: Արագածոտնի տարածքով անցնում են համապետական նշանակության 3 ավտոճանապարհներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի:

Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում: Մարզն օգտվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում:

Բնական պայմանները և բնական հարստությունները:

Արագածոտնի մարզը զբաղեցնում է Արարատյան դաշտից մինչև Արագածի լեռնագագաթ՝ 950-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունների միջև ընկած տարածքը: Արագածոտնում հանդիպում են ՀՀ-ի վերընթաց լանդշաֆտային բոլոր գոտիները. անապատակիսաանապատային, տափաստանային, ալպյան, ձյունամերձ:

Մարզի մակերևույթի մեծ մասը ծածկված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներով: Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները:

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի ջրային հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով:

Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը, հաճախ վարարելով, մեծ վնաս է հասցնում ցանքատարածությններին: Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը:

արածքի մակերևույթի բացարձակ բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ մարզի կլիման նույնպես բազմազան է: Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները:

Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է +24°C-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի անցնում +6°C-ից: Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի:

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ: Մարզի տարածքի մեծ մասը զբաղեցնում են տափաստանային լանդշաֆտները, որտեղ տարածված են շագանակագույն հողերն ու սևահողերը:

Արագածոտնի բարձրլեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:

Մարզի տարածքում օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են: Դրանք հիմնականում հրաբխածին ապարատեսակներն են. բազմագույն տուֆերը (Աշտարակ, Բյուրական), պեռլիտը (Արագածավան), բազալտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ:

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով: Արագածոտնը ՀՀ-ում առանձնանում է զբոսաշրջային-ռեկրեացիոն ռեսուրսներով: Այստեղ շատ են ոչ միայն բնական, այլև պատմա-ճարտարապետական հուշարձանները:

Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը և վրան կառուցված եկեղեցին (V դ.): Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում:

Հայտնի են հատկապես Ամբերդի ամրոցը, Աշտարակի կամուրջը, Թալինի քարավանատունը (XIII-XIV դդ.), Սաղմոսավանքը (XIII դ.): Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:Հանգստի և ժամանցի կազմակերպման լայն հնարավորություններ կան Քասաղի ձորի Աշտարակի հատվածում:

Բնակչությունը և բնակավայրերը:

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները:

Բնակչությունն ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում: Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել:

Բնակչության տարաբնակեցման ներկայիս պատկերը ձևավորվել է հիմնականում վերջին հարյուրամյակի ընթացքում, երբ նախկինում եղած բնակավայրերի կողքին նոր յուրացված հողերի շրջաններում ստեղծվեցին մի շարք նոր բնակավայրեր: Արագածոտնը ՀՀ ամենագյուղաբնակ մարզն է:

Բնակչության շուրջ 77%-ն ապրում է գյուղերում: Բնակավայրերի (120) և բնակչթյան ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է 900-1500 մ բացարձակ բարձրությունների համեմատաբար հարթ ու մեղմաթեք տարածքներում, թեև մարզի հյուսիսային մասում կան զգալի թվով բարձրլեռնային գյուղեր, որոնք իրենց մեծությամբ մի քանի անգամ զիջում են ցածրադիր գոտու գյուղերին:

Մարզի բոլոր գյուղերը, որպես օրինաչափություն, թաղված են արհեստական անտառների մեջ: Արագածոտնում են հիմնականում կենտրոնացած Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները:

Նրանք բնակվում են ինչպես խառը՝ հայերի հետ միասին, այնպես էլ՝ առանձին, մեծամասամբ՝ բարձրլեռնային գյուղերում: Եզդիաբնակ գյուղերի բնակչթյան հիմնական զբաղմունքը արոտային անասնապահությունն է: Մարզի առավել խոշոր և հայտնի գյուղերն են՝ Օշականը (5977 մարդ (2016 թ.)), Արագածավանը (6163 մարդ (2016 թ.)), Բյուրականը (4750 մարդ (2016 թ.)), Կարբին (4452 մարդ (2016 թ.)): Մարզի ամենամեծ բնակավայրը մարզկենտրոն Աշտարակ քաղաքն է (18005 մարդ (2016 թ.)):

Այն ՀՀ գեղատեսիլ բնակավայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտին, Քասաղ գետի կիրճի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100 մ բարձրության վրա:

Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորթյան վրա՝ Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ ճանապարհները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով:

Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը՝ մեր օրերում: Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995 թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչական, տնտեսական, կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառույթ:

Քաղաքում, բացի մարզային կառավարման մարմիններից, կան գիտական հաստատթյններ, արդյնաբերական ձեռնարկություններ, կրթական, մշակութային, առողջապահական հիմնարկներ:

Արագածոտնի մարզում քաղաքային բնակավայրեր են նաև՝ Ապարանը (6291 մարդ (2016 թ.)) և Թալինը (4753 մարդ (2016 թ.)):

Տնտեսությունը:

Արագածոտնի տնտեսության զարգացման վրա ազդող գործոններից հարկ է առանձնացնել հատկապես երկուսը՝ բնական պայմանների բազմազանությունը՝ կապված վերընթաց լանդշաֆտային գոտիականության հետ, և մայրաքաղաքին մոտ լինելը:

Մարզի տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է: Արագածոտնին բաժին է ընկնում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 9,6%-ը, իսկ արդյունաբերությանը՝ ընդամենը 2,2%-ը:

Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 217,9 հազ. հա (մարզի տարածքի շուրջ 80%-ը) որից վարելահողերը՝ 54,2 հազ. հա: Գյուղատնտեսությունը վերընթաց տարբեր բնական գոտիներում մասնագիտացման տարբեր ուղղություններ ունի:

Ստորին գոտն բնորոշ են խաղողագործությունն այգեգործությունը, միջին գոտն՝ հացահատիկային տնտեսությունը և անասնապահությունը, իսկ վերին գոտուն՝ արոտային անասնապահությունը: Մարզի տարածքի ստորին և միջին գոտիներում բուսաբուծության զարգացման հիմնական պայմանը հողաբարելավումն է, մասնավորապես՝ արհեստական ոռոգումը և քարամաքրումը:

Ոռոգովի հողագործությունը լայն տարածում գտավ վերջին տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին մարզի գլխավոր մայր ջրանցքները՝ Արզնի-Շամիրամի (սնվում է Հրազդան գետից) և Թալինի (սնվում է սահմանային Ախուրյան գետից), ինչպես նաև Ապարանի ջրամբարը:

Արհեստական ոռոգումը և քարամաքրումը հնարավորություն տվեցին բարձրության միջին գոտում յուրացնել նախկինում անմշակ հազարավոր հեկտար հողատարածություններ, որոնք հայտնի էին ղռեր անունով, վերածելով դրանք այգիների և հացահատիկի, կերային մշակաբույսերի բանջարեղենի դաշտերի:

Վերին գոտու գյուղատնտեսության գլխավոր ուղղությունը՝ արոտային անասնապահությունը, զարգանում է ալպյան և մերձալպյան հարուստ մարգագետինների բազայի վրա: Ամռան ամիսներին անասունների հոտերի հետ այստեղ է բարձրանում նաև ցածրադիր գոտիների բնակչության մի մասը, և Արագածի գրեթե անմարդաբնակ բարձրադիր լանջերը ծածկվում են ժամանակավոր բնակատեղիներով՝ ամառային յայլաներով:

Այստեղ էլ կազմակերպվում են անասունների արոտը և կութը: Արագածոտնի մարզի արդյնաբերությունը զարգանում է տեղում արտադրվող գյուղմթերքի վերամշակման, ինչպես նաև շինանյութերի հանքավայրերի շահագործման հիման վրա:

Ամենազարգացած ճյուղը սննդի արդյունաբերթյունն է, որը թողարկում է տարբեր տեսակի գինիներ (Աշտարակ), կաթնամթերք (Աշտարակ, Ապարան, Թալին) և այլ արտադրատեսակներ: Թալինում է գտնվում թանկարժեք իրերի արտադրության գործարանը:

Հավանեցի՞ք նյութը։